«Հայտնագործություն չէ, բայց հասկացել ենք, որ որեւէ պատգամավոր կամ իշխանության մաս կազմող որեւէ մեկն իր սեփական տեսակետը չի հայտնում, դրանք նախապես քննարկված, որոշված եւ բաշխված են՝ ըստ դերերի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ ի պատասխան ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի այսօրվա տեսակետին։
Վիգեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում հայտարարել է՝ Ղարաբաղի կառավարության կազմում հայտնվում են մարդիկ, որոնք ամեն աստծո օր վտանգում են Ղարաբաղն ու Հայաստանը, նման մարդիկ չպետք է տեղ գտնեն Ղարաբաղի կառավարության կազմում։
Մետաքսե Հակոբյանը հիշեցնում է՝ երեկ էլ նույն խմբակցությունից Գուրգեն Արսենյանն էր Արցախի մասին խոսել․«Նա ավելի կոշտ խոսեց, մոտավոր այսպես՝ պետք է պատժել Արցախի իշխանություններին, այն բանից հետո, երբ Արցախում անվտանգության խորհուրդ էր տեղի ունեցել, եւ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իշխանությունն ու ընդդիմությունն ունեն կարմիր գծեր՝ Արցախի ինքնորոշման իրավունքն է միջազգային սկզբունքների վրա, որի հիման վրա էլ ընթացել է ողջ բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափով, ինչի հիման վրա էլ պետք է Արցախին կարգավիճակ տրվեր։ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ասելով՝ իմ կետից են սկսում բանակցությունները, դրանով հենց ինքն է չեղարկում այդ հարթակը՝ Մինսկի խումբը, որտեղ եռանախագահողները ունեին նույն տեսակետը՝ նստել, քննարկել, ու պետք է որոշվեր կարգավիճակը։ Դրանք մեզ համար կարմիր գծեր են, դա ծանր էին տարել Հայաստանում։ Ապա` հաջորդեց այսօրվա բեմադրված հայտարարությունը։ Իրենց հայտարարությունը խոսում է այն մասին, որ Արցախի եւ ՀՀ-ի հարաբերությունները տեր ու ծառայի հարաբերություններ են»։
Պատգամավորը նշում է, որ սպասվում է վարչապետի այցը Մոսկվա,եւ կարծես արդեն սովորություն է դարձել՝ ինչ-որ տեղ գնալուց առաջ հայությանը պատրաստում են հերթական աղետին․«Իր ելույթը լսելիս՝ վերապրեցի նոյեմբերի 9-ը, բայց հասկացա, որ նոյեմբերի 9-ը սրա համեմատ ավելի թեթեւ բան էր, եւ հիմա շատ ավելի ծանր փուլ ենք մտնում եւ դեռ հայտնի չէ, թե ինչ ելք է ունենալու Արցախի եւ ՀՀ-ի համար։ Այսօրվա ինքնախոստովանանքը՝ քաղաքական գործչին ոչ վայել խոսքով․․․նախ իր հոգեվիճակն էլ լավ չէ, եւ անհասկանալի է, թե ինչպես է այդ հոգեվիճակով գնալու Մոսկվա հանդիպման»։
Կարդացեք նաև
Հակոբյանի խոսքով՝ այս ամենի ֆոնի վրա ՀՀ իշխանությունները նորից մեղավորներն են փնտրում․«Եթե 1,5 տարի է ցանկացած խնդրի համար ՀՀ իշխանությունները մեղավոր էին համարում ռուս խաղաղապահներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք մեր տներում ապրել, փորձում պայքարել, որովհետեւ անհասկանալի է, թե որն է մեր դերն այստեղ, իրենք մեղավորներ են փնտրում ու նշում, որ այդ որոշումները մենակ չի ընդունել։ Ասում է՝ Արցախի իշխանությունները պատերազմից առաջ տեղյակ են եղել, թե ինչ է սպասվում Արցախին, հետո ասում՝ Արցախի իշխանությունները չեն խոսի այդ մասին, չգիտեմ էլ՝ արդյոք կխոսե՞ն այդ մասին, թե կմտածեն՝ դրան կհետեւի տիրոջ զայրույթը։ Ի վերջո, իրենց բոլոր ուղղությունները, նաեւ այսօրվա խոսքը, թե Արցախի իշխանությունում կան մարդիկ, որոնք վտանգում են Արցախն ու ՀՀ-ն, սա բերում է նրան, որ իրենք էլի հետագայում կարողանան մեղքը բարդել այլ անձանց վրա, բայց ոչ իրենց»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ