Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը:
Դեռեւս նախորդ տարի` Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայտ է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով:
2020 թ. մարտին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում Սյունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ «միլիարդներ են թալանել եւ այդ թալանվածը կոպեկ-կոպեկ պետք է վերադարձնեն բանակին, ՀՀ ԶՈԻ-ին, Արցախին, Հայաստանին: Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի եւ մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»: Հայցվոր կողմը զրպարտչական բնույթի է համարել նրա խոսքերը եւ պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հերքել իր հայտարարությունները եւ ոչ նյութական բարոյական վնասի շրջանակներում որոշակի գումարի հատուցում:
Կարդացեք նաև
Նախորդ նիստում դատարանը բեռը բաշխել է կողմերի միջեւ եւ պատասխանող կողմի վրա դրել պարտականություն՝ ապացուցելու այն, ինչը ասել է:
Այսօրվա նիստում Հայկ Ալումյանը դիմեց դատարանին: «Խնդրում եմ՝ ամբողջությամբ ընդունել այն, ինչ մեր կողմից ներկայացված է եղել հայցի հիմքում եւ բավարարել հայցը այնպես, ինչպես որ կա հայցապահանջի մեջ»,- ասաց նա: Բայց նաեւ ի լրումն նրա, ինչ-որ հայցի մեջ ասված է, Հայկ Ալումյանը նաեւ դիրքորոշում ներկայացրեց առանց հայցի առարկայից շեղվելու, որը հիմնականում կապված էր պատասխանող կողմի ներկայացրած փաստարկների եւ ապացույցների հետ:
Ըստ Ալումյանի, պատասխանողի ներկայացուցիչը առարկել է հայցի դեմ եւ ներկայացրել է փաստաթղթեր՝ միաժամանակ միջնորդելով՝ թույլատրել դրանք կցել գործին: «Գտնում եմ, որ միջնորդությունը անհիմն է եւ չի բխում օրենքից: Պատասխանող կողմի ներկայացրած ապացույցները չեն կարող թույլատրվել: Դրանք անվերաբերելի են այս գործի համար: Եվ դրանից բխող բոլոր փաստարկները պետք է մերժվեն»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը եւ բերեց իր պատճառաբանությունները: Դրանցից մեկն այն է, որ «Ի տարբերություն համանման առիթով նույն կողմերի միջեւ նախորդ դատական վեճի, այս անգամ պատասխանող Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց իր խոսքից, չժխտեց, որ 2020 թ. մարտի 11-ի հնչեցրած իր խոսքի այն հատվածը, որը հիմք է հանդիսացել սույն վեճի համար, վերաբերում է հենց հայցվորին: Հետեւաբար, այս փաստը կողմերի միջեւ չի վիճարկվում, որ խոսքը վերաբերվել է հայցվորին»- ասաց նա:
Նաեւ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը որպես իր արտահայտությունների համար հիմք ներկայացրել է ռուսական մի ինչ-որ կայքի, որի նույնականացումը չկա, հրապարակումից իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում կատարված արտատպություն, որն էլ իրենցից արտատպել են հայկական երկու կայքեր, Արման Բաբաջանյանի արած մի հայտարարություն եւ ԱԱԾ-ՀՔԾ միջեւ օպերատիվ տեղեկության նամակագրություն:
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը Հայկ Ալումյանի ելույթը որակեց որպես քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացների արդյունք: «Իմ հարգարժան կոլեգան, ըստ էության, ներկայացրեց մեր կողմից դատարանին ներկայացրած այն քիչ ապացույցները եւ այդ քիչ ապացույցների վրա կառուցեց իր ամբողջ ելույթը: Իսկ այն ապացույցները, որոնք որ ակնհայտորեն տեղ ունեն եւ ակնհայտորեն հիմք են եղել իմ վստահորդի կողմից կատարված արտահայտությունների համար, դրանք որպես կանոն թույլատրելի չեն, վերաբերելի չեն: Պրոցեսուալ առումով փորձեց վիճարկել, որպեսզի դա ապացույցների շարքից հանվի եւ, հաշվի առնելով ԶԼՄ-ների ներկայությունը այստեղ, ներկայացնի դատարանին եւ հանրությանը, թե տեսեք, Նիկոլ Փաշինյանը, չունենալով որեւէ փաստ, ինչ-որ թերթից մի հրապարակման հիման վրա կատարել է իր արտահայտությունները»:
Դրանից հետո Գեւորգ Գյոզալյանը ընթերցեց տեղեկություններ, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիքի անդամներին եւ նրանց հետ փոխկապակցված կամ առնչվող անձանց սեփականությանը:
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ելույթից հետո դատավոր Ալեքսեյ Սուքոյանը նիստը հետաձգեց այդ ժամին մեկ այլ դատական նիստի նշանակված լինելու պատճառով: Սակայն հաջորդ նիստի օր ու ժամ չնշանակեց, քանի որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կապված այլ դատարանի Քանաքեռի նստավայրի շենք տեղափոխվելու հետ, ԲԴԽ-ն պետք է որոշի Երեւան քաղաքի դատարանների դատավորների կոնկրետ նոր նստավայրերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ