Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչական դատարանի դատավորը հայցվորից թաքուն որոշում է կայացրել, «մոռանալով» իր՝ նախկին կասեցման որոշման մասին

Ապրիլ 14,2022 14:30

Այս տարվա մարտի 4-ին վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը վարույթ ընդունեց Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 բնակելի տան սեփականատեր, «Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանի հայցադիմումը: Նա դատարան էր դիմել փետրվարի 24-ին ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ 22.12.2021 թվականի թիվ 01/18-130064-2232 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջով:

Հայցվորը միջնորդել է կասեցնել 22.12.2021 թվականի թիվ 01/18-130064-2232 շինարարության թույլտվության կատարումը:


Հայցվորի պնդմամբ, բազմաբնակարան շենքի շինարարությամբ խախտվում է իր՝ սեփականության իրավունքը, քանի որ չեն պահպանվել քաղաքաշինական նորմերով սահմանված հակահրդեհային անվտանգության միջտարածությունը եւ շինարարությունը հանգեցնում է հայցվորի անշարժ գույքի բնական լուսավորվածության սահմանափակմանը: Դատարանը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի:


Ըստ դատարանի՝ «դատարան ներկայացված ապացույցների հանրագումարը առաջացնում է հիմնավոր ռիսկեր, որ վիճարկվող շինարարության թույլտվությամբ նախատեսված աշխատանքները կարող են ազդել հայցվորին պատկանող գույքի վրա: Տվյալ պահին հնարավոր չէ բացառել, որ շինարարությամբ կարող են առաջանալ հայցվորին պատկանող գույքի պահպանման լուրջ խնդիրներ: Նման պայմաններում այս պահին եղած տվյալների հիման վրա անհրաժեշտ է կասեցնել վիճարկվող ակտի կատարումը՝ վերեւում նշված ռիսկերն ապահովագրելու նպատակով: Դատարանն այդ օրվա որոշմամբ՝ Անդրանիկ Մանուկյանի միջնորդության հիման վրա կասեցրեց Երեւանի քաղաքապետի 22.12.2021 թվականին տված թիվ 01/18-130064-2232 շինարարության թույլտվության կատարումը երկու ամիս ժամկետով:

Դատարան ներկայացվել էին շինարարատեխնիկական փորձաքննության թիվ ԷԸ-22/Պ-0002/1 եզրակացության օրինակը, որով շինարարատեխնիկական փորձաքննություն մասնագիտացմամբ դատական փորձագետը գտել էր, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեին հարակից կառուցվող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ խախտվում են ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմի թիվ 79, 80, 297, 300, 439 եւ 449 եւ ՀՀՇՆ 21-01-2014, «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի թիվ 149, 150, 151, 152 կետերի պահանջները եւ որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցմամբ Անդրանիկ Մանուկյանը զրկվում է իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեի հողամասը լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու՝ ըստ նպատակային նշանակությամբ՝ «բնակելի կառուցապատման», իրավունքից, քանի որ բազմաբնակարան բնակելի շենքին կից կառուցապատումը կառաջացնի վերը թվարկված քաղաքաշինական նորմերի խախտումներ:

Դատարանը տասներկու հարկանի շենքը կառուցող «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվին ներգրավեց՝ որպես երրորդ անձ: Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու մասով որոշումն օրինական ուժի մեջ էր մտնում այն ստանալուց 5 օր հետո եւ կարող է բողոքարկվել վերաքննության կարգով մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը ու մինչ Երեւանի քաղաքապետարանից կպահանջեր որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում ներկայացնել 22.12.2021 թվականին տված թիվ 01/18-130064-2232 շինարարության թույլտվության հիմքում դրված նյութերը, տեղի ունեցավ անսպասելին: Ապրիլի 8-ին ավելի մեծ թափով սկսվել է շինարարությունը: Պարզվել է՝ նույն դատավորի որոշմամբ, չանցած երկու ամիսը, չանցած բողոքարկման ժամկետը, որոշումը չստացած կայացվել է նոր որոշում՝ շինարարությունը սկսելու մասին: Այդ որոշման մասին, չեղած դատական նիստի մասին կողմը տեղյակ չի եղել: Այդ պատճառով ապրիլի 11-ին վարչական վերաքննիչ դատարան է դիմել Անդրանիկ Մանուկյանը:

 

Երեկ Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ վարչական դատարանը որոշման մեջ արձանագրել է, թե բազմաբնակարան շենքի կառուցապատողը չորս միլիոն դոլար գումար վարկ է վերցրել շինարարության համար, եւ եթե դադարեցվի շինարարությունը, ավելի մեծ վնաս է կրելու կառուցապատողը, քան՝ Անդրանիկ Մանուկյանը: Վերջինս առանց այդ էլ մեծ վնաս է կրել, կրում, դեռ շինարարությունը չավարտված, «Առավոտի» տեսախցիկը ֆիքսել է դրանք, նրա տան մի հատվածը ներկայումս քանդված է, տան ներսում ամեն օր ճաքեր ու ճեղքեր են ավելանում, նա իր մանկահասակ երեխաներով հայտնվել է ֆիզիկական, մարդկային վտանգի առաջ: Չորս միլիոնն ավելի թանկ գնահատվեց, քան՝ մարդու կյանքը. «Դատարանը չի տեղեկացրել, որոշում է կայացրել շինկասեցումը վերացնելու մասին: Դատարանը խախտել է սահմանադրական իրավունքները: Տվյալ իրավիճակում, եթե կողմը միջնորդություն է ներկայացրել, եւ այն չի ուղարկվել ինձ, ես չեմ ներկայացրել իմ առարկությունները, չեմ ծանոթացել միջնորդությանը, նշանակում է՝ անտեսվել եմ ես, իմ ու ընտանիքիս իրավունքները: Ես գիտեի՝ ամենամեծ արժեքը մարդն է, եթե վարկ են վերցրել, որ ինչ՝ իմ տունը քանդե՞ն, իմ ստեղծագործական աշխարհը քանդե՞ն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. «Առավոտը» անդրադարձել է («Գաթա Բենդ» խմբի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանի տունը վտանգված է», 04.03.2022 եւ՝ «Շինարարությունն իրականացվում է՝ չնայած դատարանի արգելքի մասին որոշման» (24.03.2022) եւ հետեւելու է այս դատական վեճի ընթացքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930