Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսական էժան քարոզչական հնարք

Ապրիլ 14,2022 12:00

44-օրյա պատերազմից հետո եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո Վաշինգտոնն ու Փարիզը բազմիցս կրկնել են ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շրջանակներում ԼՂ խնդրի համապարփակ լուծման անհրաժեշտության մասին, ինչո՞ւ չեն Պուտինն ու Լավրովը սատարել Արեւմուտքից հնչած այս «ուղերձները»:

Անցյալ շաբաթ պաշտոնական Մոսկվան, ըստ էության, մեղադրեց Արեւմուտքին, ավելի հստակ՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, «հակառուսական ալիքի համատեքստում» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի գործունեությունը խափանելու մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում նշեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում:

Լավրովի փոխանցմամբ, Արեւմուտքը զոհաբերել է խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների հետեւանքով:
«Ես չգիտեմ հետագայում ինչ ճակատագիր է ունենալու Մինսկի խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսատյացության արշավի ընթացքում ձգտում են չեղարկել այն ամենն, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաեւ Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձեւաչափով։ Դա նրանց իրավունք է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղյան խնդրի կարգավորումը եւ ընդհանուր առմամբ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է»,- ասել է Լավրովը: Ապա «անպատասխանատու» որակելով Արեւմուտքի այդ դիրքորոշումը՝ Լավրովը միաժամանակ պնդել է, թե Ռուսաստանը հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին Հարավային Կովկասի ու Ղարաբաղի մասով։ «Դա մեզ չի շեղի, մենք լիովին հանձնառու ենք, ինչպես եղել ենք միշտ, աջակցել այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջեւ»,- ասաց Լավրովը:

Ռուսաստանի կողմից այս արձանագրումը ոչ այնքան անսպասելի էր, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների լարվածության ֆոնին, որքան՝ զավեշտալի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը փոքր-ինչ նպաստելու հարցում Մոսկվան ունեցել է մեկ տարուց ավելի ժամանակ՝ 44-օրյա պատերազմից հետո, դեռ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, եթե չբավարարեր թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին ու չլծվեր ամեն գնով եռակողմ ձեւաչափով՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, փաստաթղթերի ստորագրմանը:
Ի՞նչ էր մտածում Մոսկվան 44-օրյա պատերազմից հետո մեկ տարուց ավելի, եթե մտահոգված էր ԵԱՀԿ ՄԽ-ի պարապուրդի մատնման փաստով ու ակնհայտ տեսնում էր, որ Անկարան ու Բաքուն դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակմանը:

Մեկ անգամ գոնե մեկ նախադասություն լսե՞լ է որեւէ մեկը պաշտոնական Մոսկվայից, որ ՌԴ իշխանությունների համար ընդունելի չէ Անկարայի ու Բաքվի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափակման ուղղությամբ:

Կամ՝ եթե Լավրովը, մեկ տարի շարունակ լսում էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իր գործընկերների կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման անհրաժեշտության մասին հայտարարություններ՝ ինչո՞ւ էր մեկ տարուց ավելի լռում, անտեսում այդ հայտարարությունները, որն, ըստ էության ոչ դիվանագիտական մատուցմամբ նշանակում է, որ դու կամ անտեսում-արհամարհում ես գործընկերներիդ դիրքորոշումը, կամ՝ ուղղակի դեմ ես այդ դիրքորոշմանը:

Հիմա հանկարծ պարզվեց՝ Փարիզն ու Վաշինգտո՞նն են դեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, Մոսկվա՞ն է անգործության մատնվել ու «շունչը պահած» սպասում էր ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությա՞նը… 44-օրյա պատերազմից հետո եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո Վաշինգտոնն ու Փարիզը բազմիցս կրկնել են ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շրջանակներում ԼՂ խնդրի համապարփակ լուծման անհրաժեշտության մասին, ինչո՞ւ չեն Պուտինն ու Լավրովը սատարել Արեւմուտքից եկած այս «ուղերձները»:

Ինչո՞ւ Պուտինն ու Լավրովը որոշեցին Անկարայի հետ քննարկել տարածաշրջանային խնդիրները, կամ Թուրքիայի պահանջով համաձայնեցին՝ ԼՂ-ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ստեղծմանը, որի գոյության պայմաններում ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտիներում արձանագրվում են սադրանքներ ու հայ քաղաքացիական անձանց մահեր:

Անցյալ շաբաթ նույն ասուլիսի ընթացքում էլ ի դեպ, Լավրովը կարող էր պաշտպանել նաեւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում եւ լրագրողների հարցերին պատասխանելիս ընդգծեց ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության թեման: «Ես նաեւ ներկայացրել եմ հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս առումով վերահաստատել եմ միջազգային հանրության կողմից ստացված մանդատի համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարեւորությունը»։

Պատասխանելով հնչեցված հարցին, նա նաեւ հավելեց. «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ապա, իհարկե, աշխարհում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը:

Այնուամենայնիվ, ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից եւ բազմաթիվ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք զբաղվելու հարց չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլեւս չկա, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածաշրջան այլեւս գոյություն չունի, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է»։

Եթե Մոսկվան անկեղծ ցանկություն ուներ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակման տեսանկյունից, Լավրովը հենց Երեւանում կարող էր կոչ աներ իր արեւմտյան գործընկերներին՝ մի կողմ դնել աշխարհաքաղաքական մյուս տարաձայնությունները եւ պահպանել ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը, միաժամանակ չմոռանալով նաեւ ուղերձ հղել Անկարային ու Բաքվին՝ չընդդիմանալ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը: Բայց դա էլ չարվեց:

Նշենք, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից եւս մեկ հայտարարություն հնչեց: Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անցյալ շաբաթ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանն, ըստ որի՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում եւ չեղարկել են համանախագահների «եռյակը», նկատել էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը չեղարկելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին ես տեղեկություն չունեմ, եւ եթե ՌԴ ԱԳ նախարարն էլ նման հայտարարության մասին չի խոսել, հետեւաբար, խոսքը գնում է վերջինիս ենթադրության մասին… Մեր դիրքորոշումը կամ մեր ընկալումները այլ են, եւ ռուսական կողմից, բնականաբար, թերեւս անհրաժեշտություն չկա դրա մասին խոսել»։

Նա միեւնույն ժամանակ հավելել էր, որ ռուսական կողմից կան դրական ազդակներ եւ պատրաստակամություն՝ շարունակելու ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով աշխատանքները. «Նույն պատրաստակամությունը, ըստ էության, առանձին շփումներում ստացել ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ մեր գործընկերներից։ Վերջիններիս կողմից, այնուամենայնիվ, ընդգծվել է, որ այս ժամանակահատվածը որոշակի դժվարություններ եւ բարդություններ է ստեղծում իրենց ռուս գործընկերոջ հետ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից։ Ենթադրում եմ, որ նույն խնդիրը հակառակ կողմում եւս հնարավոր է, որ լինի։ Այսինքն, այս գերլարված իրավիճակում տրամաբանական է եւ բնական է, որ Մինսկի խմբի՝ օր առաջ կամ ժամ առաջ վերագործարկումը եւ նույն տեմպերով ու որակով աշխատանքը դժվար է պատկերացնել»։ Հիշեցմանը՝ Լավրովը հայտարարել է եռյակը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից ընդհանրապես չեղարկելու մասին, Աղաջանյանն արձագանքել է. «Դա Լավրովի ընկալումն է»։ Ապա նա հավելել էր. «Այստեղ կարեւոր է արձանագրել, որ Հայաստանի եւ հայկական կողմի շահերից է բխում որեւէ կերպ հարցականի տակ չդնելը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, եւ սրա համար բոլոր հիմքերը կան՝ հաշվի առնելով առանձին-առանձին գործընկերների հետ մեր շփումները։ Հայկական կողմը հեռու է այն մտքից, որ ՄԽ համանախագահության ձեւաչափը կորցրել է իր գործունակությունն ու ակտուալությունը, եւ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի այս ձեւաչափով վերստին սկսվեն ու շարունակվեն այն բանակցությունները, որոնք ավարտվել են պատերազմից հետո»։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930