Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կազմում չի նշանակում անկարգավիճակ, դա էլ է կարգավիճակ». Վիգեն Խաչատրյան

Ապրիլ 14,2022 13:43

«Արցախի իշխանության կարծիքը ոչ միայն պետք է հաշվի առնել, նրանց հետ մանրամասն պետք է քննարկել բոլոր հնարավոր զարգացումները: Մի պահ, Աստված մի արասցե, պատկերացրեք՝ ՌԴ-ն հետ քաշեց խաղաղապահներին, ո՞ր ուժերն են պահելու Արցախը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Պուտինն ասել է՝ Արցախը Ադրբեջան է ու որեւէ մեկը չի ընդվզել դրա դեմ:

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները հետեւողականորեն աշխատում են ՌԴ-ի հետ ու դրա ապացույցը Փաշինյանի առաջիկա հանդիպումն է Պուտինի հետ. «Միշտ եղել է փոխհամաձայնեցված բարյացակամ վերաբերմունք, ՌԴ-ն միշտ եղել է մեր ռազմավարական դաշնակիցը, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ից պահանջենք՝ արհամարհի իր պետական շահերը ու պաշտպանի Հայաստանի շահը: Եթե ձեզ թվում է, թե մենք պիտի Ռուսաստանին խելք սովորեցնենք, ես ձեզ շնորհավորում եմ»:

Հարցին՝ Արցախի ղեկավարությունից ՔՊ-ին հրավեր եղե՞լ է գնալ Արցախ, ընդդիմությունը հրավեր ստացել է՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց, որ այդպես լավ է հնչում, թե եղել է հրավեր, բայց այդպես չի. «Մեր խմբակցությունը տեղեկացված է դրան: Կոնջորյանը մանրամասն կասի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արեւմտյան երկրնե՞րն են առաջարկել Հայաստանին նշաձողն իջեցնել, թե՞ ՌԴ-ն, Թուրքիան՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց, որ երկրների անուններ չի կարող տալ, որովհետեւ չգիտի, բայց Փաշինյանն ասում էր՝ բոլոր գործընկեր երկրները. «Դուք Մինսկի խմբից երբեւիցե լսե՞լ եք Ղարաբաղի անկախություն բառը, խոսքը գնում է կարգավիճակի մասին: Ադրբեջանի կազմում չի նշանակում անկարգավիճակ, դա էլ է կարգավիճակ: Ես չեմ ասում՝ դա ճիշտ է, բայց ինքնորոշումը կարող է լինել երեք տիպի՝ տվյալ պետության կազմում ժողովուրդն ինքնորոշվում է, երկրորդը՝ միանում է այլ պետության, երրորդը՝ դառնում է անկախ պետություն: Մինսկի խումբը եւ մնացած մեր գործընկերները ասում են Ղարաբաղի կարգավիճակ, չեն ասում Ղարաբաղի անկախություն: Ես ընդունում եմ, որ դուք ինձանից շատ եք ուզում, որ Ղարաբաղը անկախ լինի, ես էլ եմ ուզում, դա մե՞ր ուզելով է»:

Երբ հիշեցրին, որ ԳԽ-ն որոշում է ընդունել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա հե՞տ են կանգնում այդ որոշումից, վերախմբագրելո՞ւ եք՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Մենք անելու ենք ամեն ինչ, որ Արցախը երբեւէ չհայաթափվի ու կանխելու ենք այն արկածախնդիրներին… Ձեզ համար հաճելի է, որ Ադրբեջանի կազմից դո՞ւրս հայաթափվի»:

Զարմանքին՝ դուք որպես պետություն չե՞ք կարողանում անվտանգության հարցը լուծել, ուզում եք ձեռքերը լվա՞լ Արցախից՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք Արցախը պաշտպանել նաեւ նրանցից, ովքեր պատրաստ են Արցախից ազատվել, միայն թե Հայաստանում իշխանություն զավթել: Կոնկրետ մարդիկ 20 տարի կեղեքեցին բանակն ու Հայաստանը, կորցրեցինք Արցախի 20%-ը: 91-ի թվականի ու այսօրվա իրավիճակն այնքան տարբեր է: Հիշեք 91-ի ՌԴ-ն ինչ պետություն էր, Ադրբեջանն ինչ վիճակում էր, մտաբերեք մենք ինչ պետություն էինք: Չի կարող համառորեն հետապնդել մի բան, որը տանում է կործանման: Մեր նպատակն է, որ Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքում ապրելու հեռանկար ունենա: Ասում եք՝ փաստորեն չեք կարող երաշխավորել Արցախի ապագան: Մենք կարող ենք երաշխավորել, եթե ունենանք գործընկերներ, մենակ չենք կարող, ուժը չի հերիքի: Հիմա թե ինչի չունենք ուժը՝ հարցի մյուս կողմն է: Մեզ պետք է աջակցություն: Այն ուժերը, որ կարող են օգնել, մեր առաջ պայման են դնում, որ մենք չենք ռմբակոծելու Բաքվին: Այսօր իշխանությունը ոչինչ չի թաքցնում ժողովրդից, ասում է այն, ինչ բանակցում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930