Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց. «88-ի շարժումը բերեց նրան, որ Ղարաբաղը հայաթափվեց, բերեց նրան, որ այսօր ունենք ԼՂԻՄ-ի զգալի մասի կորուստ, որտեղ այլեւս հայեր չեն ապրում։ Մենք պե՞տք է կանգ առնենք»:
Ըստ նրա, տարիներ առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, բայց տարիներ են անցել, եւ այսօր կարելի է ասել, որ թերեւս ճիշտ չի եղել. «Մենք հետեւություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի դեպքերի մեջ, հետո Կիրովաբադի, հետո չվերլուծեցինք ինչպես 24 գյուղեր հայաթափվեցին։ «Կոլցո» օպերացիան խորհրդային զորքերը արեցին՝ Ադրբեջանի եւ Օմոնի հետ։ Ու մենք չնստեցինք ու չմտածեցինք՝ սա ու՞ր է տանում»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Վիգեն Խաչատրյանն ասաց, որ մենք ինչ-որ մի բան սխալ ենք հաշվել, քանի որ հողը մնում է հայկական, երբ այնտեղ հայեր են ապրում, թե չէ բազմաթիվ հայկական տարածքներ ունենք, որտեղ հայեր չեն ապրում. «Վարչապետից ընդդիմությունը պահանջում էր՝ անկեղծացիր, վարչապետն էլ անկեղծացավ: Ամբողջ առաջադեմ աշխարհը, միջազգային հանրությունը մեզ հետ համաձայն չէ, որ Ադրբեջանի կազմից պիտի դուրս լինի Ղարաբաղը եւ ասում է՝ ուզում եք պայքարեք, մենք ձեզ հետ գործ չունենք: Եթե ուզում եք ստանաք օգնություն, համագործակցություն՝ նշաձողն իջեցրեք: Ի՞նչ է նշանակում նշաձողն իջեցնել, առաջինը հետեւյալը՝ ոչ թե վարչապետն ասում է նշաձողն իջեցնենք, վարչապետն ասում է, որ մեր բոլոր գործընկերներն ասում են՝ եթե դուք ուզում եք, որ մենակ չմնաք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դեմ դիմաց, նշաձողն իջեցրեք»:
Դիտարկմանը, որ դրա հետ մեկտեղ Փաշինյանն ասում է, որ կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ միջոց՝ անվտանգության համար, ստացվում է, որ այլեւս մենք հրաժարվո՞ւմ ենք Արցախի կարգավիճակի հարցից՝ նա պատասխանեց. «Ոչ, դա նշանակում է, որ եթե մենք ուզում ենք մեզ օգնեն, իսկ մենք գիտակցում ենք, որ առանց օգնության մենք չենք լուծելու այդ հարցը, մենք ինքնուրույն այսօր ի վիճակի չենք Ղարաբաղը վերցնենք, առանձնացնենք Ադրբեջանից, առանձնացնողներն ասում են՝ նշաձողն իջեցրեք: Մենք ասում ենք՝ ոչ, չենք իջեցնում, ասում են՝ չեք իջեցնում՝ գնացեք: Մենք ասում ենք՝ անվտանգության ի՞նչ երաշխիք եք տեսնում, երբ որ կասեն՝ կմտածենք: Իսկ դուք ուզում եք հենց այն գլխից փակուղի մտցնենք հարցը: Վարչապետն ասում է՝ մենք փոխում ենք հարցը ու իրենց հետ խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին: Եթե այդ անվտանգության երաշխիքները կհամոզեն Արցախի ժողովրդից հետ քաշվել իրենց պահանջից, կամ մեզ՝ կխոսենք: Ինչի՞ եք առաջ ընկնում դուք…Կա մի հատ էժան հայրենասիրության ձեւ, այնպես չի, որ մենք ձեզ հետ որոշում ենք Արցախի ճակատագիրը, հիմա չի որոշվում, հանգիստ եղեք: Խնդիրը հետեւյալի մեջ է՝ կա՛մ ՀՀ պաշտոնական իշխանությունները պետք է ապահովեն համագործակցություն միջազգային կառույցների հետ, ստանան օժանդակություն, որ մենք հայանպաստ որոշում ստանանք, կա՛մ մենք կմնանք մենակ դեմ դիմաց Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ու առաջ գոռալով հետ-հետ կգնանք: Չի կարելի դա թույլ տալ, որովհետեւ կհանգեցնի կորուստների»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ