Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրել էր, որ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով իր նկատմամբ հարուցված քրգործի մի մասը կարճվել է, իսկ մյուս մասն ուղարկվել դատարան։
Ըստ նրա, նախաքննական մարմինը ԱԺ ՔՊ-ական պատգամավորներին ուղղված «քեմալական սովածներ» արտահայտությունը վիրավորանք չի համարել, քրգործ հարուցել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին հասցեագրված «ապուշ» արտահայտության համար ու ուղարկել դատարան։
Կարապետ Պողոսյանը մեզ տված հարցազրույցում անդրադարձել էր նաև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին՝ ասելով․ «Մարտի 23-ին հարուցվում է քրեական գործ, մարտի 28-ին, այսինքն՝ գործն արդեն հարուցված վիճակում, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքում մեջբերումներ է անում իմ տված բացատրությունից։ Այստեղ խախտվել է նախաքննական գաղտնիքը։ Ճիշտն ասած, ես այս հարցը բարձրացրել եմ, ու Գոռ Աբրահամյանը պարտավոր է ներկայացնել քննիչի կամ նախաքննություն իրականացնող այլ պաշտոնյայի գրավոր թույլտվությունը, որ ինքը դա հրապարակեր։ Վստահ եմ, որ Գոռ Աբրահամյանը դա չի կարող ներկայացնել։ Սա իր հերթին խոսում է իմ հանդեպ կարված քաղաքական պատվերի մասին»։
Aravot.am-ի հետ զրույցում Գոռ Աբրահամյանն ասաց, որ ոչինչ չունի արձագանքելու նման մակերեսային մեկնաբանություններին: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Կարապետ Պողոսյանը հենց ինքն է իր գրառմամբ նշել իրավապահ մարմիններին չվստահելու մասին, հետևաբար նախաքննական գաղտնիք հայտնելու մասին մեկնաբանություններն անտեղի են:
Կարդացեք նաև
«Մնացած պնդումներին արձագանքելը նույնիսկ անլուրջ եմ համարում»,-ասաց Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Կարապետ Պողոսյանը մարտի 29-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով փաստաթղթեր, որոնք պարունակում էին Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ․ Մուրադյանի կողմից հետաքննական մարմնին հայտնած իր բացարկը մերժելու մասին որոշումը, գրել էր․
«ՀՀ գլխավոր դատախազություն, ապե՛ր, դուք պարա՞պ եք։
Վերջին անգամ ոստիկանությունում հրաժարվեցի բացատրություն տալ, օգտվելով իմ Սահմանադրական իրավունքից, միևնույն ժամանակ հայտարարել եմ, որ չեմ վստահում իրավապահ մարմիններին։
Շիրակի մարզի դատախազ Մուրադյանը, վեց էջ մրոտել է, ինձ իրավունք բացատրելու համար, ու վերջում նշել, որ իմ բացարկը մերժված է…
ՀՀ գլխավոր դատախազություն, ընկեր, դուք հայտարարությունը և բացարկը իրարից չեք տարբերում, առհասարակ դուք պարա՞պ եք։
Հ.Գ
Ելնելով հայրենիքիս նկատմամբ անսահման սիրուց, սույն թվականի ապրիլի 1-ին և 2-ին կազմակերպում եմ անվճար թրեյնինգներ նորաթուխ դատախազների համար…»։
Կարապետ Պողոսյանի այդ գրառման տակ արձագանքել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ գրելով․ «Պարոն Պողոսյան, ստիպված եմ արձագանքել, քանի որ կոռեկտ չէ Ձեր մեկնաբանությունը դատախազության հասցեին:
Դուք ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հրաժարվել եք լրացուցիչ բացատրություն տալուց՝ նշելով, որ ՀՀ ոստիկանության նկատմամբ վստահություն չունեք:
Բովանդակային իմաստով դա հենց բացարկ է՝ անկախ նրանից դա արտահայտվում է հայտարարությա՞ն, թե՞ միջնորդության միջոցով: Եվ այդ իմաստով դատախազի կողմից որոշմամբ տրված մեկնաբանությունը լիովին իրավաչափ է՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մինչդատական վարույթի շրջանակներում բացարկի հարցը լուծում է քննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կամ վերադաս դատախազը:
Եթե Դուք դատավարական փաստաթղթերին, դրանց կազմելուն մոտենում եք «թուղթ մրոտելու» տրամաբանությամբ և գտնում եք, որ դա կարող է ծաղրի առարկա լինել, ապա դատախազությունը, տվյալ դեպքում որոշումը կայացրած դատախազը, այդպես չի կարծել և շատ լուրջ է մոտեցել ոչ միայն իր լիազորությունների իրականացմանը, այլև նման հայտարարություն արած քաղաքացուն և նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը: Այնքան լուրջ է մոտեցել, որ ժամանակ է ծախսել մանրամասն, ինչպես դուք եք նշում, 6 էջ պարզաբանելու բոլոր հիմքերը:
Ընդ որում՝ դատախազությունը ձգտում է նման վերաբերմունք դրսևորել առհասարակ բոլոր դեպքերում և հայտարարությամբ հանդես եկող քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանից, մասնագիտությամբ իրավաբա՞ն են, թե՞ ոչ:
Սա մարդու նկատմամբ պրոֆեսիոնալ հարգանքի դրսևորում է, որը պահանջում է համարժեք վերաբերմունք: Ցավում եմ, որ տվյալ դեպքում Ձեր կողմից ոչ միայն այդ վերաբերմունքը չի արտահայտվել, այլ նաև Ձեզ թույլ եք տվել օգտագործել իրավաբանի կոչմանն անհարիր ոչ կոռեկտ, նույնիսկ ժարգոնային լեքսիկոն:
Հ.Գ. Ի դեպ, ափսոսում եմ, որ դատախազությունը չունի բարեկրթության, էթիկայի անվճար թրեյնինգներ կազմակերպելու լիազորություն առանձին գործընկերների համար, թե չէ սիրով դա կիրականացներ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ