Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնարավորություն կստեղծվի կյանք տալ այն սաղմերին, որոնք պետք է ոչնչացվեին

Ապրիլ 14,2022 15:00

Անպտուղ զույգերը հնարավորություն կունենան ստանալ արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերը։

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով սահմանվում է արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձեւն ու սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները։

Դեռ 2021 թվականին «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում կատարվել էր փոփոխություն, որով սահմանվել էր կենսաբանական ծնող չհանդիսացող զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը, ինչպես նաեւ արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերի` բժշկական կազմակերպությանը անհատույց տրամադրման հնարավորությունը։ Այսինքն, ըստ այս փոփոխության, բժշկական կազմակերպությունը իրավունք է ստացել սաղմն անհատույց տրամադրել այն զույգին կամ կնոջը, որը կարիք ունի համապատասխանաբար ձվաբջջի եւ սերմնաբջջի դոնորի կամ ձվաբջջի դոնորի:

Այժմ, շրջանառության մեջ դրված նախագծով, երկկողմանի համաձայնության ձեւն է սահմանվում, որը կնքվելու է սաղմի կենսաբանական ծնող հանդիսացող անձանց/անձի եւ բուժհաստատության միջեւ, ինչպես նաեւ սահմանվում է բուժհաստատության կողմից դրա կարիքը ունեցող անձանց սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները։

Նախագծի հեղինակները դրա ընդունմամբ ակնկալում են, որ սաղմի անհատույց տրամադրման արդյունքում այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, նույնպես հնարավորություն կստանան վայելելու ծնող դառնալու բերկրանքը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի կյանք տալ այն սաղմերին, որոնք պետք է ոչնչացվեին: «Մյուս կողմից, դոնորական սաղմի ներպատվաստման առաջնահերթություն տալով պետական պատվերի շրջանակներում բուժում ստացող անպտուղ զույգերին, վերջիններիս արտամարմնային բեղմնավորման համար անհրաժեշտ գումարը կտնտեսվի, թեթեւացնելով պետության բեռը եւ ուղղելով այդ միջոցները այլ անպտուղ զույգերի բուժմանը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ինչ է նախատեսում համաձայնությունը կամ, ըստ էության, կողմերի միջեւ կնքվող պայմանագիրը։

Նախ՝ անձը կամ զույգը տալիս են իրենց համաձայնությունը, որպեսզի տվյալ կազմակերպությունում արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված իրենց սաղմը կամ սաղմերը անհատույց տրամադրվի կազմակերպությանը, վերջինս էլ դոնորական սաղմի կարիք ունեցող զույգին կամ կնոջը (Ռեցիպիենտին) անհատույց տրամադրի, կամ էլ համաձայնություն են տալիս պահպանել այն կազմակերպությունում`փոխհատուցման դիմաց կամ ոչնչացնել։

Համաձայնությամբ սահմանվում է՝ եթե գրավոր պայմանավորվածությամբ նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին գրավոր նոր համաձայնություն չի ստացվում, ապա կազմակերպությունը կարող է այն ոչնչացնել կրիոպահեստում պահպանման հանձնված սաղմը կամ էլ անհատույց տրամադրել անպտուղ զույգին։ Ըստ նախագծի, կողմին որոշ ժամանակ է տրամադրվում համաձայնությունը չեղարկելու համար։ Հավանաբար հաշվի է առնվել, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ կողմը կարող է փոշմանել, ի վերջո, մարդասիրական, բայց այնքան էլ հեշտ քայլ չէ սաղմը տրամադրել օտար անձանց։

Ըստ նախագծի, համաձայնության նոտարական վավերացում ստանալու պահից 3 ամսվա ընթացքում սաղմ տրամադրողները կարող են հետ վերցնել իրենց համաձայնությունը` սաղմի պահպանման ծախսերը փոխհատուցելու պայմանով։

Բացի այս, կա նաեւ իրազեկման թերթիկ, որի տակ եւս դոնորները կամ սաղմ տրամադրողները պետք է ստորագրեն։
Այս իրազեկման թերթիկով էլ տեղեկացվում են, որ կնոջ կամ զույգի՝ կազմակերպությանը տրամադրած սաղմերի ցանկացած Ռեցիպիենտը լինելու է անանուն, եւ սաղմ տրամադրողը չի կարող տեղեկատվություն ստանալ տվյալ անձի մասին։ Այս իրազեկման թերթիկով կինը կամ զույգն, ըստ էության, պարտավորվում են սաղմերը անհատույց տրամադրելուց հետո չփնտրել եւ չստանալ որեւէ տեղեկություն իրենց սաղմերի վերաբերյալ, ներառյալ՝ երբ եւ արդյոք իր սաղմերը ապասառեցվել կամ ներպատվաստվել են, ինչպես նաեւ դրա արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը:

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման ընթացքում ձեռք բերված սաղմ տրամադրողի մասին բոլոր տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք, եւ առանց իր համաձայնության չպետք է բացահայտվեն։

Ըստ նախագծի, սաղմերը օգտագործելու կամ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու բոլոր իրավունքներից հրաժարվում է սաղմ տրամադրողը: Հետագայում եթե կրիոպահպանված սաղմերի օգտագործումը հանգեցնի երեխայի ծննդի, ապա տվյալ սաղմը տրամադրողը հրաժարվում է երեխայի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ պահանջներից, երեխաները պետք է լինեն նրանց ծնող և/կամ դաստիարակությունը ստանձնող զույգի/կնոջ օրինական երեխաները:

Այնուամենայնիվ, որոշ բացառիկ դեպքերում սաղմ տրամադրողի անձնական տվյալները կարող են բացահայտվել։ Եթե սաղմից ծնված երեխան ունի բժշկական կամ հոգեբանական կարիք, որը կարող է բավարարել տվյալ սաղմը տրամադրողը, ապա բժշկական կազմակերպությունը, հիմք ընդունելով դատարանի ուժի մեջ մտած որոշումը` ռեցիպիենտի դիմումը բավարարելու վերաբերյալ, կարող է ռեցիպիենտի խնդրանքը փոխանցել սաղմը տրամադրողին, որը բավարարելու համար պարտավորություն չի սահմանվում։ Ըստ նախագծի, նման խնդրանքները կարող են լինել այնպիսի բժշկական կարիքների համար, ինչպիսին է ոսկրածուծի փոխպատվաստումը, կամ չափահաս դարձած երեխայի պահանջով կամ այլ, տվյալ համաձայնությամբ չնախատեսված դեպքերում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930