Գյումրու «Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի սահմանային գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել․ գյուղի երկու մայր խոզերից մեկը հղիացել է վարազից ու 7 ձագ ունեցել։
«Այդ գյուղում ընդամենը երկու, թե երեք խոզ կա, բոլորն էգ են: Երբ խոզերի տիրոջը ընկերները պատմել են, թե ազատ դաշտերում թափառող նրա խոզին տեսել են վարազի հետ զուգավորվելիս, նա թերահավատությամբ է վերաբերվել: Բայց մի քանի օր առաջ խոզուկները ծնվել են: Բոլոր 7 ձագերն էլ նման են վարազի»,-գրել է Վահան Թումասյանը:
Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով, Արցախում նման դեպք գրանցվել է, սակայն Շիրակի մարզի համար այն արտառոց է։
Կարդացեք նաև
«Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահը նաև ասաց, որ մի պահ ցանկություն է հայտնել բերել ու պահել ձագուկներից երկուսին, սակայն մտածել է, որ դա այնքան էլ հեշտ չէ, հարմար պահի կփախնեն։
«Հազար գործի մեջ իրենց դժվար կլինի պահելը․ նրանք գենետիկորեն վայրի կենդանիներ են, կվազեն բնության գիրկ։ Սովորական խոզերին, երբ ազատ ես թողնում, հեռու չեն գնում, բայց իրենց մի քիչ ազատություն տվեցիր, կփախնեն։ Տերը խոզերին թողել էր, ազատ ման էին գալիս դաշտերով, այս կենդանիների դեպքում խնդիր կլինի»,-ասաց Վահան Թումասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Վահան Թումասյանի