Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մարմինները, քաղաքական ուժերը չեն միջամտել ՀՌՀ-ի բնականոն աշխատանքներին. Տիգրան Հակոբյան

Ապրիլ 14,2022 20:01

Իշխանությունները հավատարիմ են մնացել խոսքի եւ մամուլի ազատության երաշխավորը լինելու իրենց պարտավորություններին: Այս մասին են վկայում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները, հարցումները եւ մեդիամասնագետների կարծիքները: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկման ժամանակ:

Ըստ նրա` 2021թ. կառույցի համար եղել է ամենածանր, ամենահագեցած ու պատասխանատու տարին: Հանձնաժողովը փոքրաթիվ աշխատակազմով կարողացել է մեծածավալ աշխատանք կատարել: Առաջին անգամ անցկացվել է լիցենզավորման 12 մրցույթ` ուղիղ հեռարձակմամբ եւ 54 նիստ:

Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն` 2018թ.-ի համեմատ 2021թ. Հայաստանը 17 կետով բարելավել է իր դիրքերը` 180 պետությունների շարքում զբաղեցնելով 60-րդ տեղը: Հաշվետու ժամանակահատվածում 2020թ.-ի համեմատ Հայաստանը 2 կետով զիջել է դիրքերը, որի պատճառը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, կապված է լրագրողների նկատմամբ դատական գործերի ավելացման հետ: Սակայն, հանձնաժողովի կարծիքով, հաճախ օտարերկրյա կազմակերպություններն իրենց գնահատականները տալիս են` հիմնվելով իրենց երկրների օրենսդրական կարգավորումների, փորձի, ավանդույթների, քաղհասարակության զարգացման մակարդակի վրա եւ հաշվի չեն առնում տվյալ երկրի առանձնահատկությունները:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո որոշ հեռարձակող լրատվամիջոցների բովանդակության անբաժանելի մաս են դարձել ապատեղեկատվությունը, ատելության խոսքը, կողմնակալությունը, սպառնալիքները եւ այլն: «Այդ լրատվամիջոցների վերափոխումը որպես որոշ քաղաքական ուժերի եւ ֆինանսատնտեսական խմբավորումների քարոզչական գործիք` առավել նկատելի էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ»,- ընդգծել է Տիգրան Հակոբյանը:

Հաշվետու տարում ապահովված է եղել հանձնաժողովի գործունեության անկախությունը, որոշումների կայացման ինքնուրույնությունը: Պետական մարմինները, քաղաքական ուժերը չեն միջամտել կառույցի բնականոն աշխատանքներին:

Եվրախորհրդարանի փորձագետների կողմից պատրաստված` «Հայաստանի մեդիատիրույթի պահանջների գնահատումը» զեկույցում նշվել է, որ քաղաքական ղեկավարությունը չի միջամտում կարգավորման գործընթացներին եւ հանձնաժողովը գործունեության նշանակալի ազատություն ունի: Նման գնահատական, ըստ հանձնաժողովի նախագահի, հնչել է առաջին անգամ, ինչը շատ կարեւոր է:

2021թ. առաջին անգամ բոլոր մարզերն ունեցել են տեղական հեռուստատեսություններ: Հայկական հեռուստաընկերություններում հայերենով հաղորդումներն ավելացել են` կազմելով 81 տոկոս:

Կառույցի ղեկավարը խոսել է նաեւ ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930