«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր ԱԺ լիագումար նիստում, երբ Քենիայի օրինակով ուշագրավ կերպով ակնարկներ հնչեցրեց սահմանից այն կողմ գտնվող ժողովուրդների հետ շփվելու մասին, այնուհետեւ անդրադարձավ ընդդիմությանը եւ նշեց, որ վերջինս շարունակաբար մերժում է կառավարության՝ հանդիպելու եւ հարցերի պատասխանները ստանալու առաջարկները․ «Շատ բան չի էլ կորցնում, որովհետեւ ամեն ինչ ասվել է ու ասվում է։ Իրենց էլ պետք է ճիշտ հասկանալ։ Հո չե՞ն կարող առանց փակագծերի խոսակցությունից հետո դուրս գալ եւ շարունակել անտեղյակ ձեւանալ։ Իբր անիրազեկ են, հետեւաբար՝ անպատասխանատու։ Շատ հարմար՝ փսեւդոընդդիմության կարգավիճակ են ընտրել»։
Լենա Նազարյանը շարունակեց․ «Բայց ինձ զարմացնում է քաղաքացիական հանրության կեցվածքը։ Երկու ամիս առաջ կանայք կառավարության շենքի դիմաց էին, դրանից օր առաջ սահմանին նորից զոհեր էին եղել։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, սահմանին ամրաշինական աշխատանք անել, նորակոչիկների փոխարեն սահման տանել պայմանագրայինների, կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարեւոր է։ Ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, չասացին վճռական պահանջ կառավարությանը, որ գնացեք եւ կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը եւ գնացեք լուծումների։ Ես չեմ ձգտում ձեւավորել ընդդիմության կամ քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց ինձ համար պարզ է մի բան։ Փաստորեն, այս կառավարությունը, որն առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է»։
Լենա Նազարյանի խոսքով․ «Որպես կանոն, ավելի առաջադիմական ընդդիմությունը եւ քաղաքացիական հանրությունը պետք է լինեն։ Հուսադրում է, որ քաղաքացիների եւ զոհված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգն ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Միանում եմ դրան, աջակցում վարչապետին, ԱԳՆ-ին եւ կառավարությանը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ