Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջազգային հանրության հեռախոսի համարը կասե՞ք. Թեւան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի ելույթը որակում է մանիպուլյատիվ

Ապրիլ 14,2022 17:22

«Ազգային ժողովը վերածվել է Նիկոլ Փաշինյանի կուսակցության կուսակցական նիստի: Ինքը մենակ նստեց, ինչ-որ բան քննարկեց, չապահովեց այնպիսի մթնոլորտ, որպեսզի բոլորը միասին կարողանան ինչ-որ բան քննարկեն»,-անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում երեկվա ելույթին՝ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը: Այսօր «Մեդիա կենտրոնում» նա կոչ արեց «մանիպուլյացիաների» զոհ չդառնալ, այլ ազգովի ձեւավորել ազգային երազանք եւ շարժվել այդ ուղղությամբ՝ անկախ նրանից՝ երկրում ինչ իշխանություն է. «Պետք է առաջին հերթին ազգովի Արցախում հայապահպանության ծրագիր իրականացնենք: Այսօր Հայաստանն ու Արցախը պետք է կարողանան պետականության պայքար տանեն եւ դրա համար անհրաժեշտ է համայն հայության հակաճգնաժամային թիմ ձեւավորել, որը կկարողանա ճգնաժամը հաղթահարել կամ դրանից հետո ինչ-որ քայլ անել: Եթե ոչ, ապա ճգնաժամերը խորանալու են եւ խորացումը կարող ենք այսօր արդեն տեսնել»:

Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած այն պնդման առնչությամբ, որ միջազգային հանրությունը հստակ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը՝ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեն Արցախի ու Հայաստանի համար, հակառակ դեպքում` իրենց վրա հույս չդնենք, Թեւան Պողոսյանն ասաց՝ միջազգային հանրության հեռախոսի համարը կասե՞ք. «Եթե չկա այդ երեւույթը, ուրեմն «միջազգային հանրություն» գաղափարն էլ պետք է հասկանանք՝ ինչը նկատի ունի: Արգենտինայից եկել՝ ասել են՝ իջեցրե՞ք նշաձողը, թե՞ Ավստրալիայից: Ի դեպ, Ավստրալիայի մի նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը: ԱՄՆ-ում կան նահանգներ, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը: Մանիպուլյացիաների քանակ: Մարդը ընդամենը հարցրել է համանախագահներին, նրանք էլ ասել են՝ դե եթե Ադրբեջանն ընդունի: Այս ընթացքում ո՞վ է ում հետ հանդիպել, բացի համանախագահներից»:

Թեւան Պողոսյանի խոսքով, ինքը ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ-ի համանախագահներից նման բառակապակցություն չի լսել. «Ինչի՞ց պետք է միջազգային հանրության կամ համանախագահների կողմից եկած գաղափարները ասեն՝ ինչ-որ բան իջեցրեք: Միայն եւ միայն իրենց շահերից: Այդ մարդիկ սպասարկում են իրենց շահերը: Երբ միջազգային հանրության անուն եք տալիս, համանախագահների, Մինսկի խումբ կամ որեւէ այլ երկրների, ապա նրանք միայն իրենց շահերի հարցն են տանում առաջ եւ իրենց շահը հետեւյալն է՝ Արեւմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ»:

Ըստ Թեւան Պողոսյանի, Արեւմուտքը, մեր շահերից ելնելով, փորձում է այդ պայքարը մեր ձեռքով տանել. «Նաեւ նշվեց, որ աշխարհակարգը փլուզվում է, աշխարհակարգը փլուզվելու ժամանակ որտեղի՞ց գիտեք՝ ո՞ր փլատակի տակ եք մնալու: Այս փլուզման մեջ նման բան ասել, նշանակում է՝ մենք սպասարկում ենք ուրիշների շահերը, եւ կապ չունի՝ ում: Բայց այստեղ մի խնդիր կա՝ իսկ արցախցիներին հարցրե՞լ եք: Ասում են՝ հարցը պետք է լուծվի նաեւ Արցախի ժողովրդի շահերով, բա գնայիք՝ հարցում անեիք, Արցախի ժողովուրդը ձեզ ասում է՝ գնացեք, նշաձող իջեցրե՞ք»:

Թեւան Պողոսյանի խոսքով, վստահ չէ, որ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է՝ եկեք, նշաձողն իջեցրեք: Նրա կարծիքով, Մինսկի խումբը չի գործում, քանի որ առաջնորդվում են իրենց շահերով: Թեւան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթներից այնպիսի տպավորություն է ստացել, որ դուրս են եկել «հայկական կոշիկներից» եւ հագել են «ադրբեջանական եւ թուրքական կոշիկներ» ու նրանց ցավով են ապրում: Նա իշխանական պատգամավորներին կոչ արեց ելույթներ հնչեցնելուց առաջ փորձեն «մի անգամ էլ արցախցու կոշիկի մեջ մտնեն»՝ հասկանալու նման ելույթներն ինչ ազդեցություն են թողնում արցախցու հոգեվիճակի վրա:

Ապա հորդորեց՝ ինքնակամ, հանուն Հայաստանի հեռանալ: Բայց, եթե դա չի ստացվում, ազգովի համախմբվել ու յուրաքանչյուրն առավելագույն ներդնի, որպեսզի Արցախի հայաթափումը տեղի չունենա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930