Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ուղղակի հայտարարում է՝ առավելագույնը, որին ՀՀ-ն կարող է հույս ունենալ, դա Արցախի ինքնավար կարգավիճակն է Ադրբեջանի կազմում». Բենիամին Պողոսյան

Ապրիլ 14,2022 17:38

«Կոնկրետ՝ ինչ է նշանակում դիվանագիտական տարածություն բացել, չեմ կարող մեկնաբանել, բայց ՀՀ վարչապետն անուղղակիորեն այսօր նորից հայտարարեց՝ առավելագույնը, որ ՀՀ-ն կարող է ակնկալել, խնդրել միջազգային հանրությանը, որ նա էլ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի համաձայնի Արցախին տալ ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,-Aravot.am-ի հարցին ՀՀ ԱԺ-ում արված հայտարարության ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ դիվանագիտական տարածություն ՀՀ-ի և Արցախի համար արտահայտությունն ի՞նչ է նշանակում, այսպես պատասխանեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ինքն իր երեկվա ելույթով տարածություն բացեց ՀՀ-ի և Արցախի համար, քանի որ նախորդ շրջանի բանակցությունների ողջ գործընթացով ՀՀ-ն և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից:

Բենիամին Պողոսյան

Բենիամին Պողոսյանն այս առիթով նշեց. «Վարչապետի հիմնական ասածն այն է, որ մենք պետք է ջանքեր թափենք, խնդրենք միջազգային հանրությանը, նա էլ իր հերթին ջանքեր թափի, և գուցե Ադրբեջանի նախագահին համոզեն, որպեսզի նա՝ որպես բարի կամքի դրսևորում համաձայնի Արցախին տալ ինքնավար կարգավիճակ և հրաժարվի «ոչ մի կարգավիճակ» թեզից: Եթե դա նա համարում է դիվանագիտական ճանապարհ բացել, ուրեմն դա կարող ենք այդպես կոչել»:

Մեր դիտարկմանը՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է դիմենք միջազգային հանրությանը, մյուս կողմից էլ պնդում, թե ճանապարհ է բացում նրա համար, որ մենք որոշելու իրավունք վերադարձնենք, մեր ժողովրդին «մատաղացու գառան կարգավիճակից» դուրս բերենք, այստեղ հակասություն չկա՞, քաղաքագետը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է նշանակում «մատաղացու գառի կարգավիճակ»: Ո՞վ է ասում, որ ՀՀ-ն մատաղացու գառի կարգավիճակում էր: Առնվազն կարելի է ասել՝ գուցե հիմա է նման կարգավիճակում՝ 2020-ի պատերազմից հետո: Ի՞նչ է նշանակում՝ ունենք մատաղացու գառի կարգավիճակ: Ո՞վ էր մեզ մատաղ անում: Ինձ համար մի քիչ դժվար է դա մեկնաբանել, քանի որ այսպես ասած՝ ինձ համար հասկանալի չէ»:

Նիկոլ Փաշինյանի մյուս պնդումն այն էր, առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանխել կամ կանգնեցնել,. մենք չէինք որոշողը, պատերազմը Շուշիի համար էր: Բենիամին Պողոսյանն այս առիթով հարցրեց. «Այսինքն՝ ո՞վ էր, որ ինչ-որ մեկը որոշել էր, որ պատերազմ պիտի լինի, որ Շուշին վերցվի՞: Ինձ համար մի քիչ անհասկանալի է: Եթե պատերազմից խոսենք, հիմա բոլորս էլ հիշում ենք, ֆիքսված է համացանցում, պաշտոնական հայտարարություններում, որ ՀՀ կառավարությունը 2020-ի գարնանը հայտարարեց, որ մինչև 2018-ը ներկայացված բոլոր տարբերակները ՀՀ-ն մերժում է՝ և՛ ԵԱՀԿ-ի ներկայացված համատեղ առաջարկները, և՛ ռուսական կողմի ներկայացվածները: Հասկանալի է, որ ՀՀ-ն, դա մերժելով, ուղղակի հնարավորություն էր տալիս Ադրբեջանին լեգիտիմացնելու հարձակումը ՀՀ վրա՝ հայտարարելով որ ՀՀ-ն ամեն ինչից հրաժարվում է, հետևաբար, եթե բանակցություններ չկան, հարկադրված ենք դիմել պատերազմի: Մնացածն արդեն, ինչպես ասում են, մեկնաբանություններ և արդարացումներ են»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանի թողած բանակցությունների տրամաբանությունը մինչև վերջ տանեին, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեին: Բենիամին Պողոսյանը փաստեց՝ կային առաջարկություններ տարբեր ժամանակներում բերված, ու ըստ նրա՝ եթե վերջին 19 տարին նայենք, դրանք հիմնականում կենտրոնացած էին կազանյան փաստաթղթի, հետագայում դրա մոդիֆիկացիաների վրա՝ այդ թվում դրա ռուսական տարբերակը ու ասաց. «Եթե վարչապետը համարում է, որ կազանյան տարբերակով կամ մոդիֆիկացված տարբերակով Արցախը պիտի հանձնվեր, հետևաբար դրա համար է ինքը մերժել, բայց հիմա հանձնում է, ուստի տրամաբանություն չկա: Այսինքն՝ տարբերակները մերժվել էին, որովհետև բերում էին Արցախի հանձնման, բայց հիմա էլ ենք մենք Արցախը հանձնում, և այդ դեպքում ինչո՞ւ ինքը չի մերժում դրանք: Կազանի փաստաթուղթը դժվար թե ենթադրի Արցախի հանձնում, հակառակ դեպքում Ադրբեջանն ինքը չէր մերժի»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս ելույթով, ըստ էության, ճանապարհ է բացում Արցախը հանձնելու համար, Բենիամին Պողոսյանը պատասխանեց. «Վարչապետն ուղղակի հայտարարում է, որ առավելագույնը, որին ՀՀ-ն կարող է հույս ունենալ, դա Արցախի ինքնավար կարգավիճակն է Ադրբեջանի կազմում, դա էլ եթե միջազգային հանրությունն Ալիևին համոզի, և Ալիևն այդքան բարեկիրթ լինի ու բարի կամք դրսևորի: Այսինքն՝ դա էլ երաշխավորված չէ»:

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ սա հասկանալու համար առանձնապես քաղաքագիտական վերլուծություններ պետք չեն. ցանկացած մարդ, որը գիտի հայերեն՝ որպես մայրենի լեզու, հասկանում է:

Իսկ թե այս հայտարարություններից հետո ի՞նչ զարգացումներ սպասել, Բենիամին Պողոսյանն առանձնապես լավատես չէ: Նա նշեց. «Եթե հենվենք վարչապետի ասածների վրա, ուրեմն ենթադրաբար առաջիկա ամիսներին պետք է ստորագրվի պայմանագիր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Եվ ՀՀ-ն հայտարարի, որ եթե Ադրբեջանը համաձայն է (գուցե այդտեղ կետ լինի) Արցախին՝ ենթադրում եմ նոյեմբերի 10-ի սահմաններով՝ այսինքն` նախկին ԼՂԻՄ-ը և 70 տոկոսը՝ առանց Հադրութի շրջանի, Մարտակերտի, Մարտունու որոշ գյուղերի, Շուշիի, տալ ինչ-որ ինքնավար կարգավիճակ: Ադրբեջանը՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ երաշխավորում է, որ ինչ-որ մշակութային ինքնավարություն ունենան այնտեղ, դպրոցներում հայերեն անցնեն; Բայց պետք է ֆիքսել, որ Արցախում կա ռուսական զորք, ուստի պարզ է՝ չեն կարող մտնել Ստեփանակերտ և ադրբեջանական անձնագրեր բաժանել: Այստեղ մի խնդիր կա: Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանագրով ֆիքսեն, որ Արցախի շուրջ որևէ խնդիր չունեն, ապա դա էականորեն կմեծացնի Ադրբեջանի և Արևմուտքի հնարավորությունները՝ պահանջելով, որ ռուսական զորքերը դուրս բերվեն Արցախից: Կասեն՝ հիմա այլևս հակամարտություն չկա, հայերն ու ադրբեջանցիները համաձայն են Արցախի և այլ խնդիրների շուրջ, հետևաբար չկա նոր պատերազմի վտանգ, ուրեմն ռուսական զորքերի մնալն անիմաստ է: Այսինքն՝ պայմանագիրը Արևմուտքի և Ադրբեջանի ձեռքին կլինի հավելյալ զենք պահանջելու ռուսական զորքերի դուրսբերում: Իսկ դա կնշանակի Արցախի հայաթափում: Քանի դեռ ռուսական զորքերն այն տարածքում են, որտեղ կան, այդտեղ հայեր կարող են ապրել, նույնիսկ դե յուրե Ադրբեջանի տարածքում: Վերջին հաշվով՝ հիմա ՌԴ-ն էլ է Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչում, բայց փաստացի Ադրբեջանը չունի վերահսկողություն այն հատվածի վրա, որտեղ ռուսներն են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930