Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորը կարող է չհամարձակվել ստեղծված իրավիճակում օբյեկտիվ դատական ակտ կայացնել». Հայկ Ալումյանը՝ «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործի մասին

Ապրիլ 13,2022 17:37

«Շարունակում ենք պնդել մեր առարկությունները»,-Aravot.am-ի հարցին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող (նախագահող դատավոր Սերգեյ Սահակյան) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի ապացույցների ներկայացումից հետո շարունակո՞ւմ են պնդել իրենց առարկությունները, այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը:

Դավիթ Հունանյան

Նա շարունակեց. «Բերված ապացույցներով մեր առարկությունները չեն հերքվում, իսկ պարոն Փաշինյանը գործել է իր կարծիքն ազատ արտահայտելու՝ սահմանադրական իրավունքի սահմաններում»:

Դավիթ Հունանյանը չցանկացավ ավելի մանրամասն մեկնաբանություն տալ ու պատճառաբանեց. «Ամեն ինչ շատ պարզ է այս գործով»:

Հիշեցնենք՝ հայցի պատճառն այն է, որ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ ասել էր, որ իշխանությունները 2008-ին տանկեր են հանել ժողովրդի դեմ, ինչը, ըստ հայցվորի, զրպարտում է իրեն, խախտում է անմեղության կանխավարկածը: Քոչարյանը պահանջում է հատուցել պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները եւ զրպարտության եւ անմեղության կանխավարկածի համար վճարել ընդհանուր առմամբ 4 մլն դրամի փոխհատուցում:

Հայկ Ալումյան

Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ: Նա հայտարարեց. «Ես անհրաժեշտ համարեցի գրավոր ապացույցներ ներկայացնել, որ այդ ժամանակաշրջանում պարոն Քոչարյանը մեղադրվում էր դեռևս 300.1 հոդվածով, և ներկայացնում եմ այդ կապակցությամբ՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը, որպեսզի երևա տվյալ մեղադրանքի բովանդակությունը…Քրեական գործի ընթացքին զուգահեռ հանրապետության թիվ մեկ պաշտոնատար անձն այդ քրեական գործի հետ կապված հայտարարություն էր արել, ապա նաև դատարանը պիտի գնահատի՝ արդյոք սա պետք է համարել անմեղության կանխավարկած, թե ոչ։ Պիտի համադրի նաև ՄԻԵԴ-ի մի շարք դիրքորոշումների հետ»:

Aravot.am-ը Հայկ Ալումյանին փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը շարունակում է պնդել իրենց առարկությունները, մասնավորապես, որ 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ չի խախտել Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը ու հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում, որ ըստ էության, ստեղծվում է փակուղային իրավիճակ՝ անգամ լրացուցիչ ապացույցների ներկայացումից հետո, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Մեզ համար ոչ մի փակուղի չկա: Միակ փակուղին նա է, որ դատավորը կարող է չհամարձակվել ստեղծված իրավիճակում օբյեկտիվ դատական ակտ կայացնել: Ուրիշ փակուղի այս գործում չեմ տեսնում: Ակնհայտ է»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այսպիսի մտահոգությունների պատճառը, փաստաբանը պատասխանեց. «Խայտառակ վիճակը, որ այսօր տիրում է դատական համակարգի շուրջ: Ճնշումները, անհեթեթ հարձակումները հենց հատկապես սկզբունքային և չկոռումպացված դատավորների վրա»:

Գործով դատաքննությունը կիրականացվի հաջորդ դատական նիստին: Այն կանցկացվի հունիսի 15-ին՝ ժամը 16.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930