Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբվել ո՞ր օրակարգի շուրջ․ կապանցիները ընդդիմադիր պատգամավորներից հստակ գործողությունների պլան պահանջեցին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 14,2022 00:30

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը Սյունիքում  հանդիպումներ ունեցան ընտրողների հետ։

Մեղրիում ու Ագարակում նրանք Արցախի դրոշը բարձրացրին, եղան սահմանամերձ Ծավ ու Ներքին Հանդ բնակավայրերում։ «Ես հաճախ եմ լինում Սյունիքում, մի քանի օր առաջ էի Ներքին Հանդում։  Այսօր պարզվում է, որ ադրբեջանցիները ոչ միայն դիրք են դրել մեր տարածքում,  այլ ակտիվ նաեւ ճանապարհ են կառուցում դեպի այդ դիրքը»,-Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կապանցիների հետ կայացած հանդիպմանն ասաց պատգամավոր, ծննդով կապանցի Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով Արցախի դրոշը Հայաստանի տարբեր համայնքներում բարձրացնելով՝ ցույց են տալիս, որ վերջնականապես հանձնվելու նպատակ չունենք։ «Ավելին, մենք համախմբելու ենք մարդկանց, այն մարդկանց, ովքեր իսկապես գնահատում են պետականությունը։ Պիտի համախմբվենք ու  աշխարհին ներկայացնենք, որ այն մարդիկ, ովքեր Հայաստանում իշխանություն են, նրանք չեն որոշում հայի ինքնությունը, հայի տեսակը։ Կան մարդիկ, որոնք համաձայն չեն պարտվողական քաղաքականության հետ»,-նշեց տիկին Գրիգորյանը։

Հանդիպման մասնակիցները իրենց խոսքում նշեցին, որ այն ամենի մասին, ինչ  խոսեցին պատգամավորները՝ նորություն չէր եւ բոլորն էլ տեղյակ են իրավիճակին։  Քաղաքացիները պատգամավորներից ուզում էին իմանալ իրավիճակից դուրս գալու ելքը, լսել  առաջարկվող տարբերակները։ «Համախմբվել ո՞ր օրակարգի շուրջ՝ փողոց դուրս գալո՞ւ, ստատուսային օրակարգի՞։ Եթե մենք կորցրել ենք երկիր, կորցրել ենք Արցախ․ գործողությունների շուրջ բերեք մեզ, ասեք ո՞րն է մեր հստակ գործողությունները»,-դիմելով պատգամավորներին՝ հարցրեց  Գոռ Մաթեւոսյանը։ Վերջինիս խոսքով ինքը ծննդով երեւանցի է, բայց այսօր ապրում է Կապանում։

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանելով հարցին՝ մասնավորապես նշեց, որ ցանկացած գործողության դիմելու համար պետք է ունենալ  ռեսուրսային բազա։ «Այդ բազան մեծացնելու համար պիտի կարողանաս պահել համախոհներին ու միաժամանակ փորձել երրորդ մեծ խմբից մարդկանց բերելու այս դաշտ։ Փաշինյանական դաշտից այս պահին դժվար է մարդ բերել»,-նշեց Խաչատրյանը։ Վերջինիս խոսքով՝ պետք է մարդկանց արթնացնել, որովհետեւ իրենց ունեցած ռեսուրսը վճռական քայլի համար դեռեւս քիչ է։

« Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի։ Նա ստացավ ժողովրդի քվեի 25 տոկոսը միայն։ Պիտի այդ 75 տոկոսը միանա մեր պայքարին, լա՛վ, չեմ ասում բոլորը, գոնե շատերը միանան»,-իր խոսքը եզրափակեց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավոր Արմեն Գեւորգյանը համաձայն էր սյունեցիների տեսակետի հետ։ «Մենք հստակ օրակարգ չունենք, մենք արձագանքում ենք իշխանության օրակարգին։ Պատրաստի դեղատոմսեր մենք այս պահին չենք առաջարկում,  բայց մեր գործողությունների պատասխանները արագ պիտի ստանաք»,-ասաց Արմեն Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքը իրենց հույս տվեց, որ մենակ չեն։ «Այն տպավորություն էր, որ մեզ չեն հասկանում  կամ նմանատիպ հանրային-հասարակական պահանջ չկա, որ ակտիվ քաղաքականություն իրականացվի»,-նշեց Արմեն Գեւորգյանը։

«Հարցերը տարիներով մնում են չլուծված։ Վերջին չորս տարում էլ  լուծում չեն ստացել, նախորդ իշխանությունների օրոք էլ բարձրացվել, բայց լուծում չեն ստացել։ Օրինակ Մեղրիի ու Ագարակի գազաֆիկացումը սկսվել է վաղուց, բայց մինչեւ օրս մարդիկ գազ չունեն»,–ասաց Արմեն Գեւորգյանը։

Թե ինչու անցած խորհրդարանական ընտրություններում Սյունիքը նման արդյունք ցույց տվեց՝ մտահոգում էր Արմեն Գեւորգյանին։  «Իմ խորին համոզմամբ, հանրապետության մի զգալի մասը, հատկապես գյուղական, մարզային բնակավայրերը նստած են Հանրային հեռուստաընկերության քարոզչության վրա։ Ընդդիմությունը այդ հնարավորությունը չունի»,-նշեց Արմեն Գեւորգյանը՝ ավելացնելով, որ հիմա խորհրդարանի ամբիոնն են օգտագործում իրենց գաղափարները այդ կերպ հասցնելով մարդկանց։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպման վերջում հավաստիացրին, որ նմանատիպ հավաքներ այսուհետ պարբերաբար են կազմակերպվելու։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930