Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանը Քենիայի մասին մեջբերում արեց․ ի՞նչ «ցավոտ զուգահեռների» մասին է նա ակնարկում

Ապրիլ 14,2022 10:40

«Պարոն վարչապետ, ես էլ եմ շնորհակալ ձեր անկեղծ մտքերի համար»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։ Նա հավելեց․ «Նշեցիք մի օտարերկրյա դիվանագետի մասին, որն ասել էր՝ աշխարհում կամ չկան, կամ քիչ են այն երկրները, որոնք գոհ եւ երջանիկ են իրենց սահմաններով կամ արդար են համարում դրանք, բայց ինչ որ տեղ պետք է կանգ առնել։ Նա շնորհակալ է այն սերնդից, որը կանգ առնելու որոշում է կայացրել եւ կարողացել կյանքի կոչել այդ որոշումը»։

Լենա Նազարյանի խոսքով՝ «Այս օրինակներն ինքներս մեզ նայելու լավ առիթ են։ Հիշեցի մեկ այլ օտարերկրյա դիվանագետի խոսք, որն ինձ էր շատ տպավորել՝ ոչ միայն այն պատճառով, որ տեսա ցավոտ զուգահեռներ, այլեւ որովհետեւ իր պետությունն ու ժողովուրդն ուժ են գտել ինչ-որ տեղ կանգ առնելու։ Պատմեմ դրվագը։ Փետրվարին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստում քննարկում էր ՌԴ-Ուկրաինա լարվածության հարցը, եւ երկրների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքների մեջ հանկարծ ինձ համար անսպասելի տեղից՝ հեռավոր Աֆրիկայի մայրցամաքից հնչեց մի տարբերվող ձայն։ Քենիայի ներկայացուցիչն առանց մեղադրանքների ասաց՝ Քենիան, ինչպես եւ Աֆրիկայի գրեթե բոլոր երկրները, ծնվել են կայսրությունների ավերակներից»։

Ապա պատգամավորը մեջբերեց խոսքի շարունակությունը․ «Մեր երկրների սահմանները գծել ենք ոչ թե մենք, այլ գաղութատեր մայրաքաղաքների պաշտոնյաները։ Նրանց չէր հուզում հին ժողովուրդների ճակատագիրը, որոնք նրանք կտոր-կտոր էին անում։ Աֆրիկյան ցանկացած երկրի սահմանից այն կողմ այսօր էլ ապրում են մեր հայրենակիցները, որոնց հետ ամուր կապեր ունենք։ Եթե մեր անկախության հռչակման ժամանակ որոշեիք մեր պետությունների համար փնտրել այնպիսի սահմաններ, որոնք կներառեին նրանց էթնիկ, ռասսայական, կրոնական միատեսակությունը, մինչեւ հիմա արյունալի պատերազմներ կվարեինք։ Փոխարենը համաձայնեցինք ընդունել այն սահմանները, որոնք ժառանգել ենք։ Անգամ դրանցով որոշեցինք հասնել մայրցամաքի տնտեսական-իրավական ինտեգրմանը։ Փոխանակ դառնալու ազգեր, որոնք անվերջ նայում են անցյալին, տրվում վնասակար կարոտախտին, մենք որոշել ենք առաջ շարժվել՝ դեպի մի վեհություն, որը մեր ազգերը նախկինում չեն էլ իմացել։ Որոշել ենք ենթարկվել ՄԱԿ-ի կանոնադրությանը, բայց ոչ այն պատճառով, որ մենք գոհ ենք մեր սահմաններից, այլ որովհետեւ ուզում էինք ավելին, ինչին կարող էինք հասնել միայն խաղաղության միջոցով։ Գիտենք, որ շատ երկրներում մարդիկ երազում են վերամիավորվել սահմանից այն կողմ գտնվող ժողովուրդների հետ։ Սա նորմալ է եւ արժանի է ընկալման, ի վերջո, ո՞վ չի ցանկանում հանդիպել իր եղբայրներին եւ նրանց հետ քայլել դեպի ընդհանուր նպատակ։ Քենիան մերժում է բռնությունը՝ որպես երազանքի հասնելու միջոց․․․»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930