JAMnews. Ռուսական, բելառուսական և ուկրաինական բիզնեսների ներհոսքը Հայաստան շարունակվում է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունում որպես անհատ ձեռներեց հաշվառվել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ուկրաինայի 1180 քաղաքացի, ևս 410-ը գրանցել են ՍՊԸ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 հիմնադրամ, 2 ՓԲԸ: Նոր բիզնեսների գերակշիռ մասն, ինչպես և ակնկալվում էր, ՏՏ ոլորտի ընկերություններ են:
JAMnews-ը փորձել է պարզել, ինչ ընտրություն են ունեցել հատկապես ռուս գործարարները, ինչու է նրանց ընտրությունը Հայաստանի վրա կանգ առել։ Երևան տեղափոխված ռուսաստանցիների պատմությունները։
«Ընտրությունը չորս երկրների միջև էր»
Հայաստան տեղափոխված ձեռնարկատերերն ազնվորեն պատմում են, որ տեղափոխվել են հարակից երկրներում տեղակայվելու շանսերը գնահատելուց հետո միայն: Ընտրությունն էլ հիմնականում Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի ու Հայաստանի միջև է եղել:
Կարդացեք նաև
Շուրջ 5 տարի Ռուսաստանում ՏՏ ոլորտում բիզնես գործունեություն ծավալած ընկերության հիմնադիր Օլեգ Ալեքսանդրովն ասում է. «Դուբայը շատ լավ բիզնես միջավայր ունի, այն չափազանց զարգացած քաղաք է, բայց այնտեղ թանկ է ամեն ինչ: Սովորական, միջին դասի ՏՏ ոլորտի մասնագետը, որն ստանում է 2-4 հազար դոլար, իրեն չի կարող թույլ տալ ապրել Դուբայում:
Թուրքիայում, հատկապես փոքր ու միջին ընկերությունների համար օրինական աշխատելու հնարավորությունները գրեթե անհասանելի են։ Այնտեղ օրենք կա, ըստ որի մեկ օտարազգի աշխատակցի դիմաց պետք է աշխատանքի ընդունվի 5 տեղացի: Հետևաբար, մեզ նման կազմակերպությունների համար այնտեղ ուղղակի անհնար է օրինականորեն գոյություն ունենալ:
Վրաստանը հրաշալի երկիր է, բայց հատկապես վերջին շրջանում ռուսաֆոբիայի շատ դեպքեր են այնտեղ լինում, որոնք ակտիվորեն լուսաբանվում են ռուսական լրատվամիջոցներով: Այդ ամենի ֆոնին քչերն են ցանկանում Վրաստան գնալ, չնայած նրան, որ այնտեղ ևս բիզնես միջավայրը լավն է:
Հայաստանն ունի մի քանի կարևոր առավելություն: Այն առավելապես մոտ է Ռուսաստանին, այստեղ բոլորը խոսում են ռուսերեն, ինչը ոչ պակաս կարևոր է, գործում են հարկային արտոնություններ՝ ՏՏ ոլորտի ստարտափների համար։ Այստեղ հնարավոր է հեշտությամբ ընկերություն գրանցել և օրինական բիզնես վարել: Չափից դուրս շատ չվերթներ կան դեպի Ռուսաստան. այս առումով հեշտ է նաև բիզնես կոմունիկացիան ապահովելը»:
«Գրավիչ բիզնես միջավայր և մարդկային փոխհարաբերություններ»
Մեկ այլ ՏՏ ընկերության հիմնադիր Իվան Ալեքսեևը Հայաստան տեղափոխվելու դրդապատճառների մասին ասում է. «Հայաստանում զարգացած է ձեռնարկատիրական մշակույթը: Բոլորը հասկանում են, որ դա արժեք է և ճիշտ վերաբերմունք են դրսևորում: Մարդկային գործոնը նույնպես նշանակալի է: Հայաստանն, ինչպես ասում են, իմ տեղն է: Այստեղ ուղղակի լավ մարդիկ են ու դրական մարդկային փոխհարաբերությունններ: Ինձ դուր է գալիս տեղի մշակույթն ու ոգին։
Երբ կինս երկու տարեկան դստերս հետ դուրս է գալիս զբոսանքի, մեկը կոնֆետ է հյուրասիրում, մյուսը՝ միրգ, մեկը փաթաթվում է, մյուսը՝ շոյում: Իմ աղջիկն իրեն սուպերաստղ է զգում այս միջավայրում: Սա ուղղակի մարդկային վերաբերմունք է, բայց հոգեբանորեն շատ գրավիչ է»:
Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների գնահատմամբ՝ նման ներհոսքի պարագայում Հայաստանն ունի բոլոր շանսերը՝ դառնալու ՏՏ ոլորտի առաջատարը՝ տարածաշրջանում:
Իվան Ալեքսեևի տեսլականն այս առումով, ավելի հավակնոտ է․«Ես հավատում եմ, որ բոլոր դրական զգացողությունները կփոխակերպվեն հաջողակ բիզնես նախագծերի: Ես հավատում եմ, որ Հայաստանը հնարավոր է դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների Սինգապուր»:
Գայանե ՍԱՐԳՍՅԱՆ