«Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել: Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաեւ դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլեւ արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը»,- այսօր Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարության նախագիծը ներկայացրեց պատգամավոր Արթուր Մոսիյանը:
Նախագծով ձեւակերպված են պահանջները. «Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու: Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար եւ վճռականորեն կանգնել Հայաստանի ու Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին: ՀՀ ԱԺ-ի մեր գործընկերներին՝ չշեղվել 1992-ի ԳԽ-ի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից: ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որեւէ մեկին ծագող խնդիրները շահարկել՝ որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ անկախ առկա տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ»:
Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն իր ելույթում ասաց, որ 2020-ի արցախյան պատերազմը վատ առումով փոխեց բոլորի կյանքը. «Բավականին դժվար պայմաններում ենք հայտնվել: Թվում է, թե անհույս է ու հնարավորություն չկա որեւէ լուծում ապահովել, բայց դա այդպես չէ: Արցախցին դարերի ընթացքում միշտ գտել է այդ հարցի պատասխանը, դա պայքարն է»: Նա նշեց, որ արտաքին քաղաքականության ասպարեզում պետք է վերաթարմացնեն քաղաքական այն արահետը, որ ՌԴ-ի հետ գծվել է 17-րդ դարի վերջից. Ներքին քաղաքականության ասպարեզում պետք է ՀՀ-ի ժողովրդի հետ երկխոսություն սկսեն. «Համոզված եմ, որ այն ժողովուրդը, որը 91-94-ին հաղթանակ է կերտել, փոխըմբռնման պայմաններում կկերտենք մեր նորանոր հաղթանակները: ՀՀ-Արցախ-Սփյուռք մեր եռամիասնությունը պետք է դարձնեք անսասան: Համոզված եղեք, որ Արցախի հանրապետությունը ապրելու է ու Արցախ հասկացությունը դարեդար լինելու է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ