Վերջին օրերին հատկապես Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները խորացնում են մեր մտահոգությունները, հարցերին պատասխաններ չեն տրվում, կամ հնչում են մտքեր, որոնք էլ ավելի են խճճում իրավիճակը: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ հատուկ հանձնարարությամբ եկել են, շատ սերտորեն համագործակցում են այն ուժերի հետո, որոնք մեր դարավոր թշնամիներն են և փափուկ տեղավորվել են այդ մարդկանց առաջադրած «անկողնում», որպեսզի կարողանան նրանց բոլոր պահանջները կատարել:
«Դրա համար մշակված է բազմագույն պլան՝ մի օր աղ ու բիբարի, մի օր ուսումնական պլանների, մի օր այլ տեսքով, որպեսզի կարողանան հասնել իրենց նպատակին: Տեսեք՝ ինչ է կատարվում. մանկապարտեզներից մինչև բուհեր խցկում են իրենց անարժան ներկայացուցիչներին, որոնք, մեղմ, ասած կիսագրագետ են, եթե չասեմ, որ նրանց գրագիտությունը դրսևորվում է միայն դրսի մի քանի ամսվա կուրսերով, որտեղ սովորեցրել են, թե ինչպես քանդել երկիրը: Եթե պատկերավոր ասեմ, Արցախն այն հիվանդն է, որի երակը բացել են, որպեսզի նոր արյուն ներարկեն, սակայն դա չեն անում, թողնում են, որպեսզի հիվանդն արնաքամ լինի: Արցախն այսօր արնաքամ լինող հիվանդն է: Մի հարվածով միանգամից երկու նշանակետ են խոցում: Առաջինը սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, որպեսզի ռուսների համբերության հատման նշագծին նրանք պարզապես փեշերը թափ տան Հայաստանից, իսկ սա նշանակում է Հայաստանի կործանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:
Ընդգծում է՝ նրանք երբեք չեն ընդունել Արցախի դրոշը, և Արցախն իբրև կառույց նրանց համար երբևէ գոյություն չի ունեցել:
Ընդ որում, Հայաստանի և Ադրբեջանի համար ժողովուրդներ տերմինն են օգտագործում, Արցախի համար՝ բնակչություն:
Կարդացեք նաև
Սրապիոնյանը հիշեցնում է, որ այս իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, թե տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ընդունում են, դա կստորագրեն, իսկ դա նշանակում է Արցախը նվիրաբերել ազերիներին, որոնք երկու ժամում կլցնեն այն: «Այն, որ պետականություն չունենք, աքսիոմատիկ ճշմարտություն է արդեն: Հայաստանը վերածում են անկլավի, Զանգեզուրի թևը կտան, Տավուշի 5-6 գյուղերը կտան, Իրանի ճանապարհը կփակվի: Ո ՞ւր հասցրեցին մեր ժողովրդին, մի մասը, որը տագնապած է, հույսը դրել է Իրանի ցանկության վրա, որը թույլ չի տա, որ Ադրբեջանը հաստատվի այստեղ: Եթե վանեցինք ռուսներին մեզանից, նա կտանի այնքան, ինչքան ուժը կպատի և որքան իր շահերին համապատասխան է:
Մնացածը կմնա թուրքական տիրապետության գոտի: Եթե շարունակենք ռուսների հետ նույն կերպ պահմտոցի խաղալ, նրանք մեզ ցավոտ դաս կտան:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։