Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծարված Ազնավուր՝ աշխարհում եւ Հայաստանում

Ապրիլ 14,2022 13:30
Aznavur

Շառլ Ազնավուրի արվեստին արեւմտյան մամուլի անդրադարձներում հաճախ ենք հանդիպում գուցե կեսկատակ-կեսլուրջ ասված հետեւյալ մտքին. «Անգամ նրանք, որոնք երբեւէ չեն լսել Շառլ Ազնավուր անունը, «երաշխավորված» են եղել լսելու նրա երգերը։ Ինչը զարմանալի չէ. ստեղծագործական գործունեության տարիների ընթացքում հայազգի ֆրանսիացի շանսոնյեն ստեղծել է մոտ 1300 երգ եւ վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ…»։

95 տարեկանից երկնային կյանքով ապրող մեծանուն շանսոնյեն առաջին անգամ համերգային այցով հայրենիքում եղավ 1964թ., իսկ վերջին անգամ՝ 2017-ին։ Վերջին այցի ժամանակ Երեւանի օպերային թատրոնում՝ ի պատիվ մեր հայրենակցի, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 28 երգիչների մասնակցությամբ շքեղ ծրագիր էր պատրաստել «Քեզ համար, Ազնավուր» խորագրով, որի ընթացքում մեր արտիստները հանդես եկան հիմնականում դուետներով, բնականաբար՝ ազնավուրյան երգերով ու նրա երգացանկից կատարումներով։ Այդ երեկոն մինչ օրս էլ դրոշմվել է հանդիսատեսի հիշողության մեջ։ Համերգի հաջողությանը նպաստեցին նաեւ դաշնակահար Կարեն Անանյանը, մաեստրո Թոփչյանի ասիստենտ Վարդուհի Մինասյանը եւ, իհարկե՝ կոմպոզիտորներ Երվանդ Երզնկյանը, Մելիք Մավիսակալյանը, Նարինե Զարիֆյանը եւ Վաչե Շարաֆյանը, որոնք հատուկ համերգի համար գործիքավորել էին Ազնավուրի ստեղծագործությունները։

Իլոնա Սագիեւան, Վարդուհի Մինասյանը եւ Գոռ Սուջյանը

2017-ից հետո ֆիլհարմոնիկը եւս երեք ազնավուրյան մեծ ծրագրերով ներկայացավ հանդիսատեսին։ Երբ «Առավոտը» 2017-ին դիմեց տասնամյակներ շարունակ շանսոնյեի պրոդյուսեր եւ կենսագիր պարոն Սայանին՝ հետաքրքրվելով, որ թեեւ մեծարման երեկոները շանսոնյեի համար սովորական են դարձել, այնուամենայնիվ, ի՞նչ է պատրաստվում նրա ծննդյան 100-ամյակի առիթով, պարոն Սայանը պատասխանել էր. «Իհարկե, 100-ամյակի առիթով աշխարհի տարբեր երկրներում կլինի համերգաշար, որը կմեկնարկի Ազնավուրի ծննդավայրում՝ Փարիզում, 2024թ. մայիսի 22-ին…»։ Մեկ հարց էլ էինք ուղղել. ինչպե՞ս է կարողանում արտիստը պատկառելի տարիքում պահպանել իր գերազանց մարզավիճակը։ Մեր զրուցակիցը հավաստիացրել էր, որ արտիստը ամեն օր լողում է 340 մետր, այն էլ հատուկ ծանր կշիռ ունեցող գոտիով, սնվում է ափսեում եղած սննդի ուղիղ կեսի չափով, թունդ ալկոհոլ չի օգտագործում, նախընտրում է գինի ու շամպայն։

Նունե Եսայան – Ավո Խալաթյան

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկը դարձյալ անդրադարձել էր ազնավուրյան երգացանկին։ Մենակատարները՝ ճանաչված երգիչներ Իլոնա Սագիեւան, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Գոռ Սուջյանը, Հայկ Պետրոսյանը, տենոր Տիգրան Հակոբյանն ու Նավասարդ Հակոբյանը, դատելով լեփ-լեցուն դահլիճի արձագանքներից, կարողացան իրենց մեկնաբանություններով բավարարել հանդիսատեսին՝ կատարելով ոչ թե մեկ, այլ արդեն մի քանի տասնամյակ աշխարհին ծանոթ ու վաղուց սիրված ազնավուրյան հիթերը։ Չմոռանանք նշել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած «Only Girls» վոկալ անսամբլի մատուցմամբ Գյուրջինյանի «Նվիրում Ազնավուրին» երգի հրաշալի կատարումը։

Հայկ Պետրոսյան, Էդուարդ Թոփչյան

Մահվանից 3 տարի առաջ ֆրանսիական հայտնի Maxim պարբերականին վերջին հարցազրույցում լեգենդար արվեստագետը որոշ փակագծեր է բացել անձնական կյանքից, հայտնելով, թե իրեն շատ վաղուց վերագրել են 20-րդ դարի ամենավառ կանանց՝ Էդիթ Պիաֆի, Լայզա Մինելիի, Բրիջիթ Բարդոյի հետ սիրավեպերը։ Շանսոնյեի խոսքերով՝ բամբասանքներին զուգահեռ նա հասցրել է երեք անգամ ամուսնանալ՝ դառնալով 6 երեխաների հայր: «Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ՝ նա շատ հիմար էր։ Երրորդ անգամ վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել եմ՝ բաց աչքերով եւ մետաքսյա մաշկով շիկահերի՝ Ուլայի հետ։ Նա ինձնից 17 տարով փոքր է։ Իմ կարծիքով՝ տարիքային մեծ տարբերություն է դա, բայց մեր երկարաժամկետ ամուսնության գաղտնիքը միմյանց կողքին հնարավորինս բնական պահելն է եւ միշտ միմյանց ասել այն, ինչ ուզում ենք ասել։ Ես դա կարող եմ ինձ թույլ տալ, մանավանդ այսօր, իմ տարիքում։ Գիտե՞ք, ես հիմա նման եմ սրբազան կովի…»,-ասել էր Ազնավուրը։ Հարցին՝ բացարձակ վիճելի թեմաներ է՞լ չեն եղել, «եղել են», պատասխանել է շանսոնյեն ու մանրամասնել. «1972 թ. մի վիճահարույց երգ կատարեցի գեյի անունից։ Այդ երգի ուժը հենց նրանում է, որ գրված է առաջին դեմքով։ Ես չէի կարող ինձ թույլ տալ մատով ցույց տալ եւ երգել «նրանք»։ Ես դերասան եմ եւ, այո, այդ երգով միասեռականի եմ խաղացել։ Հատկապես, որ այն տարիներին նրանք շատ էին իմ շրջապատում եւ բոլորն էլ շատ-շատ տաղանդավոր էին։ Հիմա ուրախ եմ, որ մեր օրերում նրանց կյանքը հեշտացել է…»։

Լրագրողը հարցապնդում է արել սիրավեպերի մասին։ Շանսոնյեն էլ պատասխանել է. «Ի՞նչ է ձեր ուզածը։ Եթե այդքան ցանկանում եք, լսեք. Պիաֆն ամենեւին էլ իմ նախընտրած կնոջ տեսակը չէր, բայց նա բացառիկ ընկերասեր էր։ Մենք ունեինք այն, ինչը ֆրանսիացիներս անվանում ենք «սիրային ընկերություն»։ Սա այն դեպքում, երբ ընկերները նուրբ են միմյանց հետ վարվում, սիրում են նույն բաները եւ կարողանում են գրկել ու համբուրվել։ Բայց ընդամենն այսքանը, ոչ ավելին։ Հասկացեք, հայտնի մարդիկ չեն սիրահարվում միմյանց միայն այն պատճառով, որ հայտնի են»։

Տիգրան Հակոբյան եւ Նավասարդ Հակոբյան

Հարցին էլ դուք՝ որպես հանճար, մշտապես հավատացե՞լ եք ձեր տաղանդին, Ազնավուրը պատասխանել էր. «Եղել են օրեր, երբ ինձ համարել եմ ամենագեղեցիկ էակը, օրեր էլ են եղել, երբ ինձ թվացել է, որ պարզապես ոչինչ եմ։ Մի օր երգ եմ գրում, մյուս օրը այն պատառոտում եմ ու գցում աղբարկղը։ Եվ այսպես տասնամյակներ շարունակ»։

Անդրադառնանք վերջերս կայացած երեկոյին։ Համերգավարի դերում հանդես եկող Հայկ Պետրոսյանը հայտարարություն արեց, թե կուլիսներում Գոռ Սուջյանից առաջին անգամ լսեց, որ նա Ազնավուրի բարեկամն է։ Ասածն էլ մանրամասնեց. «Գոռի պապի պապը ազգակցական կապ է ունեցել Ազնավուրյանների հետ»։ Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց հանդիսատեսի կողմից, որի մի մասը իրավացիորեն տարակուսեց, թե ինչու էր երգիչը մինչ օրս լռում այդ մասին, չէ՞ որ նա պատիվ է ունեցել 2017թ. մասնակցել շանսոնյեի ներկայությամբ օպերայում կայացած համերգին, ի՞նչն էր նրան խանգարում այդ մասին հայտարարել…

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930