Առաջին անգամը չէ, որ մենք Հայաստանում ենք, 2018-ին էլ ենք եղել, անցկացրել ենք համաժողով եւ համոզվեցինք, որ Երեւանի ու ամբողջ Հայաստանի բնակչությունը այնքան էլ չի հասկանում էներգամատակարարման հետ կապված ստեղծված իրավիճակը: Իսկ Աստված չանի, որ այն կրկնվի, երբ կանգնեցվեց ատոմակայանը»,-այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց «Ատոմային էներգետիկայի եւ արդյունաբերության վետերանների միջազգային միություն» կազմակերպության նախագահի տեղակալ Վիտալի Լեբեդենկոն:
Նրա խոսքով, Հայաստանում շատերը մոռացել են, թե ատոմակայանի փակմամբ էլեկտրաէներգիայի ինչպիսի սուր պակասորդ էր:
Ասուլիսին ներկա մասնագետները նշեցին, որ Մեծամորում մեկնարկել է Ատոմային էներգիայի եւ արդյունաբերության վետերանների միջազգային միության կողմից հայ գործընկերների հետ համատեղ կազմակերպված միջազգային համաժողովը: Նրանց խոսքով, գազն ու նավթը թանկանում են, աշխարհը կանգնած է էներգետիկ ճգնաժամի առաջ եւ այլընտրանքային էներգակիր է խաղաղ ատոմը:
Վիտալի Լեբեդենկոն ասաց՝ չնայած էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է, բայց մինչ նոր էներգաբլոկի նախագծումն ու կառուցումը՝ կարող են էներգետիկ խնդիրներ առաջանալ:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով, էներգետիկ նոր հզորություն ունենալով, Հայաստանը նույնիսկ կարող է էլեկտրաէներգիա արտահանող երկիր դառնալ մոտակա հարեւան տարածաշրջան:
Հարցին՝ աշխարհում գազը, նավթը եւ մյուս էներգակիրները թանկացել են, հնարավո՞ր է մյուս երկրներն էլ ատոմակայան բացեն՝ ինչպես ժամանակին արեց Հայաստանը, Վիտալի Լեբեդենկոն պատասխանեց. «Գերմանիան հիմա ապրում է էներգետիկ սով, այնտեղ շատ թանկացել է գազը, էլեկտրաէներգիան, կրիտիկական ժամանակները կարող են վերադառնալ, բայց դա այդ երկրի խնդիրն է, մենք այսօր քննարկում ենք Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները»:
Դիտարկմանն ի պատասխան, թե Էներգաբլոկի վերազինումից հետո հայտարարել էին, որ այն կարող է շահագործվել մինչեւ 2026 թվականը, սակայն հիմա էլ խոսակցություններ կան, որ հնարավոր է եւս 10 տարով էլ շահագործման ժամկետը երկարաձգել, Վիտալի Լեբեդենկոն ասաց՝ այդ հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն՝ գիտական տեխնիկական ու տեխնոլոգիական. «Դա չպետք է թուլանալու առիթ տա, իրավիճակը պարզ չէ, եւ այդ հարցին այսօր պատասխանել չենք կարող՝ կարելի՞ է երկարաձգել, թե՞ չի կարելի: Հիմա ՀՀ-ն աշխատում է 5 տարով երկարաձգել էներգաբլոկի աշխատանքները եւ վետերանների միությունն ամեն ինչ անում է, որ աջակցի այդ նախագծին»:
Հայաստանի վետերանների կազմակերպության նախագահ, 1993-2002 թվականներին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը պարզաբանեց. «Որպեսզի եւս տասը տարով երկարաձգվի, պետք է հասկանալ՝ ի՞նչ ռեսուրսներ ունենք: Էներգաբլոկի ժամկետի հաջորդ երկարաձգումը կախված կլինի նախորդների արդյունքից: Ատոմային կայանում կան սարքավորումներ, որոնք կարող ենք փոխել, բայց կան նաեւ շատ լուրջ սարքավորումներ՝ ռեակտոր, ճնշման կոնդենսատոր եւ այլն, որոնք մենք չենք կարող փոխել եւ դրանով էլ պետք է կողմնորոշվենք՝ ինչ ռեսուրս ունենք»:
Սուրեն Ազատյանի խոսքով՝ դրանով էլ պայմանավորված կլինի ժամկետի՝ եւս տասը տարով երկարաձգելու հարցը: Նրա խոսքով, ատոմային կայանում ամենափոքր դետալն էլ փոխելիս հաշվի են առնվում անվտանգային խնդիրները. «Երբ փորձում էինք կրկին շահագործել էներգաբլոկը՝ ամբողջ աշխարհը մանրադիտակով հետեւում էր, բայց արդեն 25-26 տարի է՝ այն գործում է»:
Նոր էլեկտրակայանի համար կպահանջվի 5 միլիարդ դոլար, Հայաստանը կարո՞ղ է գտնել այդքան փող, որպեսզի կառուցի, այս հարցին էլ ի պատասխան «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց՝ այդ գումարը գտնելը հեշտ չէ, բայց քանի որ ունենք մեծ սփյուռք եւ մեր հայրենակիցներն էլ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանը երբեք չտեսնի էներգետիկ սով, պետք է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ միջոցների համախմբում անել ու ներդրումներ կատարել նոր էներգաբլոկի կառուցման հարցում: Նրա խոսքով, վետերանների միությունն էլ մեծ փորձ ունի եւ կարող է աջակցել նոր կայանը կառուցելիս:
«Մեզ պետք է՝ որքան հնարավոր է շուտ կառուցել նոր ատոմակայանը: Պետք է ամեն ինչ անել, որ մեր սերունդներին թողնենք էներգետիկ առումով զարգացած երկիր»,-ասաց պարոն Սաֆարյանը՝ հորդորելով հասարակությանը պատրաստել այդպիսի մեծ նախագծերի իրագործմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ