Կարելի է ասել, որ հանձնաժողովի գործունեությունն օրենսդրական տեսանկյունից դրվել է նոր որակական հիմքերի վրա, իսկ ընթացիկ գործունեությունը նոր որակ է ստացել, եւ հասարակությունը բավական իրազեկվածություն ունի, քանի որ արդեն բավական մեծ է հաղորդումների թիվը: Սա վկայում է այն մասին, որ մարդիկ գիտեն՝ ուր դիմել. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ընդգծել է թեկնածու Տիգրան Մարկոսյանը:
Ելույթում թեկնածուն անդրադարձել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այն հիմնահարցերին, որոնք լուծման կարիք են ունեցել, երբ ինքը ժամանակին առաջադրվել էր հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար: Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է այդ հիմնահարցերի լուծման ուղղությամբ հանձնաժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել իր գործունեության ուղղություններին, ինչպես նաեւ հանձնաժողովի կատարած աշխատանքներին ու անելիքներին: Ըստ նրա՝ հանձնաժողովի գործունեությունն էապես բարելավվել է, դրա մասին վկայում են նաեւ վիճակագրական տվյալները: Անբարեխիղճ մրցակցության առումով նա նշել է, որ այդ իրավախախտումների մասով 2018թ. եղել է ընդամենը 35 վարույթ, 2019թ.՝ 57, 2020թ.՝ 46, 2021թ.՝ 79, իսկ 2022թ. այդ թիվը հասել է 50-ի: Տարեվերջին այդ թիվը կհասնի 150-ի, եթե այսպես շարունակվի: «Սա աննախադեպ աճ է»,- ընդգծել է Տիգրան Մարկոսյանը:
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Տիգրան Մարկոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, Փաստաբանների պալատի անդամ, 2019թ. առայսօր ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ է: Թեկնածուն աշխատել է Արդարադատության եւ Ֆինանսների նախարարություններում, Արդշինբանկ ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Դասախոսում է ԵՊՀ-ում, գիտական հոդվածների հեղինակ է:
Ազգային ժողով