Լրահոս
Օրվա լրահոսը

Չհանրայնացված դրվագներ` Գոհար Գասպարյանի անձնականից

Ապրիլ 15,2022 13:00

Բոլոր ժամանակներում հատկապես մեծանուն արվեստագետների ոչ միայն ստեղծագործական, այլեւ անձնական կյանքը մշտապես հետաքրքրել է հանրությանը, դառնալով խոսակցությունների առիթ։ Վերջին շրջանում «Առավոտը» հաճախ է ներկայացնում արվեստի մեծերի ինչպես ստեղծագործական կյանքը ներկայացնող անտիպ նյութեր, այնպես էլ անձնականին վերաբերող դիպվածներ, որոնք առայսօր չեն հանրայնացվել, բայց նրանց ժամանակակիցներից ոմանք կիսվում են մեզ հետ՝ բացելով փակագծեր։ Այս հարցում մեր հիմնական «գործընկերն» է արվեստաբան Սերգեյ Առաքելյանը։

Վերջերս արվեստագետների նեղ շրջանում հնչեց հետեւյալ միտքը, թե Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լեւոնյանի որդին այս տարի կդառնար 63 տարեկան, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց։ Ու քանի որ Սերգեյ Առաքելյանը Գոհար Գասպարյանի կենսագիրն է եղել, դիմեցինք նրան։

Պարոն Առաքելյանը նախ հաստատեց, որ մեծահամբավ արվեստագետներն ունեցել են որդի, հետո պատմեց հետեւյալը. «Վաստակավոր նկարիչ Հարություն Կալենցը երազում էր ստեղծել Գոհար Գասպարյանի դիմանկարը, սակայն դա իրականացնելու համար խանգարում էր երգչուհու մշտազբաղվածությունը։ Վերջապես 1959թ. Գոհարը տվեց իր համաձայնությունը, քանի որ հղի էր եւ չէր մասնակցում ներկայացումների ու համերգների։ Կալենցը եկավ նշանակված ժամին։ Մինչ ես եւ նկարիչը հարմար տեղ էինք ընտրում, իր սենյակից դուրս եկավ Գոհարը՝ գեղեցիկ դեմքին առանձնակի երանգ հաղորդող ամառային կարմիր շրջազգեստով, ձեռքին էլ իր սիրած ճապոնական հովհարն էր։ Հարությունը հիացած նրա արտաքինով, ասաց՝ «Գոհար, սիրելիս, խնդրում եմ նստես այս բազկաթոռին, չլարվես ու չհուզվես։ Երկար չեմ տանջի, հանգիստ եղիր։ Գլխավորը՝ ես գիտեմ քո ներաշխարհը, ճանաչում եմ հոգիդ։ Շատ լավ է անուշիկս, բայց ինչ-որ բան այն չէ՝ փորիկդ պետք է քողարկենք…»։

Հենց այդ պահին դանդաղ, ալարկոտ քայլերով դեպի Գոհարը եկավ իր սիրելի կատուն։ Անտարբեր նայեց մեզ ու պառկեց երգչուհու ոտքերի տակ։ Այդ պահին Կալենցը ձեռքերն իրար շփելով ուրախ բացականչեց. «Գտա՜նք, գտա՜նք, Գոհար ջան, գիրկդ առ կատվին, թող կոմպոզիցիա կստեղծվի»։ Կալենցի այդ մտքին Գոհարը հակադարձեց. «Աման, Հարություն, ձգե կատուն, չարագուշակ նշան է, վատ կանխազգացում ունեցա այս պահին»։ Բայց Կալենցը գրկեց կատվին ու դրեց Գոհարի ծնկներին՝ «այ այսպես փորիկդ կծածկվի»։ Գոհարը դարձյալ առարկեց, բայց Կալենցն անդրդվելի էր։

Արդյունքում ստեղծվեց Կալենցի աշխատանքներին բնորոշ նուրբ երանգներով ու գույներով վրձնած հիանալի դիմանկար։ Բառացիորեն օրեր անց Գոհարին տեղափոխեցին ծննդատուն, ամեն ինչ բարեհաջող անցավ, լույս աշխարհ եկավ Գոհարի եւ Տիգրանի արու զավակը, որին պապի պատվին Լեւոն կոչեցին։ Բայց հաշված օրեր անց քաղաքում կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե մահացել է Գոհարի որդին։ Մահվան պատճառի մասին վարկածներից մեկն էլ այն էր, թե դա վրեժ է…»։

Ռեպլիկին՝ իսկ ձեր վարկա՞ծը, պարոն Առաքելյանը դարձյալ իրեն չընդմիջելու նշան արեց ու շարունակեց տխուր պատմությունը. «Վարկածներից մեկն էլ այն էր, որ ծննդատանը երեխային անզգուշորեն գլխիվայր գցել են… Փոքրիկին հուղարկավորեցին Թոխմախի գերեզմանատանը, Գոհարի ծնողների՝ Միքայել եւ Արուսյակ Խաչատուրյանների կողքին»։

Դիտարկմանը՝ կարելի է պատկերացնել, թե ինչ աննկարագրելի ցավ են ապրել ծնողները, մեր զրուցակիցն ասաց. «Իսկապես անասելի ու աննկարագրելի։ Երգչուհին որդու կորստից հետո չորս տարի հրաժարվեց բեմ դուրս գալ։ Այդ լռությունը ծանր ազդեցություն ունեցավ թատրոնի ֆինանսական վիճակի վրա եւս»։

Հարցին, թե ինչպե՞ս եղավ երգչուհու վերադարձը բեմ, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը թատրոն էր ներկայացրել իր «Պարոն Մինթոեւը Փարիզում» օպերան՝ ըստ Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի եւ ասել, թե այն գրել է հատուկ Գոհար Գասպարյանին նկատի ունենալով։ Թատրոնի տնօրինությունը ստեղծեց հանձնախումբ՝ դիրիժոր Արամ Քաթանյան, ռեժիսոր Հրաչյա Ղափլանյան, խմբավար Կարո Կարապետյան, գլխավորությամբ տնօրենի՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի։ Այ, այս մեծերին հաջողվեց երգչուհուն թատրոն վերադարձնել։ Մի բան էլ՝ երգչուհու մոտ անթաքույց էր բեմ բարձրանալու տարիներ կուտակված կարոտը։ Այդ լուրը նույնպես արագությամբ տարածվեց քաղաքում։ Պատկերացնո՞ւմ եք՝ հանդիսատեսը գիտեր երգչուհու թատրոն գալու օրն ու ժամը եւ արտիստական մուտքի մոտ հավաքված դիմավորեցին նրան։ Գրկախառնվում էին երգչուհու հետ ու, բնականաբար, ոչ մի խոսք ծանր կորստի մասին։ Իսկ ներկայացման օրը դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, վաճառվել էին նաեւ մուտքի տոմսեր»։

Սերգեյ Առաքելյանը հավելեց, որ մեծանուն երգչուհու մասնակցությամբ ոչ միայն Արտեմի Այվազյանի հիշյալ օպերայի, այլեւ մի շարք ելույթներից կուտակված գումարներով թատրոնի ողջ անձնակազմին վճարեցին մի քանի ամսվա աշխատավարձ եւ, փաստորեն, թատրոնը փակեց կուտակված պարտքերը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930