Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Կա՛մ դիտավորության արդյունք, կա՛մ չիմացության. Փաշինյանի մոտեցումները հակասում են հայկական զույգ պետությունների շահերին. Ստեփան Հասան-Ջալալյան         

Ապրիլ 14,2022 12:04

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՈՅՈՒԹԵՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

2022թ. ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության 2021թ. կատարողականը ներկայացնելիս ի շարս բազմաթիվ վիճելի, խնդրահարույց հայտարարությունների մասնավորապես հայտարարել է. «…Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:»:

Հարկ է նշել, որ «Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է» մոտեցումը բնորոշ է եղել նաև ՀՀ նախորդ վարչակազմերին: Եթե ադրբեջանա-արցախյան հակամարտությունը տարածքային հարց չէ, ապա ինչպե՞ս հասկանալ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի մինչ օրս իր ուժը չկորցրած համատեղ որոշումը: Իմ խորին համոզմամբ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը հենց տարածքային հարց է: Այդ են վկայում կոնֆլիկտի ծագման և զարգացման ողջ ընթացքը: Անհրաժեշտության պարագայում պատրաստ եմ հիմնավորել իրավական փաստերով:

Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ իր համար կարևորություն են ներկայացնում «Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը», չպնդելով արցախահայության՝ անկախ հանրապետության տեսքով ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, ապա դա նշանակում է, որ ինքը կողմ է, որպեսզի Արցախը որոշակի կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում, միայն թե արցախահայությունը ունենա անվտանգության երաշխիքներ, արցախահայության իրավունքները և ազատությունները լինեն ապահովված:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ կարող եմ պնդել հետևյալը՝

1.Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կատարելապես հակասում են հայկական զույգ պետությունների ազգային-պետական շահերին:

2.Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կա՛մ դիտավորության (թշնամական կողմի հետ ուղղակի կամ անուղղակի ձևով պայմանավորվածության) արդյունք են, կա՛մ չիմացության:

Հայ ժողովուրդը բնակվող Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այս պահին ունի մեկ կենսական կարևորության խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանը գոյութենական սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող ազգությամբ հայերի համար:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ                                                                 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930