«Անհետ կորածների, գերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, դա մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է, թեման և թիրախը»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին:
«Ես չեմ կարող մտաբերել որեւէ լուրջ հանդիպում, քննարկում, որտեղ այս թեման չի արծարծվում։ Այո, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ այլ պահվող անձանց։ Գիտեք, որ տարբեր պատրվակներ բերելով՝ խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեպետ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այդպիսի կոռելյացիա չկար, ապա այլ պատրվակներ բերելով: Այժմ, Ադրբեջանը, ցավոք, փորձում է խնդիրը կապել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ։ Այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն, այնուամենայնիվ, մենք, որպես բարի կամքի նշան, արել ենք եւ շարունակում ենք անել մեր շատ մարդասիրական քայլերը եւ ակնկալում ենք, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի կողմից պահվածքը՝ եւ մարդասիրական նկատառումներից ելնելով, եւ դա ուղղակի իրենց պարտավորությունն է՝ թղթի վրա գրված»,- հայտարարեց ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանն ասաց, որ ինչպես եւ ակնկալվում էր, թեման քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Շառլ Միշելի՝ բրյուսելյան հանդիպման ընթացքում. «Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ