Այսօր խորհրդարանի վերջին՝ կառավարության հետ հարցուպատասխանի նիստին ներկայացել էր միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ հայտարարեցին, որ բոյկոտում են ԱԺ քառօրյան եւ մեկնելու են Արցախ, Սյունիք՝ մեր հայրենակիցներին տեղեկացնելու այն գործընթացների մասին, որոնք այժմ տեղի են ունենում:
Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ երեկ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած մի քանի հայտարարություններին, իր ձեւակերպմամբ՝ ՀՀ իշխանության «երեսին ասելու այն, ինչ մտածում են հազարավոր մարդիկ»: Նա մեջբերեց Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը զինվի, Ադրբեջանը դա կդիտի իբրեւ ոչ բարեկամական քայլ, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է՝ անկախ Հայաստանի ցանկությունից, որ բրյուսելյան հայտարարության մեջ «հակամարտություն» եւ «Լեռնային Ղարաբաղ» բառերը չկային, քանի որ ադրբեջանական կողմը չի համաձայնվել, քանի որ «դա լուծված է եւ չի էլ կարող քննարկվել, արցախցիները պետք է ընդունեն, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են եւ պետք է ապրեն Ադրբեջանի դրոշի ներքո»:
Ընդդիմադիր պատգամավորը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին՝ այսօր ԱԺ-ում «մի քանի ժամանոց շոուի» ժամանակ այս ամենին չանդրադառնալու մեջ, ավելին, վերահաստատելու, որ ինչ Ադրբեջանն առաջարկում է, իշխանության համար ընդունելի է՝ շատ լավ իմանալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ՝ անկախ նրանից, թե ինչ կզիջեք:
«Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է եւ որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։
Կարդացեք նաև
Այս ամենը հաշվի առնելով, ես արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չի, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է: Իսկ ձեզ միայն մի բան պետք է ասեմ. հետեւելով վերջին իրադարձություններին պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա: Դուք սա եք», – ասաց պատգամավորը՝ թափահարելով սպիտակ լաթի կտորը։
«Սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը, եւ սրանից փախնել դուք չեք կարող», -շարունակեց Քրիստինե Վարդանյանը։
Նրա այս հայտարարությունից հետո դահլիճում կրքերը թեժացան։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց ՝անջատել Քրիստինե Վարդանյանի խոսափողը։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը բղավեց. «Ջուրը քաշեք, թող գնա»: Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց եւ իր կուսակցին, եւ Քրիստինե Վարդանյանին, ապա նետեց՝ «ոնց որ մանկապարտեզ…»:
Ի դեպ, նախագահությունում նստած Ռուբեն Ռուբինյանն էլ էր ինչ-որ բան ասում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ