Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞վ եմ ես աջակցել արվեստի բուհերի միավորվելու գաղափարին». Լիլիթ Արզումանյան

Ապրիլ 14,2022 12:55

Ըստ մամուլում տարածված լուրերի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը գործընթաց է սկսել արվեստի բուհերի օպտիմալացման հետ կապված: Ըստ նույն աղբյուրի՝ նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Թատրոնի եւ կինոյի ինստիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան, ու նախարարության այս գործընթացին աջակցել է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի նախկին ռեկտոր, ներկայիս պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը (լուսանկարում):

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց տիկին Արզումանյանից, հետաքրքրվեցինք` որքանո՞վ է հավաստի իր աջակցության մասին լուրը: «Նախ ասեմ, որ դա նախագիծ չէ, որպես այդպիսին նախագիծ չկա, չգիտենք` կա՞ արդյոք պատրաստի փաթեթ: Դա ընդամենը գաղափար է: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մեզ մոտ հանդիպման է եղել, որի ընթացքում ինքն ասել է, որ դա գաղափար է, որի վերաբերյալ մեր կարծիքն ամբողջ ինստիտուտով արտահայտել ենք: Մենք նշել ենք, որ եթե անգամ այդ գաղափարը կա, ապա այն պետք է իրականացվի հետեւյալ տարբերակով` պետք է միավորվեն արվեստի բոլոր բուհերը` Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը, Գեղարվեստի պետական ակադեմիան եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ու դա կոչվի Արվեստների ակադեմիա: Հակառակ դեպքում, եթե միայն երկու բուհ է միանում, ի՞նչ է կոչվելու` «որոշ արվեստների ակադեմիա՞»:

Եվ հետաքրքիր է, թե այդ ակադեմիան որտեղ է տեղակայվելու: Եթե մենք առանձին շենքերում ենք մնում, ու կարծես թե ուրիշ տարբերակ չկա, որտե՞ղ պետք է տեղակայեն բոլոր բուհերին միասին, ուրեմն բացարձակ անտրամաբանական է ստացվում ամեն բան»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:

Նաեւ տարակուսանք հայտնեց լուրի կապակցությամբ, թե իբր ինքն աջակցել է. «Ո՞նց եմ աջակցել, ինչո՞վ եմ աջակցել այդ գաղափարին: Ընդ որում, ի սկզբանե ասել եմ` անպայման քաղաքի կենտրոնում, որովհետեւ թատրոնները քաղաքի կենտրոնում են, Օպերան Երեւանի կենտրոնում է, հետեւաբար՝ արվեստների ինստիտուտները միավորելու դեպքում՝ պետք է լինեն քաղաքի կենտրոնում` բոլոր հարմարություններով, պարասրահներով, դահլիճներով, լսարաններով հարմարավետ շենք, որտեղ տեղակայվեն բոլոր ինստիտուտները, ու դա կոչվի արվեստների ակադեմիա: Դա ընդունելի տարբերակ է: Իսկ եթե մնալու ենք առանձին շենքերում, այդ դեպքում իմաստը ո՞րն է: Այնուամենայնիվ, ուզում եմ հասկանալ, թե ինչո՞վ եմ ես աջակցել այդ գաղափարին, որտեղի՞ց նման տպավորություն եւ տեղեկություն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930