Ապրիլի 14-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգը:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Միջօրեի ժամերգությանը և Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ․ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Սուրբ Պատարագի ընթացքում Քահանայից պատրաստության լսարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մինաս աբեղա Հախվերդյանն ընթերցեց Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդությունից առաջ» ճառը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին,
Տեղեկատվական համակարգ