Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նշաձողեր այլեւս չունենք, ունենք կարմիր գծեր ու դրանց խախտումը կբերի ողբերգության». Դավիթ Բաբայան

Ապրիլ 14,2022 23:23

«Փաշինյանին պետք է կանգնեցնել, թույլ չտալ, որ բանակցի ու միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը»,- այսօր Արցախի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը հայտարարության տեքստ էր պատրաստել:

Հակոբյանը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր հավատում ու պնդում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, պետական հանցագործներ են:

ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանն իր ելույթում ասաց, որ տպավորություն է, թե Արցախի ժողովրդին նստեցրել են դատապարտյալի աթոռին ու առանց փաստաբանի մեղադրանքներ են առաջադրում ու փորձում դատավճիռ կայացնել՝ առանց նրա խոսքը լսելու:

Նա դիմեց ՀՀ իշխանություններին ու Փաշինյանին. «Քաղաքական ճարտասանությունների ու աճպարարությունների փոխարեն հստակ հայտարարեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում, արդյոք դա նշանակում է Արցախի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում»:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նույնպես ելույթ ունեցավ եւ ասաց, որ Արցախի պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն է, որոշվում է ոչ միայն Արցախի, այլեւ հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը. «Խոսելով  Արցախի կարգավիճակի ու տարբեր նշաձողերի մասին՝ պետք է նշել, որ մենք նշաձողեր այլեւս չունենք, ունենք կարմիր գծեր ու դրանց խախտումը կբերի ողբերգության, ուրիշ ոչնչի, որովհետեւ Ադրբեջանի կազմում Արցախը մեկ ապագա ունի՝ ցեղասպանություն: Հայրենիքը կորցնելու ենք: Արցախի կորստից հետո չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու»:

Բաբայանն ընդգծեց, որ խաղաղությունը լավ գաղափար է, բայց խաղաղությունը հավասարակշռվածությունն է, որը պետք է պահպանել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասել էր, որ միջազգային հանրությունն ասում է՝ Արցախի կարգավիճակի հարցում ձեր նշաձողն իջեցրեք: Դավիթ Բաբայանն ասաց. «Այնպես չի, որ ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ է եւ մեզ պարտադրելու է։ Նույնիսկ եթե ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ լինի…մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մեզ համար դա ընդունելի չէ»։

Ըստ Դավիթ Բաբայանի, Արցախը փրկելու բոլոր հնարավորությունները կան, իսկ եթե հենց այնպես մեզ պարտված զգանք, անիծված ենք լինելու Աստծո եւ բոլորի կողմից:

Արցախի խորհրդարանի հայտարարությունը միաձայն ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930