Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց հիմա ձախողելու պրոցես են փորձում իրականացնել»

Ապրիլ 14,2022 15:30

Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմության վտագավոր քայլերի մասին

Երեկ ԱԺ ամբիոնից ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը դիմեց ՀՀ քաղաքական ղեկավարությանը՝ պահանջելով սթափեցնել Արցախի ղեկավարությանը: Ըստ նրա, ընդդիմադիրները, որ բոյկոտ են հայտարարել ու մեկնել Արցախ, այդ գործողությամբ պատերազմ են հրահրում:

«Առավոտի» հետ զրույցում Գուրգեն Արսենյանը հարցին՝ ինչո՞վ է ընդդիմության՝ Արցախ գնալը վնասում մեր անվտանգությանը՝ պատասխանեց. «Չափահաս մարդիկ են, իրենք պետք է հասկանան, որ իրենց գործունեության մի մասնակիցը դա Ադրբեջանի իշխանություններն են: Պարզ պետք է հասկանան, չէ՞, որ սա Հայաստան-Արցախ հարաբերությունները չեն, սա Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան հարաբերություններն են: Իրենք դա շատ լավ պետք է պատկերացնեն ու առիթ չտան, որ Ադրբեջանի իշխանությունները սկսեն գործողություններ՝ ելնելով իրենց շահերից, այս պահին չդառնան այդ գործողությունների խթանիչը:

Որովհետեւ Ադրբեջանը իր կառուցվածքով, իր պետական համակարգով միանշանակ միատարր չի, Ադրբեջանում էլ կան ուժեր, որ կողմ են Հայաստանի ու հարեւանների հետ խաղաղ գոյակցությանը ու կան ուժեր, որ հակառակ տրամաբանությունն ունեն ու հակառակ նպատակներն ունեն: Այդ ուժերն էլ են ձգտում Ադրբեջանում իրադարձությունների այնպիսի զարգացման, որը կբարձրացնի իրենց հեղինակությունը: Բայց այդ իրադարձությունների զարգացումը վնասելու է Հայաստանին ու Արցախի ժողովրդին»:

Մեր դիտարկմանը, որ երկրում այդ մերանի դերը պետք է իշխանությունը կատարի, ոչ թե ընդդիմությունը՝ Արսենյանը պատասխանեց. «Իշխանությունն իրականացնում է խաղաղության ծրագիր: Այդ ծրագրի իրականացման ժամանակ դրված նպատակն է, որպեսզի նվազեցնի հնարավոր վտանգները ռազմական բախման, էթնիկ զտումների, ազգամիջյան ատելության: Իշխանությունը դա անում է իր հնարավոր գործիքակազմով: Իշխանության գործիքակազմն ավելի գործուն է եւ ավելի հնարավորություն է տալիս զգուշավոր ուղղությամբ աշխատել՝ բանակցություններ, երկխոսություն, փոխադարձ հանդիպումներ եւ ոչ թե մեղադրանքներ»:

Հիշեցրինք՝ 90-ականներին, երբ նմանատիպ իրավիճակ էր երկրում, Վազգեն Մանուկյանին պաշտոն տվեցին, ընդդիմությունն ու իշխանությունը համախմբվեցին, ԳԽ-ում ընդդիմության առաջարկով որոշում ընդունեցին, ընդդիմության ձայնն ինչ-որ չափով լսելի էր, հիմա ձեր իշխանությունը մերժում է ընդդիմության բոլոր նախաձեռնությունները եւ ուզում եք, որ իրենք գան ձեր դա՞շտ՝ Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Ընդդիմությունը, ուզում եմ ձեզ հիշեցնել, մոտավորապես մի 60-70 մետր հեռավորության վրա մահապատժի բեմադրություններ էր իրականացնում դեկտեմբեր ամսին, գարնանային սրացումներ ունեին մինչեւ ԱԺ ընտրությունները:

Ես իմ անունից ասեմ՝ ես չեմ հավատում ընդդիմության անկեղծությանը, որ իրենք նպատակ ունեն բարելավել Հայաստանի անվտանգային միջավայրը, աշխատել Հայաստանի ժողովրդի՝ ավելի կայուն ապագա տեսնելու ուղղությամբ, կայուն հասարակություն… Նման բան չեմ տեսնում: Այդ մարդկանց մասնագիտական հնարավորություններն ու մասնագիտական հմտությունները մինչ այսօր դրսեւորվել են մարդկանց իրար դեմ հանելու, իրար դեմ տրամադրելու գործով, տեսե՛լ եմ ես»:

Թե ո՞րն է ընդդիմության շահը այդ դեպքում՝ նա պատասխանեց. «Շահը՝ հնարավոր վերադարձ իշխանության: Ռեւանշը մոռացանք: Ռեւանշ կարող էր լիներ, եթե չլիներ 44-օրյա պատերազմը: Հիմա իշխանության վերադարձն է նպատակը ու այդ իշխանության նկատմամբ չհիմնավորված հավակնությունները: Եթե հիմնավորված լինեին հավակնությունները, դա այլ ծրագիր է՝ քաղաքական աշխատանք, հասարակության հետ աշխատանք, հասարակության մոտ վստահության բարձրացում ու հաջորդ ընտրություններին ստանում ես քո հնարավոր քվեն, որը կարող է լինել 50+1 ու գալիս ես իշխանության»:

Հարցին՝ հիմա երկրի շահերից չի՞ բխում, որ Հայաստանում իշխանություն փոխվի՝ Արսենյանը պատասխանեց. «Ոչ: Հայաստանի գործող իշխանությունը պետք է այս երկիրը հասցնի խաղաղության հանգրվանի, սա է այս իշխանության գործունեության պարադիգմը՝ գլխավոր գլոբալ նպատակը: Մեր գործող իշխանությունը Հայաստանը պետք է բերի մի կարգավիճակի, որ կարող ենք ձեւակերպել՝ խաղաղություն հարեւանների հետ»:

Ճշտեցինք՝ այն հարեւանների, որոնք ամեն ձեւ ուզում են մեզ բզկտել, քրքրել, Երեւանը իրենցն են համարում, ա՞յդ հարեւանների, դուք հավատո՞ւմ եք, որ մեր հարեւանները նույնքան խաղաղասեր են, ինչքան մենք՝ նա պատասխանեց. «Խաղաղասեր կամ ոչ խաղաղասեր հարեւաններ չեն լինում, բոլոր պետություններն ու հասարակությունները նույնն են, դու պետք է կարողանաս գտնել ալգորիթմը, որի արդյունքում դու կունենաս հարեւաններիդ հետ այն հարաբերությունների մակարդակը, որը գնահատում ես որպես խաղաղություն: Դա միակողմանի չի, երկկողմանի պրոցես է ու մի պրոցես է, որի համար դիլետանտական գնահատակաների կարիքը չկա: Դա դիլետանտիզմի դրսեւորում է, որովհետեւ երբ դու գնում ես քաղաքական ու պետական գործընթացի, ինչ-որ մեկը սկսում է կողքից շարադրել իր պատկերացրած դրսեւորումները, իր տեսակետները, ցանկությունները, ինչ-որ տատին իրան պատմել է, պապին ասել է… Այդպես չի, պետական քաղաքականությունն արտացոլվում է պետական նպատակների սպասարկման մեջ: Պետական նպատակների սպասարկման վերջնական ձեւակերպումները լինում են փաստաթղթերի տեսքով երկրների միջեւ, որն արձանագրում է այն փոխհարաբերությունները, միջավայրը ու այն հեռանկարները, որին ձգտել են այդ երկրների ղեկավարները՝ արտացոլելով իրենց ժողովրդի կամքը: Մենք ստացել ենք այդ մանդատը, որպեսզի գնանք խաղաղության: Մենք այդ մանդատը պետք է իրականացնենք, որովհետեւ հերթական անգամ կլինի հետեւյալ բանը՝ մենք խոստացանք, ժողովորդը տվեց մեզ մանդատ, մենք խաբեցինք: Չի կարող նման բան լինի, այս իշխանության հիմնական ֆունկցիան, նպատակը դա է՝ խաղաղության հանգրվանի հասնելը»:

Հարցին՝ ձախողելու տարբերակը չե՞ք դիտարկում՝ նա պատասխանեց. «Հենց հիմա ձախողելու պրոցես են փորձում իրականացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930