Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փարիզի ու Վաշինգտոնի «սառը ցնցուղը»՝ Մոսկվայի «աճպարարությանը»

Ապրիլ 15,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Կարեւոր են գոյություն ունեցող փաստերը, ոչ թե՝ ուղղորդված մեկնաբանություններն ու տարբեր ուժերի հրահանգներով իրականացվող քարոզչությունը

Այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ազդարարեց ԵԱՀԿ ՄԽ-ի վախճանի մասին լուրը՝ մեղքի սլաքն ուղղելով դեպի Ֆրանսիա ու ԱՄՆ, բոլորովին անսպասելի չէր, որ Փարիզից ու Վաշինգտոնից պատասխանեցին Մոսկվային: Ոչ դիվանագիտական լեզվով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հասկացնել տվեցին, որ Ռուսաստանի «աճպարարությունը» տեղին չէ:

Ապրիլի 9-ին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Լուրերի» հարցմանն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը հանձնառո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին համահունչ՝ Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորման գործընթացին, արձանագրել էին, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: «Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական շփումը եւ շարունակել օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս արդյունքում առաջացած խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով եւ կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով»,- նշվել էր պատասխան նամակում։ Պետքարտուղարությունից հայտնել էին նաեւ. «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ լինել աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին այս նախաձեռնություններում, այդ թվում նաեւ՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում»։

Ապրիլի 12-ին նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն էր արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: «Արմենպրես»-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին երկկողմ ձեւաչափով եւ նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տեւական եւ համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: «Մենք ողջունեցինք Բրյուսելում ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումը, այդ թվում՝ խաղաղության բանակցությունների նախապատրաստման եւ սահմանների դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորման դրական քայլը: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշել է պետքարտուղարը՝ մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տեւական եւ համապարփակ խաղաղության հասնելու հարցում», ասվում էր ամերիկյան դեսպանության հաղորդագրությունում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից ստացել էր հետեւյալ բովանդակությամբ պատասխան. «Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Հայաստանին եւ Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ ժողովրդին, ով ձգտում է ավելի ժողովրդավարական, խաղաղ եւ պայծառ ապագայի: Ես գնահատում եմ ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ»։
Լավրովյան արձանագրումից օրեր անց Երեւան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյն: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը: «Այս համատեքստում Ռոքֆոյն եւս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում», ասվում էր գերատեսչության տարածած մամլո հաղորդագրությունում:

Այնուհետեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանը կարեւորել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ եւ մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ «ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահ երկրների միջնորդական դերը:

Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահի այցի օրերին Ֆրանսիան վերահաստատեց իր լիակատար հանձնառությունը որպես Մինսկի խմբի համանախագահ: Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը՝ ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ապրիլի 11-ին հայտարարեց երկրի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման մասին հարցի։ Որպես այդպիսին՝ Ֆրանսիան «շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու համար, եւ շարունակում է աջակցել սահմանազատմանը, տարածաշրջանի մեկուսացմանը վերջ դնելուն, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված աշխատանքներին», – ասվում էր հաղորդագրությունում։ «Այդ նպատակով ս.թ. փետրվարի 4-ին հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հետ», – հիշեցրել էր Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ տվյալ պահին աշխատանքային այցով Երեւանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը։

Անշուշտ, աշխարհաքաղաքական իրադրությունը՝ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում, մեղմ ասած, բարդ է: Իհարկե, չի բացառվում, որ Փարիզն ու Վաշինգտոնը Ռուսաստանի հետ շփումներ հաստատելու հարցում ուղղակի խուսափում են այս փուլում, եւ այս առումով, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձեւաչափով արագ բանակցություններ կազմակերպելը որոշակի բարդություններ է ենթադրում, սակայն այսօրվա իրադրությունից բոլորովին չի բխում, որ 44-օրյա պատերազմից հետո եւ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը Մոսկվան սրտատրոփ ակնկալում էր ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքների վերսկսում եւ իր մեղքը չկա այն իրողությունում, որ այդ ձեւաչափի աշխատանքները հնարավոր չէր դառնում կազմակերպել:

Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության արգելափակման հարցում հիմնական դերակատարները Անկարան ու Բաքուն են, որոնք վերջին մի քանի տարիներին բաց ու հստակ հանդես են եկել ընդդեմ այդ ձեւաչափի գործունեության՝ չխնայելով քննադատության տարբեր դրսեւորումներ ու որակումներ: Հայաստանում 2018թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանի քայլերը՝ Իլհամ Ալիեւի հետ առանձին հանդիպումներով, շփումներով, բանակցություններով՝ եւս նպաստել են ԵԱՀԿ ՄԽ-ի դերի նվազմանը, սա պաշտոնական Երեւանը պետք է խոստովանի: Բայց սխալն ուղղել հնարավոր էր, նույնիսկ հիմա այդ հնարավորությունն ի սպառ վերացած չէ, եթե ճշգրիտ ու հաշվարկված աշխատանք տարվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Թերեւս, նման թույլ հնարավորությունն է, որ դեռ որոշակիորեն անհանգստացնում է պաշտոնական Բաքվին: Փարիզի ու Վաշինգտոնի կողմից Լավրովին անուղղակիորեն հղված ուղերձներից հետո Բաքվից արձագանքը չուշացավ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր: «Հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը, թեեւ դե յուրե ուժի մեջ է, բայց դե ֆակտո այն կարելի է համարել անվավեր»: Ապա` նա հիշեցրեց, որ գործունեության 28 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող համանախագահները հարյուրավոր անգամ այցելել են Հայաստան եւ Ադրբեջան. «Արդյունքն ակնհայտ է՝ զրո: Ադրբեջանն ինքը ռազմաքաղաքական ճանապարհով լուծեց այս հակամարտությունը»: Ալիեւի խոսքով` պատերազմից ավելի քան մեկ տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբից որեւէ առաջարկ չի ստացվել. «Իսկ ներկայիս պայմաններում Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը փաստացի անգործունակ է, այս մասին արդեն խոսում են համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ այդ դեպքում խմբակային որեւէ գործունեության մասին խոսք լինել չի կարող»: Ալիեւն, ըստ էության, ակնարկել է, որ ինչ-որ առումով համամիտ է Լավրովի՝ օրերս հնչեցրած դիրքորոշմանը, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները «հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ» ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում:

Իսկ մինչեւ Փարիզի ու Վաշինգտոնի «հրաժարվելը» ո՞վ, ինչո՞ւ, կամ ավելի ճիշտ՝ ինչի՞ դիմաց չեզոքացրեց ԵԱՀԿ Մինսկի խումբն ու այսպես ասած՝ զարկ տվել եռակողմ ձեւաչափերով բանակցություններին ու փաստաթղթերի ստորագրմանը: Չէ՞ որ այս հարցը պատմական տեսանկյունից ուսումնասիրելով՝ ապագա սերունդները դատելու են գոյություն ունեցող փաստերով, ոչ թե այսօր հնչող ուղղորդված մեկնաբանություններով ու տարբեր ուժերի հրահանգներով իրականացվող քարոզչությամբ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930