«Երեկ պարզվեց, որ Շուշին ու Հադրութը հետ բերելու ավտոբուսից ուշացած ուղեւոր կար․ սպիտակ լաթը բերել էր դահլիճ ու ասում էր՝ էս դուք եք․․․դրա փոխարեն պահածոյի դատարկ բանկա բերեք դահլիճ, որով քսան տարի խրամատ եք կահավորել ու ասել, որ տարածաշրջանի ամենաուժեղ բանակն է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Երեկ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն իշխանությանը լաթի կտորի հետ էր համեմատել։
«Այդ դրոշներն էլ հանեք, տեղը սատկած առյուծ քշելու նկարներ տեղադրեք։ Ի՞նչ ենք ակնկալում մի ուժից, որը խորհրդարանական ընտրությունների նախընտրական հոլովակներում ցուցադրում էր բայրաքթարներով մեր տղաներին ռմբակոծելու կադրեր ու դրա հիման վրա ակնկալում ժողովրդի քվեն։ Այս թեւի ավտոբուսն իսկապես ուրախ ավտոբուս է։ Այս թեւի ավտոբուսի առաջին համարը ժամանակին քրեական գործ է հարուցել նախընտրական ցուցակի երկրորդ համարի վրա, խուզարկել 11-րդ համարի տունը, ինքն էլ անցնում է քրեական գործով»,-հավելեց Արեն Մկրտչյանը։
Նա նշեց․ «Ազատության հրապարակում վարչապետի հրաժարական են պահանջում՝ մոռացել են, որ իրենց պաշտոնավարման ժամանակ վարչապետից զանգ ստանալուց հեռախոսի առաջ զգաստ կանգնում, համազգեստն էին ուղղում, նոր պատասխանում՝ լարվածությունից ծնկների խնձորակները չխչխկացնելով։ Զեկուցելուց հետո էլ անջատում էին ու հեռախոսի առաջ «ուռա՜» բացականչում։ Ամոթ ձեզ, «Պատիվ ունեմ»․․․ես էլ Նելսոն Մանդելան եմ այդ պարագայում։ Առավելագույնը, որ կարող եք, լրաղբամաններով մարդկանց անվերջ զրպարտելն է։ Ասում են՝ զրպարտում ենք, մտեք դատարան։ Ես այս մարդկանց հետ վերելակ չեմ ուզում մտնել ԱԺ-ում, ի՞նչ դատարանի մասին է խոսքը։ Հանեք դրոշները ու տեղը Բադեն-Բադենի դրոշ կախեք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ