Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանն արագ հեռացավ դատարանի շենքից, որի պատճառով չկարողացանք զրուցել նրա հետ: Իսկ Ահա Հայկ Ալումյանը Aravot.am-ին ասաց. «Դատարանը բեռը բաշխել է կողմերի միջեւ եւ պատասխանողի վրա դրել պարտականություն՝ ապացուցել այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքում քարոզարշավի ժամանակ:
Այսօրվա դատական նիստին, որպեսզի ապացուցեն, որ Ռոբերտ Քոչարյանը, իբր, թալանել է, տեսաք, թե ինչ են բերել: Մեզ, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում է, թե որտեղի՞ց են քրեական գործի տվյալները հայտնվել Նիկոլ Փաշինյանի եւ Արման Բաբաջանյանի մոտ: Երկրորդ՝ դրանք ո՞ր քրեական գործից են դուրս եկել, եւ երրորդ՝ օպերատիվ տվյալները այնպիսի տվյալներ են, որոնք կարող են հաստատվել, կարող են հերքվել: Եվ եթե 2018 թվականին այդպիսի օպերատիվ տվյալներ կային, եւ դրա հաստատումը մինչեւ հիմա դեռ չի գտել քրեական դատավարությունում, արդեն պատկերացրեք այդ օպերատիվ տվյալի հուսալիությունը ինչ աստիճանի է:
Մենք այս ամեն ինչն ենք ներկայացրել եւ դրանից բացի ասում ենք, որ եթե անգամ այդ ամեն ինչը թույլատրելի լիներ որպես ապացույց, դատարանը հիմա չի կարող հիմք ընդունելով ասի՝ այո, հենց այս տվյալների հիման վրա ես հաստատված եմ համարում, որ թալանել են: Դա պետք է լինի մանրազնին գործընթաց եւ քաղաքացիական դատավարություն իրականացնող դատարանի քննարկման հարց չէ: Ընդ որում, քրեականում էլ ընթացակարգ կա: Հիմա իրենք բերել են այստեղ եւ ասում են, թե մենք ապացուցեինք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, թե Ռոբերտ Քոչարյանը թալանել է:
Հետո այսօր լրատվամիջոցների համար մի կարեւոր բան գուցե աննկատ անցավ: Իրենք փոխեցին դիրքորոշումը: Արդեն ոչ թե ասում են՝ թալանել է, այլ՝ այս տվյալները բավարար էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը աներ գնահատողական դատողություն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը արդեն ոչ թե պնդում է, որ թալանել են, այլ գնահատողական դատողություն է անում:
Կարդացեք նաև
Հիմա Նիկոլ Փաշինյանի հասցեին այնպիսի բաներ են ասել, որ եթե գնահատողական դատողություն անենք, կարող է շատ բաներ ասվել: Սա բոլոր դեպքերում ոչ թե գնահատողական դատողություն է, այլ ակնհայտորեն ինքը պնդում է արել, ինչը այսօր փորձեցին ներկայացնել որպես գնահատողական: Այսինքն, ներկայացուցիչը ոչ թե ապացուցեց Նիկոլ Փաշինյանի ասածի ճշմարտացիությունը, որ իր վրա դրված է որպես պարտականություն, այլ սկսեց տանել դեպի նրան, թե գնահատողական դատողություն են արել:
Շատ կարեւոր մի բան եւս. գնահատողական դատողությունները վերաբերում են նրան, երբ խոսքը մի մասնավոր անձի մասին է: Իսկ երբ խոսքը վերաբերում է պաշտոնական անձի, նա պետք է խուսափի գնահատողական դատողություն անելուց, ինչը կարող է գնահատվել որպես ուղղորդում, անմեղության կանխավարկածի խախտում: Եվ երբ պարոն Գյոզալյանը հղում էր անում եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա, որը արտահայտվելու ազատությունն է պաշտպանում, ուղղակի հաշվի չէր առնում, որ այդ հոդվածը չի պաշտպանում պետական գործիչների արած հայտարարությունները: Կոնվենցիան պաշտպանում է բոլորին բացի պետությունից, պետական մարմիններից ու պետական գործիչներից: Կոնվենցիան պաշտպանում է իրենցից»,-ասաց Հայկ Ալումյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ