Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական մարմնի որոշումը․ «ապուշ» բառը վիրավորանք է, իսկ «քեմալական»-ը՝ոչ

Ապրիլ 14,2022 16:26

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասով՝ ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով քրեական գործը զարգացման նոր փուլում է։

Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաքննական մարմինը վիրավորանք չի համարել Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավորներին ուղղված «քեմալական սովածներ» արտահայտությունը, սակայն վիրավորանք է համարել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին հասցեագրված «ապուշ» բառն ու քրգործն ուղարկել է դատարան։

«Քրգործը հարուցվել է 2020 թվականի մարտի 23-ին Գյումրու ոստիկանության Մուշի բաժնում։ Քրգործը մեկ շաբաթվա ընթացքում հասել էր քննչական։ Քննչական կոմիտեն այսօր ինձ տեղեկացրեց, որ քրգործը մի մասով կարճվել է, այսինքն՝ «քեմալական սովածներ»-ի մասով կարճվել է, իսկ Նազելի Բաղդասարյանի մասով ուղարկվել է դատարան։

Մոտ 14-15 օրվա ընթացքում իրենք կարողացան շատ արագ նախաքննությունն ավարտել, ուղարկել դատարան։ Սա արդեն խոսում է իմ հանդեպ իրականացվող քաղաքական պատվերի մասին։

Երկրորդ՝ ես պատահական չնշեցի մարտի 23-ը։ Մարտի 23-ին հարուցվում է քրեական գործ, մարտի 28-ին, այսինքն՝ գործն արդեն հարուցված վիճակում, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքում մեջբերումներ է անում իմ տված բացատրությունից։ Այստեղ խախտվել է նախաքննական գաղտնիքը։

Ճիշտն ասած, ես այս հարցը բարձրացրել եմ, ու Գոռ Աբրահամյանը պարտավոր է ներկայացնել քննիչի կամ նախաքննություն իրականացնող այլ պաշտոնյայի գրավոր թույլտվությունը, որ ինքը դա հրապարակեր։ Վստահ եմ, որ Գոռ Աբրահամյանը դա չի կարող ներկայացնել։ Սա իր հերթին խոսում է իմ հանդեպ կարված քաղաքական պատվերի մասին։

Երրորդն՝ ուզում են ընդգծել այս գործի քաղաքական լինելը։ Տեսեք շատ հետաքրքիր ձևով գործից դուրս բերեցին «քեմալական սովածներ» արտահայտությունը, սրանով շատ ավելի վաղ էին նյութեր նախապատրաստել, բավականին էլ աշխատանք էին կատարել։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դուրս բերեցին այդ մասը։ Այստեղ ես ունեմ ընդամենը մեկ հստակ բացատրություն, քանի որ ներկայիս իշխանությունները, մասնավորապես արտգործնախարարությունը, այն պաշտոնյաները, որոնք աշխատում են թուրքերի հետ, բնականաբար կար լուրջ վտանգ․ թուրքական կողմը կհարցներ իրենց՝ այդ ինչպես եղավ, որ «քեմալական»-ը ձեր համար վիրավորական բառ է ։

Այսինքն՝ զուտ թուրքերին չնեղացնելու համար, իրենք որոշեցին, որ քեմալական բառն իր մեջ չի կարող վիրավորանք պարունակել, բայց օրինակ՝ «ապուշ» բառը, որը մաքուր հայերեն բառ է․ Հրաչյա Աճառյանի բառարանում շատ լավ բացատրություն կա և անուշադրությունն է մատնացույց անում, դա որակեցին որպես վիրավորանք»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Ըստ նրա, քրգործը շատ արագ ավարտելն ու դատարան ուղարկելը իրեն լռեցնելով ու Շիրակի մարզպետին գոհացնելով է պայմանավորված։

«Փորձում են այնպես անել, որ հասարակության մոտ իմ նկատմամբ գոյություն ունեցող վստահությունը կոտրեն։ Դուք էլ գիտեք, որ այս ընթացքում տարբեր հիմնարկների աշխատակիցներ, տարբեր քաղաքացիներ անընդհատ դիմում էին մարզպետի անօրինականությունների մասին։

Օրինակ՝ այսօր նորից ինձ դիմել են, ընդ որում մարզպետարանի աշխատակիցները, որոնք մատնանշում են, թե տրանսպորտի և կադրերի բաժնում պետի թափուր հաստիքների ժամանակ ներսի աշխատողերին Շիրակի մարզպետը թույլ չի տվել մրցույթի բանավոր փուլին մասնակցել՝ սեփական կադրերին բերելու համար։ Ինձ դիմած երկու հոգին էլ ասում են, որ իրենք գրավոր փուլն անցել են», -ասաց Կարապետ Պողոսյանը։

Մեր հարցին, թե նախաքննության ընթացքում Նազելի Բաղդասարյանի հետ առերեսում կազմակերպվե՞լ է, ինքը վիրավորվե՞լ է «ապուշ» բառից, Կարապետ Պողոսյանն ասաց, որ տեղյակ չէ՝ նրան հրավիրե՞լ են քննչական, թե՞ ոչ։

«Կար այնտեղ համապատասխան միջնորդությունը, որ Նազելի Բաղդասարյանին հրավիրեն, բայց տեղյակ չեմ, ենթադրում եմ, որ չեն հրավիրել», -ասաց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930