Լրահոս
Օրվա լրահոսը

Վասպուրականի զարդերը նորովի են ներկայացվում

Ապրիլ 15,2022 12:30

Հոր գործը շարունակել ցանկացող Մհեր Սահակյանն արդեն տասը տարի է, ինչ զբաղվում է արծաթագործությամբ։ Ունի սեփական արհեստանոց։ Մասնագիտությամբ կլարնետահար է, բայց որոշել է ընտանեկան գործը շարունակել։

«Իմ ուսուցիչը հայրս է եղել, տեսել եմ նրա աշխատանքները եւ սովորել, բայց մայրս եւ եղբայրս նույնպես մեծ ներդրում ունեն այս գործում, սա մեր ընտանեկան գործն է եղել»,-պատմում է նա։


Մհերի ընտանիքի պատրաստած զարդերը հայկական ծագում ունեն, ստեղծվել են 18֊րդ դարի վերջում, ունեն երկու հարյուր տարուց ավելի պատմություն։ Զարդերը պատրաստվել են Վասպուրականի շրջանում։ Վարպետը, որը պատրաստել է վզնոցը, անհայտ է, չեն ճանաչում նրան, այս ամենը փոխանցվել է սերնդեսերունդ։ Միայն գիտեն, որ հայ է եղել: «Մեզ հնուց հասել են վզնոցներ, օղեր, ապարանջաններ։ Վարպետները, որոնք պատրաստել են այդ ժամանակ, ստեղծել են օրինակ՝ գոտիներ տարբեր նմուշներով, բայց երեւի նրանց մտքով չի անցել, որ կարող են տվյալ նմուշից նաեւ վզնոցներ կամ ականջօղեր պատրաստել։ Հիմա ես, օրինակ, գոտիի տվյալ նմուշից նաեւ վզնոց եմ պատրաստում եւ հակառակը՝ վզնոցի նմուշից` գոտի։ Առաջին վզնոցը պատրաստել եմ տասնմեկ տարեկանում, որը շատ ուշ է վաճառվել: Սկսել եմ կասկածել՝ միգուցե լավ չե՞մ պատրաստել, որ մարդիկ տեսնում են եւ չեն գնում, բայց հայրը վստահեցրել է՝ կգա մի օր մեկը եւ անպայման կգնի, այդպես էլ եղել է։ Շատ եմ ուրախացել, որ իմ ձեռքերով պատրաստածը տեսել եմ ինչ֊որ մեկի պարանոցին»,-ասում է մեր զրուցակիցը։


Արծաթագործ Մհերի խոսքով՝ ցանկացած մարդ կարող է այս գործով զբաղվել, բայց ստեղծագործել՝ ոչ բոլորը։ Իր աշխատանքներից հեշտ է բաժանվում, որովհետեւ տեսնում է, որ հաճախորդները սիրով են կրում դրանք. «Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց՝ դու մի օր կհոգնես այդ գործից, իմ մեջ թեթեւ կասկած առաջացավ, մտածեցի՝ միգուցե գա այնպիսի ժամանակ, որ հոգնեմ, բայց չհավատացի ու մինչեւ հիմա էլ չեմ հավատում։ Ամեն անգամ պատրաստում եմ սիրով ու հաճույքով, երբ տեսնում եմ, որ մեր հաճախորդները կրում են եւ իրենց լավ են զգում, ես էլ ինձ եմ լավ զգում»։


Հաճախորդները հիմնականում հետաքրքրվում են, թե տվյալ զարդը ինչ պատմություն ունի, Մհերն ասում է՝ մեծ սիրով պատմում են զարդերի պատմությունը, նրանց էլ է հետաքրքիր, թե ինչ են կրում: «Լինում են հաճախորդներ, որ պատվիրում են մի օրինակ եւ ցանկանում են, որ այդ օրինակից միայն իրենք կրեն, այդ պատճառով երկրորդը չեմ պատրաստում, բայց շատ դեպքերում, երբ պատրաստում եմ զարդերը, լինում են այնպիսիք, որ այնքան աննկարագրելի գեղեցկություն ունեն ինձ համար, որ կարծում եմ՝ չարժի կրկնել երկրորդը, երրորդը»,֊ ասում է նա։

Ամեն տարի նոր գործիքներ են դուրս գալիս, որոնք պետք են, որպեսզի լավ գործ ստացվի, արծաթագործ Մհերը գնում է, բայց մեծ մասամբ օգտագործում է հոր գործիքները, որոնք անգամ վերանորոգման կարիք չունեն։

Տաթև ՆԱՋԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930