Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագիրքը սմարթֆոնով «կենդանացնող» ուսանողները 3 մլն դրամ ստացան

Ապրիլ 14,2022 16:12

Ամերիաբանկի կողմից VISA վճարային համակարգի հետ իրականացվող «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթը երիտասարդների ներուժը կարեւորելու եւ զարգացնելու հերթական նախաձեռնությունն է:

Հիմնական շեշտադրումն այն է, որ ներկայացվող նախագիծն իրագործվելու է Հայաստանում 1-2 տարվա ընթացքում` 3 մլն դրամ բյուջեի շրջանակում: Օրերս կայացավ 2021թ դեկտեմբերից մեկնարկած մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակից ուսանողական թիմերը հանդես եկան այնպիսի նորարարական գաղափարներով, որոնք կարող են փոփոխություն բերել մեր հասարակության շրջանում, գիտության, տնտեսության ոլորտներում:

Հաղթող` TakeAR թիմի նախագիծն արժանացավ գլխավոր` 3 մլն դրամ մրցանակի, իսկ 5 թիմեր` «Աշխարհն առանց աղբի», «Տեսկա», Outvite, «Հիպոկրատին հավատարիմ, THE LOVE FOR ECO GROWS, խրախուսական մրցանակների` 100000-ական դրամի չափով:

Մրցույթի ժյուրիի անդամ, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ հաղթողին ընտրել են մի քանի հանգամանք հաշվի առնելով` նախագիծը նորարարական էր, միտված մեր երկրում փոփոխություններին, այն որոշակի ուշադրության, քոուչինգի, ուղղություն ցույց տալու դեպքում կարող է շատ հաջողված լինել: Նրա խոսքով. «Առաջին հերթին փոփոխությունը սկսվում է մեր գլուխներում, եւ այսօր ներկա երիտասարդների մոտ այդ փոփոխություններն առկա են»:

TakeAR-ը ներկայացնող Վիգեն Խաչատրյանը, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է, խոսելով նախագծի մասին` ասաց, որ տեղեկատվության մեծ ծավալի պարագայում հարկ է դրա ավելի արագ եւ հեշտ ստանալու միջոցների մասին մտածել։

Կոնկրետ իրենց նախագծի նպատակն է՝ Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության (augmented reality) եւ վիրտուալ իրականության (virtual reality) տեխնոլոգիաներով, ստեղծել առարկաների ու թեմաների յուրացման հեշտ եւ արդյունավետ հնարավորություն։ Երիտասարդի խոսքով, որպես գաղափարի մեկնարկ` նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայի հակիրճ ձայնագրություն։ Ծրագիրը հաջող իրականացնելու դեպքում՝ նույն տեխնոլոգիան կկիրառվի նաեւ այլ դասագրքերի ու առարկաների համար:

Վիգենն ասաց, որ իր կարիերան տեսնում է միայն հայրենիքում. «Ես ինձ դիրքավորում եմ Հայաստանում որպես մեծ խնդիրներ լուծողներից մեկը, մասնավորապես երիտասարդների կրթության ոլորտում»: Հավելեց, որ նախատեսում են նաեւ 2024թ դուրս գալ միջազգային շուկա:

Վիգենը ծնունդով Թալինից է, իսկ նրանց թիմում ՀՀ տարբեր մարզերից երիտասարդներ կան` Տավուշից մինչեւ Արագածոտն ու Գեղարքունիք: Նրա ձեւակերպմամբ, ամեն ինչի հիմքը լավ թիմն է. «Խորհուրդ եմ տալիս լավ գաղափարներ իրականացնելու համար հավաքել բավարար կարողունակություններով թիմ եւ օգտվել գաղափարներն իրականացնելու հնարավորություններից: Մենք երկար ժամանակ ունեինք այս գաղափարը, սակայն չունեինք հնարավորություն այն կյանքի կոչելու համար: Ուրախ եմ, որ նման հնարավորություն ընձեռվեց Ամերիաբանկի կողմից VISA վճարային համակարգի հետ իրականացվող «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթի շնորհիվ»:

Արեգա Բարսեղյանը, որ խրախուսական մրցանակ ստացած THE LOVE FOR ECO GROWS թիմի անդամ է, սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նա նշեց, որ «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթին մասնակցել է` իր վաղեմի երազանքն իրականացնելու համար: Հավելեց, որ իրենց թիմը ցանկանում է գեներացնել մի նախագիծ, որը Հայաստանն ավելի կանաչ կդարձնի, մասնավորապես` ցանկանում են արտադրել էկո թղթից երկշերտ բաժակներ և ափսեներ, որոնց շերտերի միջև լցված կլինեն բույսերի սերմեր։ Եվ երբ նման բաժակներն ու ափսեներն ընկնեն հողի մեջ, դրանց բաղադրության մեջ եղած ստվարաթուղթը, որը հանդիսանալու է պարարտանյութ, որոշ ժամանակ անց կքայքայվի, իսկ սերմերը կծլեն հողում։ Արեգան կարծում է, որ ուսանողները պետք է գիտակցեն, որ այն փոփոխությունները, որոնք ուզում են տեսնել, հենց իրենք պետք է իրականացնեն:

Տիգրան Ջրբաշյանը կարեւորելով կրթության մեջ կատարվող ներդրումները` փաստեց, որ ունենք սերունդ, որը ձերբազատված, է խորհրդային «ժառանգությունից», բաց է, պատրաստ է առաջ ընթանալու եւ փոփոխությունների, բայց միաժամանակ ունի կրթության որակի եւ մակարդակի խնդիր: «Այսպիսի ներդրումները, որ ուղղված են երիտասարդությանն ակտիվացնելուն, ստեղծարար միտքը զարգացնելուն եւ դեպի փոփոխություններն ուղղելուն, շատ կարեւոր են մեր երկրի ապագայի համար»,-ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարը:

Պարոն Ջրբաշյանն ընդգծեց, որ հիմնական մրցանակը տրվել է այն նախագծին, որը վերաբերվում է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը: Իսկ դա, ըստ նրա, կարեւոր է այնքանով, որ ունենք լրջագույն խնդիր` կրթության իմաստով, մանավանդ մարզային եւ ռեգիոնալ կտրվածքով: Նրա խոսքով, սիմվոլիզմ կար այն նախագծերում, որոնք առնչվում էին աղբահանությանը. «Աղբի նկատմամբ մեր ազգի վերաբերմունքը ամենալուրջ սիմվոլն է, մեր երկրի նկատմամբ` մեր ազգի վերաբերմունքը… Ուրախ եմ, որ առնվազն 4 նախագիծ ուղղված էր հենց աղբահանությանը»: Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ, կրթության ոլորտը համակարգային բարեփոխումների խնդիր ունի. «Մենք խնդիր ունենք թե բովանդակության, թե նպատակների, թե ժամանակակից տեխնոլոգիաների առումով, իսկ ամենակարեւորը մրցունակ կրթության խնդիրն է»:

Ժյուրիի անդամներից Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը տպավորված էր, որ մասնակիցների թվում բազմաթիվ ակտիվ աղջիկներ կան. «Հրաշալի է, որ աղջիկները չեն խուսափում զբաղվել բիզնեսով, փոփոխություններով, նորարարությամբ: Գործ ունենք ուսանողների հետ, որոնք նոր գաղափարներ էին բերել` վստահ լինելով, որ այդ կերպ կնպաստեն փոփոխությունների: … Անկախ նրանից, թե ով հաղթող ճանաչվեց, այս 11 թիմերը ինչ-որ ձեւով գտնելու են մեր կյանքն ավելի լավը դարձնելու իրենց ճանապարհը»: Նա հավելեց, որ տպավորված է նաեւ մասնակիցների աշխարհագրությամբ` ուսանողները տարբեր բուհերից էին, բայց ոչ միայն Երեւանից. «Դա փաստում է, որ զարգացումը չի ճանաչում սահմաններ, ինտերնետի արագությունն օգնում է նորարարությունն արագ տեղ հասցնել, եւ այս երիտասարդները վաղը դառնալու են շատ կարեւոր փոփոխությունների հեղինակներ»:

Ժյուրիի անդամ, Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն ասաց, որ ուրախ է` այսքան պայծառ երիտասարդների տեսնելով: «Մենք վերջին տարիներին ավելի քան 100 նախագիծ ենք իրականացրել երիտասարդների եւ ուսանողների համար` նպատակ ունենալով ոգեւորել նրանց, ունակությունները զարգացնելու եւ պոտենցիալը իրացնելու հնարավորություններ ընձեռել: Մեզ համար շատ կարեւոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան իրականացնելու իրենց ամենաանհավանական թվացող ծրագրերը, գաղափարներն ու փոփոխություններին միտված նպատակները»,-հավելեց պարոն Մելքումյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930