«Արցախի Հանրապետությունը մերժում է Արցախն Ադրբեջանին հանձնելու որևէ գործընթաց: Արցախի Հանրապետության 150 հազար բնակչության համար անընկալելի է Ադրբեջանի կազմում լինելու որևէ կարգավիճակ։ Ադրբեջանի հետ հարաբերման մեր հնարավորությունը միայն հարևանության ձևաչափում կարող է լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով երեկ եւ այսօր, Հայաստանի խորհրդարանում, ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարություններին:
«Պարզ է, որ Ադրբեջանն ուկրաինական ճգնաժամով պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակը և ժամանակն օգտագործելու է նոր զիջումների հասնելու համար, ուստի անհրաժեշտ է համահայկական բոլոր ռեսուրսները գործադրել որևէ կերպ չտրվելու այդ ճնշումներին։ Կառուցողականությունը երբևէ չպետք է վերածվի պարտվողականության: Մենք ունենք արձանագրված status quo, ՌԴ խաղաղապահ առաքելություն, որի պայմաններում առկա է Արցախի Հանրապետության փաստացի անկախ կարգավիճակը: Դրանից դուրս գործընթացներն անընդունելի են: «Նշաձող իջեցնել» առաջարկող միջազգային հանրությունը քաջատեղյակ է հակամարտության պատճառներին և խնդիրներին: Նույն միջազգային հանրությունը մինչև 2021 թվականը Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց էր արձանագրել: Հռետորական հարց է առաջանում. ի՞նչ է փոխվել».- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության քաղաքական օրակարգում միասնական դիրքորոշումը և պահանջը միջազգային հանրությունից չի փոխվել: Այն է՝ հարգել և ճանաչել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ