Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած մրցակցության առավելություններին՝ հակամրցակցային գործողությունները դեռեւս տարածված են. Անուշ Բեղլոյան

Ապրիլ 14,2022 21:01

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մեր երկրի կարեւորագույն կարգավորող մարմիններից է, որի բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքն ուղղակիորեն նպաստում է  երկրի տնտեսական զարգացմանը. այս մասին ասել է Անուշ Բեղլոյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

Անուշ Բեղլոյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը:

Թեկնածուի համոզմամբ՝ մրցակցությունը խթանում է նորարարությունը, արտադրողականությունը եւ նպաստում արդյունավետ բիզնես միջավայրի ստեղծմանը, մեծացնում երկրի ներդրումային գրավչությունը՝ ապահովելով ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա ներդրումներ, օգուտ բերելով սպառողներին:

Անուշ Բեղլոյանի կարծիքով՝ չնայած մրցակցության առավելություններին՝ հակամրցակցային գործողությունները երկու հիմնական պատճառներով դեռեւս տարածված են: Առաջինն արմատացած գործարար վարքագիծն է, որը զսպում է մրցակցությունը, իսկ երկրորդը՝ պետության նորմատիվ կարգավորումներն են կամ շուկաների միջամտությունը, ինչը ծանրաբեռնում է եւ բացառում մրցակցությունը: Նա հավաստիացրել է, որ այս խնդիրներն իր գործունեության առանցքում են լինելու: Թեկնածուն կարեւորել է մտավոր սեփականության ինստիտուտի պաշտպանությունը:

Ելույթի ավարտին Անուշ Բեղլոյանը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում լինելու է անաչառ, ընթացիկ վարույթների վերաբերյալ որեւէ հրապարակային մեկնաբանություններ չի տալու, լսելու է վարույթների բոլոր կողմերին, վարչական վարույթն իրականացնելու է արդյունավետ եւ ժամանակին: Նրա խոսքով՝ ընդունելու է որոշումներ, որոնք հավասարաչափ են եւ՛ տնտեսվարողի վարքագծի, եւ՛ պատճառած վնասի բնույթին, աշխատելու է թափանցիկ՝ հրապարակային դարձնելով վերահսկողության արդյունքները:

Քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Անուշ Բեղլոյանը 66 կողմ ձայնով ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Թեկնածուի ներկայացման համար ձայնը պետք է տրվեր պատգամավոր Հայկ Մամիջանյանին, ով դահլիճում չէ: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հարցի քննարկումը հետաձգվել է:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930