Ապրիլի 14-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը:
Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջերս Ալմաթիում նշված ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր՝ գնահատելու կատարված աշխատանքը եւ նախանշելու հետագա զարգացման հեռանկարները: ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ Միջխորհրդարանական վեհաժողովը շարունակելու է մնալ խորհրդարանական հեղինակավոր հարթակ, որտեղ մշակվում են կառուցողական մոտեցումներ եւ ընդունվում հավասարակշռված որոշումներ՝ ի շահ անկախ պետությունների համագործակցության: Խորհրդարանի փոխնախագահի գնահատմամբ՝ վեհաժողովի շրջանակում հետագա համատեղ աշխատանքն ընթանալու է փոխըմբռնման եւ փոխլրացման մթնոլորտում:
Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ուշադրության արժանանան արդիական խնդիրները եւ ընդհանրացվի ԱՊՀ մասնակից պետություններում գործող պրակտիկան:
Օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը, իրականացվել են ԱՊՀ անդամ պետությունների ոլորտային մոդելային օրենսդրության մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ