«Ապառաժ». Տրամադրությունը մի քիչ լարված է, բայց բոլոր բնակիչները տեղում են, խուճապ չկա: «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ղեկավար Սասուն Վանյանը: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ (1992թ. հուլիսի 4- 1993թ. մարտի 17) Ճանկաթաղը գրավվել է ադրբեջանցիների կողմից: Այնուհետև ազատագրվել ու վերաբնակեցվել է:
2020թ. պատերազմից հետո ստորագրված հայտարարությամբ ադրբեջանցիներն առանց մի կրակոցի հաստատվել են գյուղի ամենաբարձր բարձունքներում: Այժմ այդտեղից դիտարկվում է ողջ գյուղը:
Թշնամու դիտարկման տարածքում է նաև գյուղի դպրոցը, որի աշխատանքները նորմալ ընթանում են: Բնակիչների խոսքով՝ կրակոցների ձայներ լսում են, բայց դրանք գյուղի վրա չեն ուղղված, այլ հայկական դիրքերի:
«Խրամորթ, Փառուխ համայնքների հետ կապված իրավիճակի լարումից հետո կրակոցներ չեն եղել: Մեզ մոտ հանգիստ է: Ամեն մարդ իր հոգսերով, իր գործերով է զբաղված»,- ասում է համայնքի ղեկավարը: Նա տեղեկացնում է, որ պատերազմից հետո փոխվել է բնակիչների զբաղվածության բնույթը: Արոտավայրերի կրճատման հետևանքով քչացել է անասնապահության կշիռը:
Կարդացեք նաև
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ համայնքի ղեկավարը այն միայն անվտանգության ապահովման հետ է կապում:
Բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ լավ օրվա հույսով են ապրում, սակայն չեն մոռանում, որ իրենցից մի քանի տասնյակ մետր հեռու ադրբեջանցիներն են:
Առաջին պատերազմի ժամանակ գյուղից 20 ազատամարտիկ է զոհվել, վերջին պատերազմի ժամանակ էլ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվել է 6 ճանկաթաղցի: Իր պատմության ընթացքում շատ զրկանքներ տեսած ու հաղթահարած Ճանկաթաղն այսօր ապրում է հանուն այս հողի համար ընկածների և վաղվա արժանապատիվ ապագայի: