Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անհասկանալի է խաղաղապահ առաքելության դեմ ադրբեջանական կողմի «բեմադրած» այս թատրոնի իմաստը». «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 14,2022 10:05

Նախօրեին Արցախի Հանրապետության Փառուխ գյուղի հարակից դիրքերում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով հերթական վիրավորումն է ստացել պաշտպանության բանակի մեկ զինծառայող։ Միջադեպի հատկանշական կողմն այն է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հստակ արձանագրեց, որ հրադադարը խախտել են ադրբեջանցի զինծառայողները: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանն այլեւս ստիպված է կողմերի միջեւ հավասարության նշան չդնել եւ, ինչպես ասում են, իրերն իրենց անուններով կոչել: Դա նոր միտում է Արցախում խաղաղապահ առաքելության ստանձնումից ի վեր: Նախկինում ադրբեջանական զինուժի սադրանքների մասին միայն Արցախի ՊԲ-ն էր հայտարարում, իսկ այն դեպքերում, երբ ՌԴ ՊՆ-ն այլընտրանք չէր ունենում չարձագանքելու, նրա տարածած հայտարարությունը երկու կողմերին էր ուղղվում:

Եթե ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ Հայաստանում որոշակի հարցեր կան, ապա, հատկապես Փառուխի դեպքերից հետո, անհասկանալի է խաղաղապահ առաքելության դեմ ադրբեջանական կողմի «բեմադրած» այս թատրոնի իմաստը: Բաքվի այդ քայլերի միակ բացատրությունը, թերեւս, այն կարող է լինել, որ վերջինս, օգտվելով ուկրաինական ճգնաժամից, փորձում է ճնշումներ գործադրել ռուսական կողմի վրա եւ որոշակի շահաբաժիններ կորզել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից:

Բոլոր դեպքերում Փառուխում կատարվածին պետք է տրվի գնահատական, եւ պարզաբանվեն դրա հանգամանքները, քանի որ այն ոչ միայն հարված էր ՌԴ հեղինակությանը, այլեւ պատերազմից հետո Արցախի շուրջ ձեւավորված ժամանակավոր անվտանգային ճարտարապետությանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ միջադեպի հենց սկզբից խաղաղապահները հայտնել են, որ քննություն են անցկացնում, եւ հանգամանքները պարզելուց հետո կհրապարակվեն դրանց արդյունքները: Սակայն ռուս խաղաղապահների շուրջ ծավալված վերջին զարգացումներում խնդիրը բոլորովին այլ տեղ է:

Ռուսական խաղաղապահ զորախումբը մեղավոր չէ, որ ադրբեջանցիները կրակում են Արցախի խաղաղ բնակիչների վրա եւ գյուղերի ուղղությամբ: Մեծ հարց է, թե ինչպես իրեն կպահեր ադրբեջանական զինուժը, եթե Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում ռուս խաղաղապահների փոխարեն այլ երկրի խաղաղապահներ լինեին: Հավանականությունը մեծ է, որ այդ դեպքում Ադրբեջանն ավելի սանձարձակ կլիներ իր ագրեսիան՝ Արցախն էթնիկ զտման ենթարկելու ձգտումները կյանքի կոչելու գործողություններում: Հետեւաբար, Արցախի շուրջ ստեղծված ներկայիս խնդիրների լուծումը միջազգային հանրության կողմից Ադրբեջանին կարգի հրավիրելու մեջ է միայն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930