«Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ պատգամավորները Բերձորի միջանցքով չեն կարողանում մուտք գործել ԼՂ, կապ ենք հաստատել ԼՂ իշխանության եւ ՌԴ իշխանության հետ՝ բարձր մակարդակով։ Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառմամբ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ Բերձորով Արցախ մուտք գործելու արգելքին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, եւ դրանցից Արցախը զերծ պահելու համար պատգամավորների մուտքը նպատակահարմար չէ։ Իսկ մեր դիրքորոշումն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ, այսինքն՝ եռակողմ հայտարարությամբ Բերձորի միջանցքով շարժի սահմանափակում նախատեսված չէ»,-հավելեց Արարատ Միրզոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ