Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք ինձ համար անմեղսունակության եւ անբարոյականության գագաթնակետն են։ Լենա Նազարյանը զրո պատկերացում ունի, թե ինչ է հիմա ապրում հասարակությունը»

Ապրիլ 14,2022 16:56

«Լենա Նազարյանը թող խորհուրդներ չտա քաղաքացիական հասարակությանը, Լենա Նազարյանն ու մյուսները թող զբաղվեն իրենց կոնկրետ գործերով՝ երկրի եւ սահմանների պաշտպանությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Չորրորդ իշխանություն» կայքի խմբագիր Շողեր Մաթեւոսյանն՝ այսօր Լենա Նազարյանի արած հայտարարությանը։

Հիշեցնենք, Լենա Նազարյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով ամիսներ առաջ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցին, որին մասնակցում էր նաեւ Շողեր Մաթեւոսյանը, ասել է. «Ինձ զարմացնում է քաղաքացիական հանրության կեցվածքը։ Երկու ամիս առաջ կանայք կառավարության շենքի դիմաց էին, դրանից օր առաջ սահմանին նորից զոհեր էին եղել։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, սահմանին ամրաշինական աշխատանք անել, նորակոչիկների փոխարեն սահման տանել պայմանագրայինների, կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարեւոր է։ Ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, չասացին վճռական պահանջ կառավարությանը, որ գնացեք եւ կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը եւ գնացեք լուծումների։ Ես չեմ ձգտում ձեւավորել ընդդիմության կամ քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց ինձ համար պարզ է մի բան։ Փաստորեն, այս կառավարությունը, որն առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր անդրադարձել է վերընշված ցույցին․ «Շատ կարևոր հարց բարձրացվեց. ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ»։

Շողեր Մաթեւոսյան

Շողեր Մաթեւոսյանի խոսքով՝ այդ բողոքի ցույցում իրենք հայտարարում էին, որ իշխանությունը չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, եթե չի կարողանում, ապա թող հրաժարական տա․ «Մենք պահանջում էինք ապահովել անվտանգությունը։ Լենա Նազարյանն ի՞նչ կապ ունի քաղհասարակության հետ։ Լենա Նազարյանին ասեմ՝ ձերը խաղաղության պայմանագիր չէ, ձերը մուրացկանություն է: Խաղաղության պայմանագիրը պետք է միաժամանակ ուժի եւ դիվանագիտության, կարողության ցուցադրություն լինի: Այ, այդ ժամանակ նոր իրավունք կունենանք խոսել արժանապատիվ խաղաղության պայմանագրի մասին: Փորձը ցույց է տալիս, որ թե մեկի, թե մյուսի համար այս իշխանությունը կարություն չունի»։

Նինա Կարապետյանց

Այդ ցույցին մասնակցել է նաեւ իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։ Նա մեզ հետ զրույցում արձագանքելով Լենա Նազարյանի այսօրվա հայտարարությանն՝ ասաց․ «Ո՛չ Լենա Նազարյանը, ո՛չ էլ մյուս ակնարկողները ո՛չ հասկացել են, ո՛չ էլ հասկանում են՝ ինչի մասին է եղել այդ ցույցը։ Լենա Նազարյանը զրո պատկերացում ունի, այնքան է կտրվել քաղհասարակությունից եւ հասարակությունից, որ զրո պատկերացում է, թե ինչ է հիմա ապրում եւ վերապրում հասարակությունը։ Լենա Նազարյանին իր պաշտոնն այնքան է կուրացրել, այնքան է իր պաշտոնով ապրում, որ կտրվել է իրականությունից։ Խորհուրդ կտամ դուրս գա փողոց, գնա մի անգամ խրամատների կողքը կանգնի, ընդունի այն զինվորներին եւ պայմանագրայինների ընտանիքի անդամներին, որոնք ամեն օր գալիս են մեր կազմակերպություն տարբեր խնդիրերով, ու առհասարակ, իրենք հասկանո՞ւմ են՝ ինչ են խոսում։ Մեր ուզածն այն էր, որ միջոցներ ձեռնարկեն անվտանգության ապահովման համար»։

Իրավապաշտպանը վերջում բավականին կոշտ (հրապարակման ենթակա չէ, Ն․Բ․) արտահայտվեց Նազարյանի մասին ու ասաց․ «Իրենք ինձ համար անմեղսունակության եւ անբարոյականության գագաթնակետն են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930