Ա. Չեխովի անվան դպրոցում կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում:
Այստեղ կրկին ցույց էր, քանի որ ըստ ծնողների, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը կարգադրել է փակել դարպասը, ծնողներին ու լրատվամիջոցներին թույլ չի տալիս մուտք գործել դպրոց:
«Որտե՞ղ է գրված, որ իմ 6 տարեկան երեխայի վրա ինքն իրավունք ունի դարպաս փակելու: Ես հիմա չեմ կարողանում դպրոցի բակ մտնել: Անվտանգության աշխատողին խնդրեցի, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հաղորդի, որ ծնողներն այստեղ իրեն են սպասում, ուզում ենք հասկանալ, թե ինչու է դարպասը փակ: Սա ի՞նչ է, գազանանո՞ց է, 5-6 տարեկան երեխաներ կան դպրոցում»,-ասաց ծնողներից մեկը:
«Սա՞ է օրենքի երկիրը, ինչ իշխանությունն է, էդպիսին էլ իրենց կադրերն են: Թող քաղաքապետարանի ներկայացուցիչը գրավոր օրենքը բերի, տեսնեմ, հասկանամ, որ սա ո՞ր օրենքով պետք է փակվի, լռեմ, անցնեմ մի կողմի վրա կանգնեմ»,-ասաց նա: Ապա հավելեց. «Ինչպես սիրում է կրկնել վարչապետի աթոռը զբաղեցնող՝ երկիր քանդողը, «ըստ օդում պտտվող լուրերի», 2020թ. ժողովրդին հատուկ լցրեցին տները` կորոնաբլեֆի պատրվակով, եւ ընդունեցին Լանզարոտեի կոնվենցիան: Դրա համար հիմա իրենց մարդկանց են տնօրեն դարձնում, որպեսզի Լանզարոտեի կոնվենցիան սեպտեմբերից մտնի դպրոցներ եւ մանկապարտեզներ:
Կարդացեք նաև
2018թ այս իշխանությունը եկավ, ու բազմաթիվ տնօրենների փոխեցին: Քանի որ մեր դպրոցի նախկին տնօրենը` Գայանե Սարուխանյանը, խելացի եւ գրագետ կին էր, նրա վրա ոչ մի կեղտ չկարողացան գտնել, սպասեցին այնքան, մինչեւ պայմանագիրը լրանա, անցնի հանգստի: Այնուհետեւ պաշտոնակատար նշանակվեց ու հիմա իշխանությունն ուզում է իրենց մարդը լինի տնօրեն»:
«Դպրոցում բնականոն ընթացք է, օրենքով սահմանված կարգով նշանակվել է տնօրենի պաշտոնակատար, թող մրցույթում ընտրվի նա, ով արժանի է, բայց չի կարելի քաղաքականացնել պրոցեսը»,-ասաց Երեւան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ այն ծնողները, որոնք քաղաքականացրել են գործընթացը, անպայման պատասխանատվության կենթարկվեն, իսկ շատ բացականեր ունեցողները կմնան վերաքննության:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ