«Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրինության կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով 2016թ. դեկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել նշված ընկերության տնօրեն Ա. Ավետիսյանին:
Վերջինս մեղադրվում էր նրանում, որ Կառավարության համապատասխան որոշման հիման վրա պարտավորված լինելով գանձել ՀՀ-ից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարները և դրանք վճարել պետական բյուջե, 2014թ. իրականացրել է ուղևորափոխադրումներ, գանձել 681.923.052 դրամի չափով պետական տուրքի գումար և պետության կողմից իր ղեկավարած կազմակերպությանը փաստացի վստահված առանձնապես խոշոր չափերի այդ գումարը պետական բյուջե վճարելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել է` տնօրինելով սեփական հայեցողությամբ:
Ա.Ավետիսյանի, «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող գույքերի, բանկային հաշվեհամարների վրա 683.723.073 ՀՀ դրամի չափով դրվել էր կալանք:
Դատական քննության արդյունքում, սակայն, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հուլիսի 26-ի դատավճռով Ա.Ավետիսյանը արդարացվել էր հանցադեպի բացակայության հիմքով: Դատարանը գտել էր, որ ամբաստանյալն իր վստահությանը հանձնված գույքը, տվյալ դեպքում վերոնշյալ դրամական միջոցները, իր կամ մեկ այլ անձի սեփականությունը չի դարձրել, այդ գույքը դուրս չի բերել սեփականատիրոջ գույքային ընդհանուր ֆոնդից և չի ընդգրկել իր սեփական գույքային ֆոնդի մեջ և չի յուրացրել: Ավելին՝ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ում ոչ մի լումա չի ելքագրվել ընկերության դրամարկղից կամ հաշվարկային հաշվից՝ առանց նպատակային նշանակության, և դեռ պետությունը չի կատարել ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունները:
Կարդացեք նաև
Որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր՝ անփոփոխ թողնելով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել էր, որ ֆինանսական գործառնությունները վերաբերում են քաղաքացիաիրավական բնույթի վեճի և ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կառուցակարգի կիրառման: Եվ չնայած վերաքննիչ դատարանը անհիմն էր որակել դրամական նշված միջոցները անձին հանձնված չլինելու և հանցադեպի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները, սակայն գտել է, որ ամբաստանյալը պետք է արդարացվի ոչ թե հանցադեպի, այլ հանցակազմի բացակայության հիմքով։
Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը վերջնարդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. ապրիլի 8-ի որոշմամբ, ամբողջությամբ բավարարվել է:
Գործն ուսումնասիրելով յուրացման հանցակազմի վերաբերյալ նախկինում իր արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը համաձայնել է Դատախազության բողոքի հիմնական բոլոր հիմնավորումների հետ:
Մասնավորապես նշել է, որ ՀՀ-ի և «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի միջև ծագած իրավահարաբերությունը կրել է ոչ թե մասնավոր՝ քաղաքացիաիրավական բնույթ, ինչպես նշվել են ստորադաս դատարանները, այլ հանրային՝ վարչաիրավական բնույթ, քանի որ պետությունը տվյալ դեպքում հանդես է եկել ոչ թե հավասար հիմունքներով, այլ որպես իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, որը մյուս կողմի հետ իր հարաբերության բովանդակությունը որոշել է միակողմանի կամահայտնությամբ:
Ըստ այդմ՝ պետության կողմից իր բացառիկ՝ պետական տուրքի գանձման լիազորության պատվիրակման արդյունքում «հիմնական» գույքային ֆոնդից բացի ձևավորվել է նաև վերջինիս մասը կազմող, սակայն առանձնացված «միջանկյալ» գույքային ֆոնդ, որի նպատակը պետության գույքը, տվյալ դեպքում՝ պետական տուրքը, պետության «հիմնական» գույքային ֆոնդ ուղղելն է։ Մինչդեռ, Ա.Ավետիսյանը, պարտավորված լինելով պետական տուրքը սահմանված ժամկետում փոխանցել պետության «հիմնական» գույքային ֆոնդ, չի կատարել դա՝ այն միացնելով կազմակերպության գույքային ֆոնդին՝ վերջինիս հետ միասին այն ուղղելով «Էյր Արմենիա» ՓԲԸ ընթացիկ ծախսերը հոգալուն: Ընդ որում, այն հանգամանքը, որ այս գործողությունները կատարվել են կազմակերպությունը պահպանելու և նախկինում ներդրած մեծ գումարները չկորցնելու նպատակով, վկայում է շահադիտական դրդումներ ունենալու մասին:
Վճռաբեկ դատարանը համարել է, որ ընկերության ֆինանսական բարդ իրադրության մեջ հայտնվելու, ընկերության հանդեպ պետության ստանձնած պարտավորությունները չկատարելու իրողությունները, ինչպես գտել է դատախազությունը, չէին կարող ամբաստանյալի արարքում յուրացման հանցակազմի հատկանիշների առկայությունը բացառելու հիմք լինել:
Ըստ այդմ՝ ամբաստանյալին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
Այս հիմնավորումներով էլ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բեկանել Ա. Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021թ. փետրվարի 25-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
ՀՀ դատախազություն