Լրահոս
Օրվա լրահոսը

Նա գիտեր հայրենիքի արժեքը

Ապրիլ 14,2022 13:00

Լոռվա Հաղպատ գյուղում 2001 թվականի հուլիսի 6-ին ծնվեց Ռազմիկ Թանդիլյանը։ «Տղա՛ է ծնվել»,-բոլորն ուրախ էին։ Կրակոտ բնավորությամբ հայորդին ամենուր լույս էր տարածում։ Ներդաշնակ էր կյանքի, դրա օրենքների ու սեփական ներաշխարհի հետ։ Ինքը գիտեր, թե ինչի համար է ծնվել…

Երբ մեկ տարեկան Ռազն սկսեց քայլել, մայրը՝ տիկին Ալիսան, միշտ զարմանում էր նրա քայլվածքից։ Տղան որտնաթաթերով էր քայլում, ասես ճախրում էր, չէր ուզում ծանրանալ մայր հողին։ Այդ քայլվածքը բնորոշ էր Ռազմիկին նաեւ հասուն տարիքում։

Աշխույժ ու հետաքրքրասեր Ռազմիկը, ինչ խոսք, չսիրեց մանկապարտեզը կեսօրին քնելու պատճառով։ Դեռ մանկապարտեզից գիտեր, որ «տան խոսքն ու գործը մնում է տանը, դրսի խոսքն ու գործը՝ դրսում»։


Նա սարի՛ տղա էր, ինքն էլ մի սար էր։ Սուր միտքն ու ճկունությունն ուղեկցեցին նրան` կարճ, բայց արժանապատիվ կյանքի ընթացքում։ «Դեռահասը» Ռազմիկի սիրած բառն էր։ Տանը նրան միշտ ասում էին՝ փոքր է, փոքր է։ Ինքն էլ, նեղված, բոլորին ուղղում էր. «Արդեն դեռահաս եմ, դեռահա՛ս»։

Զրուցելիս, պատմելիս, կատակասեր Ռազն իր տարերքի մեջ էր։ Նա սիրում էր ուշադրության կենտրոնում լինել։ Որպես ավանդապահ ու հյուրասեր լոռեցի՝ առիթ լինի, թե ոչ, մայրիկին ասում էր` «հաց սարքիր, ինչքան բեսեդկա կա, պիտի ամենում հաց ուտենք ընկերներով»։
Ռազմիկը հաճախակի էր սիրահարվում, ու ամեն անգամ թվում էր՝ թե վերջինն է ու միակը։ Նա սիրում էր, միաժամանակ նաեւ թղթին հանձնում մտքերը։ Իր գրածները սիրո, կյանքի, ընկերների մասին էին ու դրանցում մի տեսակ թախիծը շատ էր։
Տիկին Ալիսան կարդում է որդու տողերն ու մտածում, որ Ռազմիկը կանխազգում էր իր ճակատագիրը, շտապում էր ամեն ինչում, շտապում էր ապրել, շուտ ապրել…


Դպրոցն ավարտելուց հետո որոշեց ընտրել եղբոր՝ Ռաֆիկի ընտրած մասնագիտությունը, ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինության, տրանսպորտի եւ դիզայնի բաժինը՝ «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությամբ։ Հասցրեց սովորել մի կիսամյակ եւ հասցրեց սիրվել կուրսընկերների ու դասախոսների կողմից։
Բանակ զորակոչվելու ժամանակն էր։ Ոչ մի կերպ չէր ուզում լսել ծառայությունը հետաձգելու մասին։ Անհամբեր էր, շտապում էր վիճակահանությամբ ընկնել Հադրութ` իր մտերիմ ընկերոջ՝ Յուրիի զորամասը։ Ու այդպես էլ եղավ։

Ծառայության ընթացքում, երբ մայրը հարցնում էր` հո նեղացնող չկա, Ռազը պատասխանում էր. «Այստեղ բոլորը մենք ենք»։
2020 թվական, 44-օրյա պատերազմ։ Ռազմիկն իր մարտընկերների հետ մարտնչում էր ոսոխի դեմ։ Մասնակցել է ամենաթեժ մարտերին, սակայն ընտանիքին այդպես էլ չպատմեց պատերազմի մասին։

Մի անգամ պապը հորդորեց՝ զգույշ լինի, իսկ Ռազը պատասխանեց` պապի, կարգախոսդ փոխե՞լ ես։ Իսկ հորեղբոր նույն հորդորին էլ պատասխանեց. «Բա ես էդ տղա՞ն եմ»։ Չէ՛, դու այդ տղան չես, դու բանակի ու հայրենիքի տղան ես, որ չերկնչեց ու անձնվիրաբար պայքարեց հանուն ազատության, որը տենչում ենք…

Ռազմիկ Թանդիլյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, Հադրութի իրեն վստահված դիրքում՝ առյուծաբար թշնամու դեմ մարտնչելիս։
Հաղպատի գերեզմանատան շիրամաքարերից մեկից ժպտում է Ռազմիկը` հպարտ, առնական ու պայծառ տղան, որ գիտեր հայրենիքի արժեքն ու ինքն էլ հայրենիքինը դարձավ։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930