Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված առաջին դասընթացի ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։ Այն կազմակերպվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից. «Ծրագիրը շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ Երեւանից դուրս է, այսինքն հիմնական շեշտը դրվելու է մարզերում: Աշխատում ենք հրաշալի հայ երիտասարդների հետ՝ 15-29 տարեկան: Ուղղակի ավանդական եղանակով դժվար է առաջ գնալ հատկապես մարզերում եւ հատկապես երիտասարդների հետ: Չենք մոռացել նաեւ մեր կանանց, աղջիկներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց ամեն կերպ կփորձենք բարձրացնենք նրանց ներգրավվածությունը դասընթացներում»,- ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
5 ամիս տեւողությամբ դասընթացն իրականացվել է Վանաձորում գործող հոլանդական ArchiDutch ճարտարապետական ընկերության հետ համատեղ մշակված կրթական ծրագրով: Այն հնարավորություն է տվել մասնակիցներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ, հաղորդակցման եւ թիմային հմտություններ: Իսկ արդյունքում՝ դասընթացի 11 մասնակիցները ArchiDutch ընկերությունից ստացել են աշխատանքի առաջարկ։
Կարդացեք նաև
ArchiDuch ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարինե Աբրահամյանի խոսքով՝ իրենք Վանաձորում ունեցել են աշխատուժի զարգացման խնդիր. «Այն կրթական ծրագիրը, որ կա Վանաձոր քաղաքում կամ մարզերում, ըստ իս չի համապատասխանում արդի պահանջներին, հատկապես այն գործատուների պահանջներին, ովքեր սպասարկում են արտաքին շուկան»,- ասաց Կարինեն, ապա շարունակեց, նշելով, որ այս ծրագրի շրջանակներում կարողացան գտնել բոլոր պահանջներին համապատասխանող աշխատակիցներ. «Լավագույնս կարողացանք ֆիլտրել այն դիմորդներին ու մասնակիցներին, ովքեր ունեցան հնարավորություն անցնել դասընթացները: Մի խոսքով ունենք 11 պատրաստ աշխատակից, ովքեր որ պետք է սպասարկեն նաեւ արտաքին շուկան»:
Մասնագիտությամբ տնտեսագետ Էլեն Մաշակարյանը դասընթացի շրջանակում ձեռք է բերել եւս մեկ մասնագիտություն, այժմ աշխատում է որպես նախագծող. «Այս դասընթացները հնարավորություն էին հատկապես ուսանողների համար, քանի որ այն մարդիկ, ովքեր այս ոլորտում չկային, կարողացել են հիմնական գիտելիքներ ձեռք բերել եւ դառնալ հմուտ մասնագետ: Սա շատ լավ հնարավորություն է հատկապես մարզերի համար, քանի որ բոլորս էլ գիտենք, որ բոլոր ոլորտներում հիմա կենտրոնացումը Երեւանում է: Եվ շատ ուրախ եմ, որ «Ձեռնարկությունների ինկուբատորը» հնարավորություն է տալիս երիտասարդներին, որպեսզի աշխատուժն ավելի շատ կենտրոնանա մարզերում»:
Դիանա Վարդումյան նույնպես ծրագրի մասնակիցներից է, իսկ հիմա հարազատ քաղաքում ունի նաեւ աշխատանք. «Սա մեծ հնարավորություն է ուսանողներին համար, որ սովորելու հետ միասին նաեւ աշխատանք ունենան: Բոլոր ծրագրերն այս պահին կենտրոնացած է Երեւանում, իսկ սա մեծ հնարավորություն էր մեր երիտասարդների համար»:
Նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում 10 հազար երիտասարդների եւ կանանց տալ հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները, դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ