Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայեք, մենք ծով չունենք, եկեք մի հատ էլ որոշում կայացնենք, որովհետեւ ժամանակին ունեցել ենք ծովից ծով Հայաստան…Ինչ-որ մի օգուտ տվե՞լ է այդ փաստաթուղթը՝ բացի վնասից». Խաչատուր Սուքիասյան

Ապրիլ 14,2022 18:25

«Երեկ Փաշինյանը չի ասել Արցախը հանձնում եմ, տարբեր մեկնաբանություններ են: Արցախը ոչ մեկը չի կարող հանձնել: Արցախի հայությունը դա մենք ենք, մեր եղբայրներն են, Արցախը կայուն կմնա, ուղղակի միջազգային այն պահանջները, որոնք ձեւակերպված են արդեն 30 տարի, մենք չեք կարողանում այդ պահանջներից գերտերությունների, հզոր պետությունների շեղենք: Իրենք հստակ դնում են այն նորմերը, որոնք գոյություն ունեն: Մենք փոքրիկ պետություն ենք, պետք է ճկուն լինենք ու չվտանգենք մեր պետությանը բնակչությանը, որ կարողանանք զարգանանք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Նա այլ փոքր երկրների օրինակը բերեց, ինչպես են զարգացել ու իրենց խոսքը թելադրել. «Այս ճանապարհն ավելի իրատեսական է, քան ամեն անգամ բոլոր հետ կռվել, ամեն անգամ ավելի մեծ պահանջներ դնել, բայց ոչինչ չստանալ: Վերջին հաշվով ամենալավ ապացույցը նա է, որ շատ տաղանդավոր մարդիկ տարբեր պաշտոններում եղել են ե՛ւ դիվանագիտության մեջ, ե՛ւ պետականաշինության, կառավարել են տնտեսությունը, կառավարությունը, ամեն ինչ, բա ինչո՞ւ չի ստացվել իրենց մոտ թեկուզ մեկ քայլ առաջ գնալ: Չի եղել դա, ոչ մի փաստաթղթում չկա»:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի կազմում Արցախն անվտանգ լինի՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Քանի որ արդեն 30 տարվա խնդիր ունեցող ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին է խոսքը գնում, այնպիսի գործիքների երաշխիք պետք է լինի, որ Արցախը որպես այդպիսին չլինի ինչպես որ ադրբեջանական այլ համայնքներ են: Արցախը ժամանակին ունեցել է կարգավիճակ ու կարծում եմ, այսօր պետք է հմուտ ձեւով աշխատել: Այդ կարգավիճակը թե ինչպիսին կլինի՝ այսօր աշխարհում մի քանի կարգավիճակ ունեցող տարածքներ կան, որոնք մինչեւ անգամ 2 երկրի իրավունքների շրջանակում են: Թե ընթացքում միջազգային կազմակերպությունները որ տարբերակը կընտրեն, ես կարծում եմ, որ մենք պետք է կայուն լինենք, ցանկացած պահի համախմբվենք իշխանության շուրջը, որ կարողանանք առավել ցանկալի փաստաթղթերի արդյունք գրանցենք»:

Այն, որ Արցախի իշխանությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ Սուքիասյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն պետք է դեմ լինի: Ցանկացած իշխանություն պետք է ձգտի, որ անկախ լինի, բայց պետք է իրողությունների հետ նույնպես հաշվի նստի, իր հասարակության հետ թափանցիկ լինի, տեղեկացնի բոլոր խնդիրների մասին, որ հասարակությունը հասկանա ու իր իշխանության կողքին կանգնի»:

Ճշտմանը՝ կարող՞ ենք ասել, որ Հայաստանի իշխանությունը Արցախի իշխանությանն ընդդիմանալով է այդ որոշումը կայացնում՝ Սուքիասյանը պատասխանեց, որ թավշյա հեղափոխությունից հետո Արցախի իշխանությունները բավականին բարձր ինքնավարություն են ունեցել ու ՀՀ իշխանությունների հետ հարաբերվել բոլորովին այլ մակարդակով:

Հարցրեցինք՝ 90-ականներին ԳԽ-ն ընդունեց որոշում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա մենք այդ որոշման հետ ի՞նչ ենք անելու, ծալելու ենք դնենք դարակո՞ւմ,վերանայելո՞ւ ենք՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Նայեք, մենք ծով չունենք, եկեք մի հատ էլ որոշում կայացնենք, որովհետեւ ժամանակին ունեցել ենք ծովից ծով Հայաստան: Այդ ամեն ինչը պետք է միջազգային կառույցների տրամաբանության մեջ լինի: Իհարկե, նման որոշումներ կարող ենք կայացնել, հիմա էլ կարող ենք կայացնել, բայց դա կվնասի: Հնարավոր է դա այնպիսի մի վիճակ է եղել, մի խումբ մարդիկ միգուցե այդ հարցը բարձրացրել են ու վիճակն այնպիսին է եղել, որ քվեարկել են ու քվեարկության ժամանակ էլ հասկացել են, որ դա այդ փաստաթղթով ոչինչ չի փոխվում: Ինչ-որ մի օգուտ տվե՞լ է այդ փաստաթուղթը՝ բացի վնասից»:

Այսինքն, մենք որոշում կայացնո՞ղ չենք՝ նա պատասխանեց. «Վարչապետը շատ լավ այսօր ներկայացրել է այդ հնարավորությունների շրջանակը: Ժողովրդավարություն, ավելի հզոր տնտեսություն, գիտակից քաղհասարակություն, դրանք գնահատվում են միջազգային հանրության կողմից: Եվ այդ ադեկվատության աստիճանը շատ կարեւոր է, մարդը ճի՞շտ է գնահատում, թե՞ ոչ: Այդ մանիպուլյացիաներն այս դեպքերում չեմ կարծում, որ դրանց կարիքը կա: 30 տարի գիտեք ինչ…երգերը լավ է, որ լսում ենք, բայց դրանք մեզ ոչինչ չեն տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930