Վանաձորում «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են կազմակերպում: Նրանք բողոքում են ցածր սակագնից: Վարորդները պահանջում են, որպեսզի 3 կմ-ի փոխարեն, այսուհետ 2 կմ-ից հետո՝ սակագինը դառնա 400 դրամ. «Էս սակագնով գազելի գին էլ չի գալիս: 3 հոգով նստում են էս քանդած ճանապարհներով բարձրանում Դիմաց, հանում են՝ 300 դրամ տալիս, գնում»,-ասում է ընկերության վարորդներից Արտակ Հարությունյանը:
Շարունակելով գործընկերոջ խոսքը, Սեյրան Սարդարյանն էլ իր հերթին դժգոհում է ոչ միայն ցածր սակագնից, այլեւ Վանաձորի ճանապարհների վատ վիճակից. «Ճամփեքը լավը չեն, մեքենաները շարքից դուրս են գալիս, ավտոմասերը թանկ են, ուստեքը թանկացրել են, մի հատ պուճուր գործա լինում գնում ես, 100 հազար փող են ուզում: Բացի էտ էլ «Յանդեքսը» մեզանից 12 տոկոս տանում է, շատ է, էլի, 300 դրամի քշում ենք՝ 40 դրամ տանում է, գոնե մի քիչ իջեցնեն»:
Կարդացեք նաև
Վարորդները նշում են, որ իրենց հետ հանդիպել է նաեւ իրենց ղեկավարը, սակայն նրանց խոսքով՝ լուծում չի առաջարկել. «Մեր բողոքը կայանում է նրանում, որ գազի գինը բարձրացել է, տոկոսը բարձր է եւ ընդհանրապես ապրելը դժվարացել է, մենք ուզում ենք սակագինը մի փոքր բարձրանա: Մենք ուզում ենք, որ ոչ թե 3 կմ-ից սակագինը փոխվի, այլ 2 կմ-ից, ոնց որ մյուս տաքսի սերվիսներում է: Մեր ղեկավարն առավոտն այստեղ էր, ասեց, եթե ձեռք չի տալիս՝ մի աշխատեք»,- ասում է վարորդներից Աշոտ Ղազարյանը:
Բողոքի ցույցի մասնակից վարորդները դեռեւս չեն նշում, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, սակայն նշում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի սակագնի փոփոխություն անպայման տեղի ունենա:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ