«Մեծարգո վարչապետ, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր ընդդիմադիր գործընկերոջ երեկվա անհարիր պահվածքին, որովհետեւ մի քանի օր առաջ մի միֆ հօդս ցնդեց։ Անձամբ ճանաչում եմ մարդկանց, որոնք ձայն են տվել «Հայաստան» դաշինքին, որովհետեւ հավատացել են մի անհեթեթության, թե նրանց այստեղ գործուղել է մեր դաշնակից երկիրը, որպեսզի նրանք մեզ հեռացնեն իշխանությունից եւ իրենց կարգեն իշխանություն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։ Երեկ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն իշխանությանը լաթի կտորի հետ էր համեմատել։
Լուսինե Բադալյանը, դիմելով Փաշինյանին, շարունակեց․ «Միֆը, որ ձեր հետ չեն ուզում համագործակցել, եւ եթե անձերը փոխվեն, ապա կլինի արդյունավետ համագործակցություն, հանկարծ հօդս ցնդեց ռուս խաղաղապահների գործողություններով եւ ԱԳՆ հայտարարությամբ։ Պետք է հասկանալ ընդդիմադիրների հոգեվիճակը։ Երբ բովանդակությունն ավարտվում է, դիմում են վիրավորանքների»։
Ապա Բադալյանը պատմեց իր սիրելի քաղաքական գործիչներից մեկի՝ Հովհաննես Քաջազնունու մասին եւ խնդրեց զուգահեռներ անցկացնել ՀՀ առաջին հանրապետության եւ 2020թ-ից հետո տիրող իրավիճակների միջեւ։ Ըստ Բադալյանի՝ այլընտրանք չունեցող խաղաղության օրակարգը Հովհաննես Քաջազնունին 1918թ․-ին փորձում էր առաջ տանել։
Պատգամավորը նշեց․ «Մարդիկ, որոնք մեզ երբեմն պատմությունից անտեղյակ անվանում են «թուրք» ու «դավաճան», չգիտեն, որ ցեղասպանությունը միայն 1915թ․-ի ապրիլի 24-ին չէ, որ եղել է։ Ցեղասպանության ամենաթեժ շրջանը եղել է 1914-1918թթ․։ Ի՞նչ եք կարծում՝ Հովհաննես Քաջազնունու նման մեծ քաղաքական գործիչը 1918թ․-ին ցավ չէր ապրո՞ւմ հայրենակիցներին կորցնելու եւ հողեր կորցնելու համար։ Կարելի՞ էր նրան անվանել թուրք կամ դավաճան։ Կարծում եմ՝ հարցի պատասխանը միանշանակ է, չէր կարելի»։
Կարդացեք նաև
Լուսինե Բադալյանը նաեւ հարցադրում արեց՝ այսօրվա դաշնակցական գործընկերները, որոնք համարվում են Սիմոն Վրացյանի եւ Հովհաննես Քաջազնունու պես մեծամեծ քաղաքական գործիչների կուսակցական ժառանգներ, ինչո՞ւ են իրենց պահում Վրացյանի նշած մեծահարուստ թիֆլիսահայերի հետ, որոնք պատերազմից հետո՝ սովի, համաճարակի պայմաններում անընդհատ խմորումներ էին անում երկրի ներսում․ «Հարցի պատասխանը ես չունեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ